Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ-ն) կորպորատիվ ինքնակարգավորման ձև է, որն ինտեգրվում է ռազմավարական բիզնես ծրագրի մեջ։ Այն անվանվում են նաև “կորպորատիվ խիղճ”, “սոցիալական դիրքի ներկայացում”, “պատասխանատվության վրա հիմնված կենսունակ ձեռներեցություն” և այլն։

Որպես կազմակերպության ռազմավարության տարր ԿՍՊ-ն ինքնակարգավորման հնարավորություն է ապահովում՝ օգնելով վերահսկել ծավալվող ձեռնարկչատիրական գործունեությունը և վարել այն օրինական դաշտի ոգուն, էթիկայի նորմերին և միջազգային ստանդարտներին համահունչ կերպով։ ԿՍՊ-ը նպատակ է հետապնդում պատասխանատվություն ստանձնել կազմակերպության կողմից ընդունվող որոշումների և կատարվող քայլերի հանդեպ և օժանդակել այնպիսի քայլերի և միջոցառումների իրականացմանը, որոնք դրական ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վիճակի վրա, ինչպես նաև սպառողների, աշխատողների, համայնքների և առհասարակ բոլոր այն հետաքրքրված կողմերի վրա, որոնք որոշակի առնչություն ունեն այն ոլորտների հետ, որոնցում կազմակերպությունը ծավալում է իր գործունեությունը։

ԿՍՊ-ով ուղղորդվող ձեռներեցությունը միտված է ակտիվորեն պաշտպանել հասարակական շահերը և գործել դրանց օգտին՝ աջակցելով համայքների բարգավաճմանն ու զարգացմանը և ինքնակամորեն հրաժարվելով այնպիսի գործունեությունից, որը կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով հնարավոր վնասներ կարող է հասցնել շրջակա միջավայրին կամ ներգրավված հասարակությանը։ Ընդ որում, այդպիսի ինքնակասեցնող քաղաքականությունը վերաբերում է նաև այնպիսի դեպքերին, երբ իրավական տեսանկյունից վնասաբեր գործունեության դիմաց պատժամիջոցներ չեն նախատեսվում։

ԿՍՊ-ը հասարակական շահերը կորպորատիվ իրականության և իրականացվող որոշումների նախապայմանների մեջ գիտակից ընգրկելու որոշումն է, այդպիսի շահերի սահմանումը որպես կազմակերպության առաջնային սկզբունք և նպատակ՝ որպես երեք հիմնասյուներ կարևորելով մարդկանց, երկրագունդը և ստացվող շահույթը[1]։

Որպես նոր հասկացություն “կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն”-ը առաջացել է 1960-70-ական թվականներին՝ բազում վերազգային կազմակերպությունների ձևավորումից հետո։ 1984թ.-ին Ռ. Էդվարդ Ֆրիմենի “Ռազմավարական մենեջմենթ՝ սթեյքհոլդերային մոտեցում”[2] գրքի հրատարակումից հետո սկսեց օգտագործվել նաև “ստեյքհոլդեր” (stakeholder) հասկացությունը, որն՝ ի տարբերություն “բաժնետերերի”, ավելի ընդգրկուն էր և վերաբերում էր բոլոր նրանց, ում համար նշանակալից է լինելու կազմակերպության ծավալած գործունեությունը[3]։

ԿՍՊ կողմնակիցները որպես փաստարկ օգտագործում են այն գաղափարը, որ հեռանկարային տեսանկյունից կազմակերպություններին ավելի նպատակարմար է առաջնորդվել այդպիսի սկզբունքներին համաձայն։ Հակառակորդների կարծիքով այդ ամենը ոչ ավել բան է, քան լոկ ցուցադրական ներկայացում և վերազգային կազմակերպությունների հնար պետական վերահսկիչ մարմինների ուշադրությունից ձերբազատվելու համար։

ԿՍՊ-ը իրենից ներկայացնում է նաև խորհրդատվական բնույթի նորմերի մի ամբողջություն, որը կոչված է ուղղորդել կազմակերպություններին սպառողների համար առավել արդյունավետ լինելու գործում։ Բարգավաճման բիզնես էթիկան կիրառական էթիկայի ճյուղերից մեկն է, որը դիտարկում է էթիկական բնույթի այն հնարավոր խնդիրներն ու երկընտրանքները, որոնք կարող են ծագել ձեռնարկչատիրական գործունեության ընթացքում։ ISO 26000-ը միջազգային ճանաչում ունեցող այդպիսի ստանդարդ է, որը լույս է տեսել 2010թ.-ի Նոյեմբերի 1-ին և կոչված է ուղղորդել կազմակերպություններին դեպի արդյունավետ և փոխշահավետ գործունեություն[4]։ Հասարակական կառույցները (որոնցից է, օրինակ, ՄԱԿ-ը) նույնպես հղվում են կորպորատիվ պատասխանատվության երեք հիմնասյուներին։

