Հակահեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակահեղափոխություն, հետադիմական հասարակական պրոցես, որի ժամանակ հեղափոխության, շնորհիվ իշխանությունից զրկված (զրկվող) դասակարգերը փորձում են վերականգնել կամ պահպանել իր դարն ապրած հասարակարգը։ Հակահեղափոխությունը տրամագծորեն հակառակ է հեղափոխությանը։

Պատմության ողջ ընթացքը հաստատում է, որ տիրապետող դասակարգը երբեք կամովին չի զիջում իշխանությունը, այդ իսկ պատճառով էլ ամեն մի հեղափոխության անխուսափելիորեն ուղեկցում է հակահեղափոխության այս կամ այն դրսևորումը։ Իր զարգացմամբ արդեն, նշել է Կ. Մարքսը, հեղափոխությունը ծնում է հակահեղափոխություն։ Հեղափոխության և հակահեղափոխության հակամարտությունը դասակարգային պայքարի օբյեկտիվ օրինաչափությունն է, և յուրաքանչյուր առանձին դեպքում այդ հակամարտության ելքը նախապես հայտնի չէ, այն կախված է հակամարտ կողմերի ուժերի հարաբերակցությունից, հակառակորդին ճիշտ որոշելու և ուժերը համախմբելու նրանց կարողությունից, հաճախ նաև արտաքին միջամտությունից։ Երբեմն հակահեղափոխությունը հաղթում է, և հեղափոխությունը պարտվում (1848-1849 թվականների հեղափոխությունը Գերմանիայում, 1871 թվականի Փարիզի կոմունան, 1930-ական թվականներին դեմոկրատական հեղափոխությունը Իսպանիայում, 1970-ական թվականների սկզբի դեմոկրատական հեղափոխությունը Չիլիում)։ Ռեստավրացիան երբեմն լինում է լրիվ, այսինքն՝ ամբողջությամբ վերականգնվում է հեղափոխությունից առաջ գոյություն ունեցած կացութաձևը։ Երբեմն հեղափոխական ցնցումն այնքան ուժեղ է լինում, որ թեև տեղի է ունենում վերադարձ դեպի նախկին կացութաձևը, բայց տվյալ երկրի կառավարման համակարգում պահպանվում են հեղափոխությամբ ձեռք բերված առաջադիմական տեղաշարժերը։ Իսկ երբ հակամարտ դասակարգերի պայքարում հետադիմական ուժերը ջախջախվում են, ապա հաղթում է հեղափոխությունը, ինչպես, օրինակ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը 1917 թվականին, հեղափոխությունները Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում 1940-ական թվականներին, Կուբայում՝ 1959 թվականին։

Հակահեղափոխությունը դրսևորվում է տարբեր ձևերով՝ զինված դիմադրություն, քաղաքացիական պատերազմ, խռովություններ, դավադրություններ, սաբոտաժ և դիվերսիա, օտարերկրյա ներխուժում, շրջափակում։ Հակահեղափոխության սոցիալական բազան ամենից առաջ տապալված հետադիմական շահագործողական դասակարգերն են։ Հակահեղափոխությունն օգտվում է նաև հեղափոխական դասակարգերի և կուսակցությունների սխալներից։ Հակահեղափոխությանը հաղթելու համար անհրաժեշտ է ժամանակին նրան զրկել իր ազդեցության աղբյուրներից (ունեցվածքի բռնագրավում), մեկուսացնել մասսաներից (ազատազրկում կամ արտաքսում երկրից)։ Դրանք ձեռք են բերվում Հակահեղափոխության օջախները վերացնելու համար հեղափոխական ուժերի վճռական, համարձակ և արագ գործողությունների, հեղափոխական արմատական վերափոխումների իրականացման շնորհիվ։ Պատմական լայն հեռանկարով բոլոր Հակահեղափոխությունները դատապարտված են պարտության, քանի որ հակասում են պատմական անհրաժեշտությանը։ Սակայն, նրանք կարող են ժամանակավորապես կասեցնել, դանդաղեցնել հասարակության առաջընթացը։ Հեղափոխական մեծ վերափոխումների արդի դարաշրջանում իմպերիալիզմն անսքող դիմում է հակահեղափոխության արտահանման քաղաքականության։ Սոցիալիստական երկրները, համաշխարհային բանվորական ու կոմունիստական շարժումը վճռականորեն պայքարում են դրա դեմ, բազմատեսակ աջակցություն ցույց տալիս զինված ագրեսիայի զոհերին, հեղափոխական զարթոնք ապրող ճնշված ժողովուրդների պայքարին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png