Հեծան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեծան, գլխավորապես ծռման տակ աշխատող, սովորաբար չորսուի տեսքով կառուցվածքային տարր։ Այն լայնորեն օգտագործվում Է շինարարության և մեքենաշինության մեջ. շենքերի, կամուրջների, ուղանցների, մեքենաների, հաստոցների կոնստրուկցիաներում։ Հեծանների սխեմաներ պատրաստվում Է հիմնականում երկաթբետոնից, մետաղից և փայտից։ Ըստ հենարանների թվի և հենարանային միակցումների բնույթի տարբերում են միահենամեջ, բազմահենամեջ, բարձակային, ամրակցած ծայրերով, խզովի, անխզովի, իսկ ըստ լայնական հատվածքի՝ ուղղանկյունաձև, տավրային, երկտավրային, արկղաձև հեծաններ։ Հեծանը կարող Է ունենալ հաստատուն կամ փոփոխական չափերով հատվածքներ, որը կատարվում Է հեծանի զանգվածը փոքրացնելու համար։ Տարբերում են հիմնական (երկայնական) և օժանդակ (լայնական) հեծաններ։ Երկայնական և լայնական հեծանների համակարգն անվանում են հեծանավանդակ։ Երկաթբետոնե հեծանները պատրաստվում են միաձույլ (հիմնականում բազմահենամեջ՝ անխզովի, ուղղանկյունաձև կամ տավրային հատվածքով) և հավաքովի (առավելապես միահենամեջ՝ ուղղանկյունաձև, տավրային, երկտավրային և այլ հատվածքներով)։ Մետաղական հեծանները գլխավորապես կիրառվում են մեծ բեռնվածքների դեպքում։ Առավել արդյունավետ են երկտավրային և արկղաձև հատվածքով մետաղական հեծանները։ Փայտե հեծանները (միահենամեջ և խզովի կոնստրուկցիաների տեսքով) ծառայում են սովորաբար ոչ մեծ հենամեջեր ծածկելու համար։ Դրանք պատրաստվում են տախտակներից, չորսուներից, գերաններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png