Հիդրոտեխնիկական կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղեղային հոսքի հեռացումը Հրազդանի կիրճում

Հիդրոտեխնիկական կառույցներ, ջրային պաշարների (գետեր, լճեր, ծովեր, գրունտային ջրեր) օգտագործման կամ ջրային տարերքի քայքայիչ ազդեցության դեմ պայքարի համար նախատեսված կառույցներ։ Ըստ տեղանքի դիրքի լինում են ծովային, գետային, լճային հիդրոտեխնիկական կառույցներ։ Տարբերում են նաև վերգետնյա և ստորգետնյա հիդրոտեխնիկական կառույցներ։ Ջրային տնտեսության սպասարկվող բնագավառներին համապատասխան՝ հիդրոտեխնիկական կառույցներ լինում են ջրաէներգետիկական, մելիորատիվ, ջրատրանսպորտային, լաստառաքման, ջրամատակարարման և կոյուղու, ընդերքային ջրերի օգտագործման և այլն։ Տարբերում են ընդհանուր (ջրերի օգտագործման գրեթե բոլոր եղանակների համար) և հատուկ (ջրային տնտեսության որևէ բնագավառի համար) հիդրոտեխնիկական կառույցներ։

Հիդրոտեխնիկական կառույցների տեսակները[խմբագրել]

Ընդհանուր հիդրոտեխնիկական կառույցներ են ջրդիմհարը, ջրմուղը, ուղղորդիչը, ջրառուն և ջրնեաը։

Ջրդիմհար կառույցներ[խմբագրել]

Ջրդիմհար կառույցները նախատեսված են ճնշում կամ ջրի մակարդակների տարբերություն ստեղծելու (կառույցի առջևում և ետևում) համար։ Դրանք են. ամբարտակները (կարևորագույն ու առավել տարածված հիդրոտեխնիկական կառույցներ), որոնք պատնեշում են գետերի հունը և գետահովիտները, բարձրացնում վերին բիեֆում կուտակված ջրի մակարդակը և դամբերը։

Ջրմուղ կառույցներ[խմբագրել]

Ջրմուղ կառույցները (ջրտարներ) ջուրը տեղափոխում են նախատեսված վայրը։ Դրանք են ջրանցքները, հիդրոտեխնիկական թոնելները, վաքերը, խողովակաշարերը։ Դրանցից մի քանիսը, օրինակ, ջրանցքները, տեղաբաշխման, հաղորդակցության ուղիների հատման հետևանքով և շահագործման անվտանգություն ապահովելու նպատակով ունեն այլ հիդրոտեխնիկական կառույցներ՝ ջրանցույցներ, դյուկերներ, կամուրջներ, ջրնետներ։ Կարգավորման (ուղղորդիչ) հիդրոտեխնիկական կառույցներ փոփոխում և բարելավում են ջրի հոսքի բնական պայմանները, պաշտպանում գետի հունը և ափերը ողողումից, ջրաբերուկների նստվածքներից, սառույցի ազդեցությունից։ Գետերի հոսքը կարգավորելու նպատակով կիրառվում են նաև հոսանքուղղիչ հարմարանքներ (կիսապատնեշներ, վահաններ, դամբեր), ափապաշտպան կառույցներ, սառցուղղորդիչ և սառցարգելիչ շինվածքներ։

Ջրառու կառույցներ[խմբագրել]

Ջրառու կառույցները օգտագործում են ջրաղբյուրից ջուրը ջրատար տեղափոխելու, ինչպես նաև ջրմուղները սառույցից, ջրաբերուկներից պաշտպանելու նպատակով։

Ջրնետ կառույցներ[խմբագրել]