Պատկերացումները[խմբագրել]

Որոշ վերլուծաբաններ նշում են որ մայրցամաքային եվրոպայի և անգլոսաքսոնական մոտեցումները ԿՍՊ հանդեպ տարբերվում են։ Չնայած անորոշություններ ու տարբերություններ կան նաև արևմտյան երկրների միջև։

Առավել տարածված և ընդունված է մոտեցումը, որը նախատեսում է համայնքային նորարարությունների և զարգացման ծրագրերի ներմուծումը։ Նման պայմաններում կազմակերպությունները տեղային մարմիններին օգնում են զարգանալ և առաջընթաց ապրել և միաժամանակ բարելավում են սեփական հմտությունները, ձեռք են բերում նոր կոմունիկացիոն փորձ և բարի համբավ տարածաշրջանում։ Նման կերպ է գործում, օրինակ, Shell հիմնադրամը (Shell Foundation)՝ ներգրավվելով Ծաղկադաշտում (Flower Valley) իրականացվող միջոցառումներին հարավային Աֆրիկայում։ Այնտեղ կրթական կենտրոններ են հաստատվում ինչպես տեղական համայնքների երեխաների, այնպես էլ մեծահասակների ուսուցանման համար։

Ավելի տարածված մոտեցում է բարեգործական գործունեության իրականացումը, որի շրջանակներում կազմակերպություններն իրենց անունից դրամական հատկացումներ և օգնություն են տրամադրում զարգացող երկրների տարածաշրջանային կազմակերպություններին և աղքատ համայնքներին։ Այս մոտեցումը քննադատվում է այն առումով, որ տեղական հասարակությանը զարգանալու համար իրական հանրավորություննրե և պայմաններ չեն ապահովվում, և նրանք արդյունքում չեն կարողանում բարելավել իրենց կարգավիճակը և դրանից բացի կախվածության մեջ են ընկնում տրամադրվող օգնությունից։

Մեկ այլ մոտեցում է ԿՍՊ սկզբունքների անմիջական կիրառումը բիզնես-գործունեության մեջ։ Որպես օրինակ կարող է ծառայել Ազնիվ Առևտրի գաղափարի կիրառումը, որն այսօրվա դրությամբ ընդունվել է միջազգային առևտրով զբաղվող բազում կազմակերպությունների կողմից։

Հնարավոր քաղաքականություն է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի տարածումը և արդյունքում առաջացող փոփոխություններից օգտվելը։ Նման մոտեցումն անվանվում է Միասնական Արժեքի Ստեղծում (Creating Shared Value) և հիմնվում է այն հաստատման վրա, որ ձեռնարկչատիրությունների գործունեության արդյունավետությունը և հասարակության բարենպաստության մակարդակը փոխկապակված են։ Ձեռնարկչատիրությունն ունի որակավորված և լավ կրթված մարդկային ռեսուրսների կարիք, որպեսզի ի վիճակի լինի ապահովել իր մրցունակությունը։ Մյուս կողմից, հասարակության բարգավաճման համար բարենպաստ պայմաններ պետք է լինեն ձեռնարկչատիրության համար և կայուն ու առողջ տնտեսական համակարգ պետք է լինի ձևավորված, որպեսզի հնարավոր լինի իրականացնել բարեգործություն առանց վնասներ ունենալու։

ԿՍՊ գաղափարներին լուրջ ուշադրություն է դարձվել մրցակցային ռազմավարությունների գծով առաջատար մասնագետ և Հարվարդի Բիզնես Դպրոցի (Harvard Business School) Ռազմավարության և Մրցունակության Համալսարանի (Institute for Strategy and Competitiveness) դեկան Մայքլ Ե. Փորթերի (Michael E. Porter) “Strategy & Society: The Link between Competitive Advantage and Corporate Social Responsibility” հոդվածում, որը թողարկվել է Harvard Business Review ամսագրում։ Հոդվածը խորաթափանց վերլուծություն է ներկայացնում այն հարցի շուրջ, թե ինչու է սոցիալական պատասխանատվության գաղափարը շահավետ կազմակերպության համար։ Նաև որպես օրինակներ են նշվում այն կազմակերպությունները, որոնք ամուր կապեր են ձևավորել իրենց բիզնես պլանավորման և ԿՍՊ-ի միջև և որոնք նկատելի հաջողությունների են հասել դրա շնորհիվ։

