Համլետ Հարությունյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Հարությունյան (այլ կիրառումներ)
Համլետ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել է1948 սեպտեմբերի 24
ԾննդավայրԼճաշեն, Գեղարքունիքի մարզ
Մահացել էհուլիսի 5, 2020(2020-07-05) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎՊՀ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1991)
Մասնագիտությունպատմաբան

Համլետ Մալխասի Հարությունյան (սեպտեմբերի 24, 1948(1948-09-24), Լճաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 2020(2020-07-05), Երևան, Հայաստան), պատմական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Հարությունյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 25-ին ՀԽՍՀ Սևանի շրջանի Լճաշեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ 1954-1966 թվականներին սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ 1973 թվականին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Նա 1969-1978 թվականներին Սևանի շրջանի Գեղամավան և Լճաշեն գյուղերի միջնակարգ դպրոցներում աշխատել է որպես պատմության ուսուցիչ, ապա՝ ուսումնական մասի վարիչ։ 1978 թվականի հունիս-դեկտեմբերին որպես ավագ գիտաշխատող աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում։ 1978 թվականի դեկտեմբերին աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնում, իսկ 1979 թվականին տեղափոխվել ինստիտուտի Նորագույն պատմության բաժին (այն ժամանակ կոչվում էր Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պատմության բաժին), որտեղ աշխատել է մինչև մահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Գավառի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ[1]։ 2003-2005 թվականներին կատարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայաստանի Հանրապետության առաջին պատմության բաժնի վարիչի պարտականությունները, 2010 թվականի հուլիսից եղել է ինստիտուտի Նորագույն պատմության բաժնի վարիչ։ Եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի Գիտական խորհուրդների, ՀՀ ԲՈՀ«Հայոց պատմության» մասնագիտական խորհրդի անդամ։

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Հարությունյանը 1982 թվականին պաշտպանել է «Հայկական ԽՍՀ բանվոր դասակարգը սոցիալիզմի ամրապնդման և զարգացման ժամանակաշրջանում. քանակը, կազմը, ստեղծագործական ակտիվությունը» խորագրով թեկնածուական ատենախոսություն, իսկ 1991 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանի բանվոր դասակարգը 1940-1950-ական թվականներին» թեմայով։ 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Համլետ Հարությունյանը ուսումնասիրություններ է հրատարակել հին և միջին դարերի, նոր և նորագույն ժամանակաշրջանների տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։ Այդուհանդերձ, նրա գիտական վաստակը մեծապես դրսևորվել է Հայաստանի 20-րդ դարի պատմության ուսումնասիրության բնագավառում՝ ՀԽՍՀ բանվոր դասակարգ, ժողովրդագրական գործընթացներ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Նոր Բայազետի գավառի պատմություն և այլն։ Հեղինակ է հինգ մենագրության և տասնյակ հոդվածների։

Խորհրդային Հայաստանի բանվոր դասակարգի պատմությանը նվիրված նրա մենագրությունները «Հայկական ՍՍՀ բանվոր դասակարգը սոցիալիզմի ամրապնդման և զարգացման ժամանակաշրջանում (քանակը, կազմը)» (1983, 158 էջ), «Սովետական Հայաստանի բանվոր դասակարգը 1938-1960 թվականներին (1987, 245 էջ) խորհրդային ժամանակաշրջանով զբաղվող մասնագետների համար կարևոր ու օգտակար են նաև այսօր։

Աշխատությունները վերաբերում են ՀԽՍՀ սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և սոցիալ-դասակարգային հիմնահարցերին, նաև ՀՀ (1918-1920) պատմությանը[2]։

Արցախյան հարցի վերազարթոնքի և հատկապես Արցախյան պատերազմի շրջանում հայ պատմագիտության համար առանցքային խնդիր էր հիմնահարցի համակողմանի ուսումնասիրությունը և քարոզչական դաշտում ադրբեջանական կեղծիքների բացահայտումը։ 1980-ական թվականների վերջերից հայ պատմաբանները բազմաթիվ ուսումնասիրություններ են հրատարակել Արցախի պատմության վերաբերյալ։ Դրանց շարքում կարևոր տեղ ունի Համլետ Հարությունյանի «Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թվականներին» (1996, 299 էջ) մենագրությունը, ուր լուսաբանված է այդ ժամանակահատվածում Արցախում հայկական իշխանության մարմինների ձևավորումը, երկրամասի հայության համագումարները, թուրք և ադրբեջանցի նվաճողների դեմ համառ պայքարը, Անտանտի տերությունների ու Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու գործընթացը։ Պատմաբանների կողմից այս աշխատությունը, իրավամբ, համարվում է Արցախյան թեմատիկայով հայրենական պատմագիտության առանցքային ուսումնասիրություններից մեկը։

Համլետ Հարությունյանը ձեռնամուխ է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի ամբողջական պատմության ուսումնասիրմանը։ Արդեն հրատարակվել են հեղինակի «Նոր Բայազետի գավառը 1828-1913 թվականներին» (2008, 294 էջ) և «Նոր Բայազետի գավառը 1914-1920 թվականներին» (2012, 434 էջ) հիմնարար մենագրությունները, որտեղ աղբյուրագիտական հարուստ նյութի օգտագործմամբ ներկայացված է գավառի պատմությունը՝ սկսած Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրությանը միանալուց մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության կործանումը։ Հարությունյանն անդրադառնում է գավառի վարչատարածքային փոփոխություններին, բնակչության տեղաշարժերին, ազգային և դավանական կազմին, սոցիալ-տնտեսական վիճակին, կրթամշակութային և հոգևոր կյանքին, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ արևմտահայ փախստականների ու որբերի՝ գավառում տեղավորման, նրանց խնամքի կազմակերպման աշխատանքներին։ Այս խնդիրները լուսաբանվում են Արևելյան Հայաստանի, հաճախ նաև Անդրկովկասի պատմության համապատկերի վրա։ Այժմ Համլետ Հարությունյանը հրատարակության է պատրաստում «Նոր Բայազետի գավառը |Նոր Բայազետի գավառը 1920-1930 թվականներին» մենագրությունը, ուր լուսաբանվելու է գավառի՝ Հայաստանի խորհրդայնացմանը հաջորդող շրջանի պատմությունը՝ մինչև գավառների փոխարեն շրջանների ստեղծումը։ Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել շուրջ մեկ տասնյակ երիտասարդներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՀՍՍՀ բանվոր դասակարգը սոցիալիզմի ամրապնդման և զարգացման ժամանակաշրջանում», Երևան, 1983։
  • «Հայաստանի բանվոր դասակարգը (1938-1968 թթ.)», Երևան, 1987։
  • «Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ.», Երևան, 1996։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ամբիոնի վարիչ`պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մալխասի Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Ղազախեցյան, Համո Սուքիասյան «Սկզբունքային պատմաբանը (պրոֆ. Համլետ Մալխասի Հարությունյանի ծննդյան 65-ամյակը)», Պատմաբանասիրական հանդես №1, 2014 թ․, էջ 290-292, ISSN 0135-0536