Հոգևոր ասպետական միաբանություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգևոր ասպետական միաբանություններ, ասպետների ռազմա-վանական կազմակերպություններ Արևմտյան Եվրոպայում։ Ստեղծվել են XII—XIII դդ. խաչակրաց արշավանքների ժամանակ, կաթոլիկ եկեղեցու ղեկավարությամբ՝ արևելքում խաչակիրների տիրույթները պաշտպանելու և ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «անհավատների» (մահմեդականներ, հեթանոսներ) դեմ պայքարի պատրվակով Եվրոպայում նոր հողեր նվաճելու համար։ Հոգևոր ասպետական միաբանություններից էին «հյուրընկալների», «տաճարականների», Տետոնական միաբանությունները և այլն։ Միաբանության անդամները որպես վանականներ ուխտում էին լինել հնազանդ, ժուժկալ, որպես ֆեոդալ-ասպետներ կրում էին զենք, մասնակցում զավթողական արշավանքների և այլն։ Հոգևոր ասպետական միաբանությունների կառուցվածքը հիերարխիկ էր.

Միաբանության լիազորությունները[խմբագրել]

Միաբանությունը գլխավորում էր ցմահ ընտրված և պապից հաստատված մեծ մագիստրոսը։ Նրան էին ենթարկվում «պրովինցիաների» (միաբանության տեղական ստորաբաժանումներ) պետերը, մարշալները (ֆինանսներ վարողներ), կոմանդորները (ամրոցների, դղյակների պարետներ) են։ Պարգևների, զավթումների, վաշխառուական և առետրական գործարքների միջոցով միաբանությունները ձեռք էին բերում մեծ հարստություններ, դառնում խոշոր հողատերեր և հասնում տնտեսական ու քաղաքական հզորության։ Եվրոպական պետություններում կենտրոնացված իշխանության ամրապնդման հետևանքով հոգևոր ասպետական միաբանությունները կորցրեցին իրենց նշանակությունը, թեպետ նրանցից մի քանիսը (օրինակ, Տետոնական, «հյուընկալների») գոյատևում են ցայսօր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png