Ջրնետ կառույցները նպաստում են ջրամբարներից, ջրանցքներից, ճնշումայիկ ավազաններից ավելցուկային ջուրը բաց թողնելուն։ Դրանք լինում են հունային, առափնյա, մակերևութային ու խորքային և հնարավորություն են տալիս մասնակիորեն կամ ամբողջապես դատարկել ջրավազանը։ Հատուկ հիդրոտեխնիկական կառույցներ են. ջրային էներգիայի օգտագործման (հիդրոէլեկտրակայաններ, ճնշումային ավազաններ), ջրային տրանսպորտի (նավարկման շլյուզներ, նավամբարձիչներ, փարոսներ), նավահանգստային (ծովապատնեշներ, ալեբեկիչներ, պիրսեր, նավանորոգարաններ), մելիորատիվ (մայրուղային և բաշխիչ ջրանցքներ, ջրարգելակ կարգավորիչներ) կառույցները։ Որոշ դեպքերում ընդհանուր և հատուկ կառույցները համատեղվում են մեկ համալիրում (օրինակ, ջրնետը և հիդրոէլեկտրակայանի շենքը), որը միաժամանակ մի քանի ֆունկցիա է կատարում։ Ջրատնտեսական միջոցառումների ընդհանուր նպատակներով միավորված և նույն վայրում տեղադրված հիդրոտեխնիկական կառույցներ կազմում են համալիրներ՝ հիդրոհանգույցներ։ Մի քանի հիդրոհանգույցներ կազմում են ջրատնտեսային (օրինակ, էներգետիկական, տրանսպորտային, ոռոգման և այլն) համակարգեր։ ժողովրդական տնտեսության համար ունեցած նշանակության համապատասխան ԱՍՀՄ-ում հիդրոտեխնիկական կառույցներ ըստ կապիտալության բաժանվում են 5 դասի։

Ըստ այդ դասերի նախագծերում նշում են հիդրոտեխնիկական կառույցների հուսալիության աստիճանը՝ ամրության և կայունության պաշարները, սահմանում ջրի առավելագույն ծախսերը, շինանյութերի որակը ևն։ Ըստ հիդրոտեխնիկական կառույցների կապիտալության դասերի է որոշվում նաև որոնողա-հետախուզական, նախագծային և հետազոտական աշխատանքների ծավալը։ Հիդրոտեխնիկական կառույցների բնորոշ առանձնահատկությունները կապված են այդ կառույցների ջրային հոսքի, սառույցի, ջրաբերուկների, մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ գործոնների ներգործության հետ։ Հիդրոտեխնիկական կառույցների կառուցման համար, առավելապես օգտագործվում են միաձույլ և հավաքովի-միաձույլ, հազվադեպ՝ հավաքովի և տիպային կոնստրուկցիաներ։ Հիդրոտեխնիկական կառույցների կատարելագործումը կապված է հիդրոտեխնիկայի, հատկապես կառույցների և դրանց հիմնատակերի վրա ջրի ներգործության (հոսքերի և կառույցների հիդրավլիկա, ֆիլտրում) տեսական ու փորձարարական հետազոտությունների հետագա զարգացման, որպես հիմնատակեր և շինանյութեր (գրունտների մեխանիկա, ինժեներային երկրաբանություն) ժայռոտ և ոչ ժայռոտ գրունտների ուսումնասիրման, կառուցման ժամանակի և միջոցների ավելի քիչ ծախս պահանջող հիդրոտեխնիկական կառույցների նոր տիպերի և կոնստրուկցիաների (թեթևացված բարձրաճնշումային պատվարներ, մակընթացային ՀԷԿ-եր և այլն) մշակման հետ։

Հիդրոտեխնիկական կառուցվածքների տիպերը[խմբագրել]

  • Պատվարներ - դրանք դիմհարային կառուցվածքներ են պատերի տեսքով, որոնք կառուցվում են գետերի հուներում, արգելափակելով գետի հունը, իր վերևի մասում ստեղծելով դիմհար` ջրամբարի տեսքով։
  • Հիդրոէներգետիկ կառուցվածքներ, որոնք բաղկացած են ջրանցքից, որը ջուրը վերցնում է ջրի աղբյուրից, մոտեցնում է ճնշումային ավազանին, այնտեղից ճնշումային խողովակներով մեծ ճնշման տակ իջեցվում է ՀԷԿ-ի շենքին, որտեղ տեղադրվում են տուրբինները, որոնց օգնությամբ հեղուկի էներգիան վեր է ածվում տուրբինի լիսեռի պտտման էներգիայի և գեներատորի օգնությամբ էլ էլեկտրաէներգիայի։
  • Ափապաշտպան կառուցվածքներ, որոնց օգնությամբ պաշտպանում են գետերի հունը և ափերը ողողումներից։
  • Բարելավող համակարգեր - բաղկացած են ջրի աղբյուրից, մայր ջրանցքից, ներտնտեսային ջրանցքներից, շլյուզներից, ջրաչափական դիտակետերից և այլն։

