Jump to content

Հոգեկան վիճակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեկան վիճակներ, տևական ժամանակահատվածում հոգեկան պրոցեսների ընթացքը և նրա համեմատական կայունությունը, հոգեկան բաղադրիչների միջև փոխադարձ ամբողջականությունը։ Հոգեկան վիճակները հարաբերականորեն կայուն, ոչ ինտենսիվ և ցածր շարժունակությամբ օժտված հոգեկան երևույթներ են։ Սակայն մեծ մասամբ այդ արտաքին և ներքին պատճառները չեն գիտակցվում կամ գիտակցվում են մասամբ, և անհատը գիտակցում է միայն տվյալ վիճակը։

Հոգեվիճակը կարող է լինել գրգռված, ճնշված, ծույլ, գործուն և այլն։ Այդ բնորոշումները կարող են վերաբերել մտավոր, հուզական և գործնական ակտիվությանը։ Հոգեվիճակներ են՝ սթրեսը, խռովահույզը կամ անհանգիստ վիճակը, ֆրուստրացիան, ոգեշնչվածությունը, շփոթվածությունը, որոշակի գործունեության համար ներքին պատրաստականության վիճակը, հագեցվածությունը, սպասման վիճակ ը, լքվածության զգացումը, հանգիստ հայեցական վիճակը և այլն։ Հոգեվիճակները լինում են՝ անհատական և խմբային, մասնավորապես՝ զանգվածային (օրինակ, խուճապի վիճակը)։

Հոգեկան վիճակների մեկնաբանությունը փիլիսոփայության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 4-րդ դարում Հերակլիտը նշել է, որ «վիճակ» բառը վկայում է կայունություն և հարատևություն։ Միևնույն ժամանակ նա նշել է հոգեկան վիճակների դինամիկության, պրոցեսային բնույթի մասին և ավելացրել, որ «հոգու վիճակը» կարող է անցում կատարել մի որակից մեկ այլ որակի։ Հին հելլենիստական ժամանակաշրջանի ներկայացուցիչներից Ալկմեոնը, Էմպեդոկլեսը, Դեմոկրիտը և այլք գտնում էին, որ հոգեկան վիճակը՝ որպես մարդու հոգու վիճակ, պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով։ Իսկ Սոկրատեսը, Պլատոնը և նրանց հետևորդները գտնում էին, որ մարդու հոգու վիճակը ինդետերմինացված է։

Հին ժամանակների բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը նշում է, որ պաթոլոգիկ պրոցեսներ՝ այդ թվում նաև հոգեկանի պաթոլոգիկ վիճակը, պաշտպանական ռեակցիա է, որն ունի առաջնային նորմալ վիճակին անցնելու և կորցրած հավասա-րակշռությունը վերականգնելու ֆունկցիա։

Առավել ճշգրիտ հոգեկան վիճակները ներկայացրել է Արիստոտելը։ Նա գտնում էր, որ հոգեկան վիճակները հոգու առանձնահատուկ վիճակներ են, որոնք ձևավորվում են արտաքին ազդեցություններով։ Ավիցենան և Դեկարտը գտնում էին, որ հույզերը կապված են մարմնական փոփոխությունների հետ։ Նրանք նշում էին նաև մարդու հոգեկան վիճակների և մարմնական հիվանդությունների միջև կապը։

Հոգեկան վիճակների հատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ամբողջականություն։ Տվյալ հատկությունը դրսևորվում է նրանում, որ այս կամ այն վիճակն արտացոլում է հոգեկան բոլոր բաղադրիչների միջև կապը և բնութագրում ողջ հոգեկան գործընթացը ժամանակի որոշակի պահին։
  2. Շարժունակություն։ Հոգեկան վիճակները փոխվում են ժամանակի ընթացքում։ Դրանք ունեն սկիզբ, զարգացում, ընթացք։
  3. Հակադրություն։ Յուրաքանչյուր հոգեկան վիճակ ունի իր հակադիր վիճակը։ Օրինակ՝ հետաքրքրվածություն-անտարբերություն, առույգություն-պասիվություն, ֆրուստրացիա-տոլերանտություն և այլն։
  4. Համեմատաբար կայուն։ Հոգեկան վիճակների դինամիկությունն արտահայտվում է բավականին փոքր աստիճանով, քան հոգեկան պրոցեսների դինամիկան։

