Հայերը Հռոմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմ

Հայերը Հռոմում։ Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 1-ին դարից։ Մ.թ. 65 թվականին Հայոց թագավոր Տրդատ Ա շուրջ 3 հազարանոց շքախմբով այցելել է Հռոմ՝ Ներոն կայսեր կողմից թագադրվելու։ 5-րդ դարի Հռոմում մեծ հռչակ է վայելել հայազգի հռետոր Պարույր Հայկազնը (որի պաավին Հռոմում հուշարձան է կանգնեցվել)։ 552 թվականին բյուգանդական զորքերի հայազգի հրամանատար, Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը Հռոմը ազատագրել է գոթերից, այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել՝ կառուցելով «Սալարեան» կամուրջը (արձանագրություններում հիշատակված է եղել նրա անունը)։ Ավանդությունը Նարսեսին է վերագրում նաև «Կիլիկյան» վանքի շինարարությունը։ 7-րդ դարում Հռոմում գոյություն է ունեցել հայկական մի վանք, որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649 թվականի Լատերանի ժողովին։ 11-րդ դարում Հռոմում կար Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի, կից՝ վանք և կացարան։ Հայերի անունով է կոչվել մի թաղամաս։ 13-14-րդ դարերում Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իաալահայ մյուս համայնքները ստվարացել են։ Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ 12-14-րդ դարերում Հռոմի հայ գաղութի համար եղել է մշակույթի ծաղկման շրջան, օրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, 1584 թվականին լույս է տեսել Հռոմում տպագրված առաջին հայերեն գիրքը Հովհաննես Տերգընցու և Սուլթանշահ Թոխաթեցու «Տոմար Գրիգորյանը»։ 1883 թվականին հիմնադրվել է Լևոնյան հայ վարժարանը, որը կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց է։ 19-րդ դարի առաջին կեսին Վենեսփկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցիչներն են ունեցել Հռոմում, իսկ 1922 թվականից՝ նաև ուսանողական մի կացարան՝ Հռոմի համալսարան հաճախող իրենց ուսանողների համար։ 19-րդ դարում (մինչև 1870-ական թվականներին) Հռոմում իր ներկայացուցիչներն է ունեցել նաև Անսանյան հայ կաթոլիկ վանականների միաբանությունը, որը հետագայում դադարել է գոյություն ունենալուց։ 1966-1967 թվականներին Հռոմի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ (պրոֆեսորներ Գեզա Ֆրանկովիչը, Ֆեռնանդա դե Մաֆֆեին, Պաոլո Կունեոն, ճարտարապետ Հերման Վահրամյանը) սկսել են զբաղվել հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ, կատարել բազմաթիվ գիտարշավներ Արևմտյան Հայաստանի տարածքներ և Հայաստանի Հանրապետություն։ 1968 թվականին Հռոմում կայացել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված առաջին ցուցահանդեսը, իսկ վերը նշված խումբը լույս է ընծայելհայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն։ 1988 թվականին Պապո Կունեոն հրատարակել է հայ ճարտարապետական հուշարձանների ընդարձակ մի ուսումնասիրություն և ցուցակ, որը բովանդակում է 500-ից ավելի հուշարձանների նկարագրություն։ Հայաստան։ 1976 թվականին հիմնվել է Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը։ 1986 թվականին Հակոբիկ և Արմեն Մանուկյան եղբայրները Հերման Վահրամյանի և Լյուդվիգ Բազիլի հետ Միլանում հիմնել են OEMME հրատարակչությունը։ 1991 թվականին հրատարակչությունն ու Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը Մխանից տեղափոխվել են Վենետիկ։ 1992 թվականից գործում է «Ստեփան Սրապյան» բարեգործական հիմնարկությունը (նախագահ՝ Արտավազդ Սրապյան), որի նպատակն է նպաստել հայ մշակութային ձեռնարկումներին։ Ներկայումս (2003) Հռոմում բնակվում է շուրջ 300 հայ (այս թիվն ավելանում է Հռոմի բուհերն ուսանելու եկած հայ երիտասարդների հաշվին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։