Հայկական ՍՍՀ հիդրոտեխնիկական կառույցներ[խմբագրել]

ՀՍՍՀ առաջին հիդրոտեխնիկական կառույցներն էին՝ Շիրակի ջրանցքը (1925), Լենինականի հիդրոէփկտրակայանը, Երևանի հիդրոէԼեկտրակայանները։ Կիրովականի և Ալավերդու արդյունաբերությունը էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով 1928—32-ին Դեբեդի ձորի զառիվեր լանջին կառուցվել է Մ. Տեր-Գաբրիելյանի անվ. Ձորագետի հիդրոէլեկտրակայանը։ Հայաստանում «մեծ էներգետիկայի» արմատավորումը սկսվեց 1930-ին՝ Հ. Աստվածատրյանի անվ. Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի կառուցումով, որը Սևան— Հրազդան կասկադի վեց ՀԷԿ-երից 5-րդ կայանն է։ Որոտանի կասկադի երեք կայաններից Տաթեի հիդրոէչեկտրակայանը սկսել է գործել 1971-ին, իսկ Շամբի հիդրոէլեկտրակայանը 1978-ին (3-րդ՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը կառուցման ընթացքում է)։ Ոռոգման համակարգերի խիտ ցանցով են ծածկված ՀՍՍՀ չորային շրջանները։ 1927-ին Այղր լճի ափին բազալտից կառուցված ջրմուղ կայանը (ճարտ.՝ Ա. Թամանյան) զուսպ ճարտարապետական ձևերի, համամասնությունների շնորհիվ ներդաշնակված է բնավայրին։ Պլաստիկ արտահայտչականությամբ առանձնանում են՝ Կոտայքի (1947, ճարտ.՝ Դ. Մուշեղյան), Մևջրի և Գետափ֊-Աղավնաձորի (առաջինը՝ 1960, երկրորդը՝ 1962, ճարտ-ներ՝ Ս. Մարգարյան, Ա. Մարաիրոսյան), Նոյեմբերյանի (1965, ճարտ-ներ՝ Մ. Մարգարյան, Տ. Հակոբյան, ինժեներներ՝ Ֆ. Հարությունյան, Գ. Նշանյան), Մխչյանի (1968, ճարտրտարապետներ՝ Մ. Մարգարյան, Ա. Մկրտչյան, ինժեներներ՝ Ա. Մարտիրոսյան, Գ. Նշանյան), Արևշատի (1967> ճարտ-ներ՝ Գ, Պեարոսյան, Վ. Մնացականյան, ինժեներ՝ Գ. Նշանյան), Խաչիկ գյուղի (1979, ճարտ.՝ Ա. Մարգարյան, ինժեներներ՝ Ա. Մարտիրոսյան, Մ. Փիլոյան) և այլ տուֆակերտ ջրմուղ կայանները։ ճարտարապետորեն մեծարժեք է Երևանում, Հրազդանի վրա կառուցված հնգաթռիչք ջրանցույցը (1950, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան, ինժեներ՝ Գ. Եղիյան)։ ՀՍՍՀ-ի հիդրոտեխնիկական կառույցների ճարտարապետությանը բնորոշ է ներդաշնակվածությունը բնավայրին, ինքնատիպությունը և գեղարվեստական արտահայտչականությունը, որոնք ձեռք են բերվել բարեհնչուն համամասնությունների, բնական քարի և շարվածքի ձևի, նաև ճակատների ճշմարիտ և բանական, կառույցի նշանակությանը համապատասխան մեկնաբանության շնորհիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png