Հողային օդային ռեժիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողային օդային ռեժիմ, օդի հաշվեկշիռ, որ բնութագրվում է հողում օդի քանակի և կազմի պարբերական փոփոխությամբ։ Մեծ նշանակություն ունի հողի մանրէների կենսագործունեության, բույսերի աճման և զարգացման համար։ Հողային օդային ռեժիմը ջրային և սննդային ռեժիմի հետ հողի բերրիության կարևոր գործոնն է։ Հողի օդը կարող է լինել ազատ վիճակում (դատարկություններում, որոնք լցված չեն ջրով), աբսորբված (հողի մանր անցքերում), ադսորբված (հողի մասնիկների մակերևույթին) և հողի լուծույթում։ Բույսերի համար առավել կարևոր է ազատ վիճակում գտնվող օդը, որի պարունակությունը կախված է հողի ծակոտկենությունից և խոնավությունից։ Հողի օդն իր կազմով տարբերվում է մթնոլորտայինից. այնտեղ ավելի շատ են ածխաթթու գազը և ջրային գոլորշիները, թթվածնի կոնցենտրացիան վերին շերտում 0, 5—1, 5%-ով պակաս է, առանձին դեպքերում կարող են կուտակվել ծծմբաջրածին և մեթան, ինչպես նաև ցնդող կամ գազանման օրգանական որոշ նյութեր։ Թթվածինն անհրաժեշտ է բույսերի շնչառության և մանրէների կենսագործունեության համար։ Ածխաթթուն հողում առաջանում է մանրէների և հողի ֆաունայի գործունեությունից, արմատների շնչառությունից և այլ կենսաքիմիական պրոցեսներից։ Ածխաթթվի պարունակությունը կախված է հողի տիպից և մեխանիկական կազմից։ Ածխաթթվի առավել քանակը դժվարացնում է արմատների շնչառությունը։ Կենսական պրոցեսների բնականոն ընթացքը կախված է հողի աերացիայից՝ հողի և մթնոլորտային օդի գազափոխանակությունից։ Հողի վատ աերացիան (թթվածնի պակասը և ածխաթթու գազի ավելցուկը) բացասաբար է ազդում սերմերի ծլունակության և բույսերի աճի վրա, նպաստում ախտածին մանրէների զարգացմանը և ուժեղացնում վերականգնման պրոցեսները։ Հողի տարբեր տիպերն ունեն ոչ միանման օդային ռեժիմ։ Օրինակ, սևահողերը, որոնք ունեն լավ ծակոտկենություն, շատ օդ են պարունակում։ Ճմապոդզոլային և պոդզոլային հողերը, սովորաբար ծանր մեխանիկական կազմ ունեն, ոչ հավասարաչափ և ավելորդ խոնավության պայմաններում հաճախ զուրկ են օդային բնականոն ռեժիմից։ Գյուղատնտեսական բույսերի բարձր բերքի համար ջրի և օդի լավագույն փոխհարաբերությունը հողում համարվում է այն, երբ ծակոտիների 60% ֊ը լցված է ջրով, իսկ 40% ֊ը՝ օդով։ Հողային օդային ռեժիմի բարելավման հիմնական միջոցառումներն են՝ հողի ճիշտ մշակումը, պարարտացումը օրգանական նյութերով (գոմաղբ, տորֆ, կանաչ պարարտացում), կնձկանման կառուցվածքի ստեղծում, խորը վար, միջշարքերի փխրեցում, ցանքսերի փոցխում, ցամաքուրդի, չորացնող առուների կիրառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 536