Հոգեկան վիճակների դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու հոգեկան վիճակները կարելի է բաժանել 3 մեծ խմբի՝

  1. տիպիկ-դրական (ստենիկ) վիճակներ
  2. տիպիկ-ժխտական(աստենիկ) վիճակներ
  3. մասնավոր վիճակներ[1]

Տիպիկ-դրական վիճակներից կարելի է առանձնացնել մարդու առօրյա կյանքին և գործունեության որոշակի տիպին վերաբերող վիճակներ։ Առօրյա կյանքին վերաբերող տիպիկ-դրական վիճակներից են ուրախությունը, երջանկությունը, սերը, որոնք արտահայտված են բավականին վառ նկարագրով։ Ուսուցողական կամ պրոֆեսիոնալ գործունեության մեջ առանձնացնում են հետաքրքրասիրությունը, ստեղծագործական ներշնչանքը, վճռականությունը և այլն։ Հետաքրքրասիրության վիճակը ստեղծում է մոտիվացիա գործունեությունը հաջող իրականացնելու համար։ Ստեղծագործական ոգեշնչման վիճակն իրենից ներկայացնում է ինտելեկտուալ և հուզական բաղադրիչների բարդ կոմպլեքս։ Այն պայմանավորում է գործունեության առարկայի նկատմամբ կենտրոնացումը, սուբյեկտիվ ակտիվությունը, ընկալումը, մտածողությունը։ Վճռականությունը հասկացվում է որպես որոշման ընդունման և դրա իրագործման պատրաստակամություն։ Տիպիկ-ժխտական հոգեկան վիճակներին համապատասխանում են սթրեսը, լարվածությունը, ֆրուստացիան։ Սթրեսն առավել շատ դիտարկվում է հոգեկանի հուզական դաշտում։ Եթե շեշտը դրվում է հուզական սթրես վրա, ապա այս դեպքում սթրեսը հասկացվում է որպես բացասական ազդեցությունների ռեակցիա։ Ֆրուստրացիան բացասական հուզական վիճակների ապրումն է, երբ պահանջմունքները բավարարելիս սուբյեկտը հանդիպում է անսպասելի արգելքների։ Ֆրուստրիացիայի տիպիկ ռեակցիաներից են ագրեսիան, ֆիքսացիան, դեպրեսիան և այլն։ Լարված վիճակները ևս բացասական վիճակներ են, որոնք ծագում են անձի համար դժվարին իրավիճակներում.

  • Սուբյեկտը չի տիրապետում որոշակի ինֆորմացիայի, որպեսզի կարողանա որոշում ընդունել և կառուցել իր վարքի մոդելը։
  • Մարդը գտնվում է այնպիսի վիճակում, որը առաջացնում է հակասական հույզեր։
  • Մարդն իրականացնում է բարդ գործունեություն՝ առավելագույնս իրացնելով իր հնարավորությունները;

Մասնավոր հոգեկան վիճակներից են քնի–արթնության, գիտակցության փոփոխվող վիճակները և այլն։

Հոգեկան վիճակների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. երկարատև վիճակ (տարի, ամիս)։
  2. արճատև վիճակ՝ ժամեր, րոպեներ, վայրկյաններ։
  3. Անձնային և իրավիճակային վիճակ։ Առաջին հերթին, արտացոլում են մարդու անհատական հատկությունները, երկրորդ՝ իրավիճակային առանձնահատկությունները։
  4. Ավելի խորքային և ավելի մակերեսային վիճակներ՝ կախված մարդու ապրումների ուժի ազդեցությունից և մարդու վարքից՝։
  5. Դրական և բացասական վիճակներ՝ համաձայն մարդու գործունեությանը։
  6. Շատ կամ քիչ գիտակցված վիճակներ։ Օրինակ՝ ցրվածությունն ավելի շատ ոչ գիտակցական հոգեկան վիճակ է, իսկ որոշման ընդունումը՝ գիտակցական։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дмитриева Н. Ю.‚ Общая психология‚ Москва‚ 2007г.‚ 75с

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • П.А.Сорокун. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 (ռուս.)
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.