Համուս, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսյան (Սև) լեռների շրջանում, Թիլ Համդունի և Սարվանդիքարի միջև, բարձր ժայռի վրա։ Սմբատ Սպարապետը 11-րդ դարում հիշատակում է «Պարոն Արեգ տէր Համուսայի»։ 12-րդ դարի առաջին կեսին Համուսը գրավել են բյուզանդացիները։ 1165 թվականի օգոստոսին Համուսի հույն դուկը, բերդի ստորոտում գտնվող Սոսյաց անտառում խնջույքի հրավիրելով Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեին, դավադրաբար հեղձամահ է արել եռացրած ջրով լեցուն կաթսայում. այդ առիթով հայկական զորքերը կոտորել են հույներին և ազատագրել Համուսը։ 1259 թվականին Համուսի բերդատեր է հիշվում Սմբատ Սպարապետի փեսան՝ իշխան Վահրամը։ 1266 թ.-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը պաշարել են Համուսը, բայց գրավել չեն կարողացել։ 1269 թվականին ավերվել է երկրաշարժից։ Մինչև 20-րդ դարի սկիզբը, Համուսի շրջակայքի հայերը Սոսյաց անտառի աղբյուրի մոտ, ամեն տարի Զատկի տոնի 2-րդ օրը (մեռելոց) նշել են Ստեփանեի եղերական մահվան հիշատակը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 120)։