Հայկ Խանլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Խանլարյան
Ծնվել է1900
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվար 1962
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան (1918) և Երևանի պետական համալսարան (1922)
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Հայկ Միքայել Խանլարյան (1900, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվար 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խանլարյանը ծնվել է 1900 թվականին Շուշիում, 1-ին գիլդիայի վաճառական Միքայել Խանլարյանի և տնային տնտեսուհի Ալիսա Վարունցի ընտանիքում։ Ունեցել է 7 եղբայր և 3 քույր։ 1908-1918 թվականներին սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, 1920-1922 թվականներին՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1922-1925 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտում։ 1925-1930 թվականներին աշխատել է Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի հոգեբուժական կլինիկայում՝ պրոֆեսոր Վ. Գիլյարովսկու ղեկավարությամբ։ 1927 թվականի մարտի 2-ին Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի նյարդաբուժական և հոգեբուժական կլինիկաների միացյալ գիտաժողովում հանդես է եկել «Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին» զեկույցով։ 1930-1941 թվականներին ապրել է Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի Պոկրովսկոյե-Մեշչերսկոյե ավանում և աշխատել տեղի Վ. Յակովենկոյի անվան թիվ 2 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ նախ որպես օրդինատոր, ապա՝ գլխավոր բժիշկ։ 1934 թվականի նոյեմբերի 11-ին Վ. Յակովենկոյի անվան հոգեբուժական հիվանդանոցի գիտաժողովում և դեկտեմբերի 1-ին Մոսկվա մարզային առողջապահության վարչության Փսիխոնևրոլոգիայի և փսիխոհիգենայի ինստիտուտում հանդես է եկել «Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին» զեկույցով։ 1941-1962 թվականներին աշխատել է Մոսկվայի թիվ 1 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես օրդինատոր, գլխավոր բժիշկ։ 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում եղել է թիկունքի հոսպիտալների հոգեբույժ-խորհրդական։ Ունեցել է բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում։ Եղել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչը, Մոսկվայի Կրեմլյան հիվանդանոցի հոգեբույժ-խորհրդական։ Աշխատել է պրոֆեսոր Ե. Կրասնուշկինի հետ միասին։

Գիտական աշխատանքները վերաբերում են ցնորքներով, վերաբերման զառանցանքով, հոգեշարժական գրգռվածությամբ ուղեկցվող գիտակցության մթնշաղային վիճակների կլինիկային, արյան փոխներարկման միջոցով հոգեկան հիվանդությունների բուժման խնդիրներին։

Հեղինակ է տարբեր գիտական հոդվածների և մեկ մենագրության։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1962 թվականի հունվարին, Մոսկվայում։ Աճյունասափորը թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին, Մոսկվա, 1927։
  • Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին։ Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 3, Մոսկվա, 1936, 105-131։
  • Պիկի հիվանդության մասին ուսմունքի վերաբերյալ։
  • Շիզոֆրենիան ինսուլինով բուժելու փորձը մեծ հոգեբուժական հիվանդանոցում։ Կենտրոնական հոգենևրոլոգիական ինստիտուտի 9-րդ գիտական նստաշրջանը «Շիզոֆրենիայի բուժումը» թեմայով, զեկուցումների թեզիսները, Խարկով, 1938։
  • Հոգեկան հիվանդների բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1945։
  • Շիզոֆրենիայի բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1946։
  • Դեպրեսիվ վիճակների բուժման և դասակարգման մասին։ Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 10, Մոսկվա, 1950։
  • Այլախումբ արյուն ներարկելու ժամանակ հոգեհիվանդների մոտ մազանոթային արյունաշրջանառության դինամիկայի մասին (համահեղինակ)։
  • Հոգեկան հիվանդությունների հեմոթերապիայի հարցերը պրոֆեսոր Լ. Ռոխլինի խմբագրությամբ, Մոսկվա, 1959, 56 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։