ԿՍՊ կիրառումից բխող հնարավոր շահերը ձեռներեցների համար[խմբագրել]

ԿՍՊ-ից ստացվող շահույթի և առավելությունների մասշտաբներն ու առավելությունը չափազանց տարբեր կարող են լինել կախված նրանից, թե որ ոլորտներում է ներգրավված կազմակերպությունը, և թե ինչպիսի քայլերի է նա իրականում դիմում։ Առավել հաճախ, սակայն, կազմակերպությունները իրենց մշակած քաղաքականությով չեն ջգտում կարճաժամկետ շահույթի ստացմանը։

Հիմնական “ներգրավված” ստեյքհոլդերների վրա ունեցած ազդեցությունից տարբեր կարող է լինել և իմաստը, որը կազմակերպությունը ենթադրում է, գործ ունենալով ԿՍՊ-ի հետ։ ԿՍՊ-ի տակ կարող է հասկացվել բարեգործական ծրագրերի ծավալում կամ կամավոր աշխատանքների ստանձնում։ ԿՍՊ-ն կարող է դիտարկվել որպես ոլորտ, որն աչնչվում է մարդկային ռեսուրսների հետ, կամ բիզնես մշակումների, կամ կազմակերպության հասարակական կապերի բաժանմունքի հետ[5]։ Այս գծով առաջընթացների մասին կարող են զեկույցներ ներկայացվել ինչպես ֆիրմայի նախագային, այնպես էլ նախարարների խորհրդին։ Որոշ կազմակերպություններում ԿՍՊ տիպի արժեքներ կարող են գործել առանց որևէ հատուկ կառավարչական մարմնի ստեղծման։

Շահութաբերության և նպատակահարմարության տեսանկյունից ֆիրմաները հաճախ կարող են առաջնորդվել հետևյալ դատողություններով.

  • մարդկային ռեսուրսների ներգրավվում - ԿՍՊ ծրագիրը կարող է ուղղված լինել թարմ կադրերի հավաքագրման խրախուսմանը և նրանց հոսունության նվազեցմանը։ Դա հատկապես վերաբերում է նորավարտ ուսանողներին աշխատանքային շուկային։ Հաճախ լինում է, որ հնարավոր նոր աշխատողները հարցազրույցի ժամանակ հետաքրքրվում են ֆիրմայի ծավալած գործունեությամբ բարեգործության կամ ԿՍՊ ոլորտում, և այսպիդի ակտիվության առկայությունը թույլ է տալիս կազմակերպությանը որակյալ կադր շահել մրցակիցներից։ Բացի դրանից արդյունավետ իրականացված ԿՍՊ ծրագրերը կարող են բարցրացնել աշխատողների թիմային ոգին և նրանց հարգանքի զգազումը սեփական աշխատատեղի հանդեպ։ Հաճախ նաև աշխատողների մակարդակի վրա բարեգործական նվիրատվություններ են կազմակերպվում ի օգուտ աշխատողների կողմից ընտրված այս կամ այն բարեգործական կազմակերպության՝ այսպես կոչված “payroll giving”-ի միջոցով, երբ դեռ չհարկազրկված աշխատավարձից մի մասը անմիջականորեն ուղղվում է նշված բարեգործական կազմակերպության հաշվին։
  • ռիսկի վերահսկում - հատկապես խոշոր և երկարամյա կազմակերպությունների համար շատ կարևոր է գուդվիլի պահմանումը և գուդվիլային ռիսկի վերահսկումը։ Համբավը, որը դժվարությամբ կառուցվել է տարիների կամ նույնիսկ տասնամյակների ընթացքում, կարող է արագորեն կործանվոլ մեկ տգեղ կրեդիտային պատմության կամ արտադրական պատահարի պատճառով։ Այդ պատճառով կազմակերպությունները ձգտում են առավելագույնս ապահովվել նման ռիսկերից, և այդ գործում օգտակար կարող է լինել ԿՍՊ ռազմավարության իրականացումը։
  • բրենդային տարբերակում - եթե նպատակային շուկայում շատ են միանման մրցակից կազմակերպությունները, և կազմակերպությանը դժվար է առանձնանալ նրանցից սպառողների մտապատկերում, ապա հաջող որոշում կարող է լինել ուշադրության գրավումը բարեգործական կամ հասարակական գործունեության հաշվին։ Սպառողի հավատարմությունն այդպիսով կառուցվում է ուժեղ է բարոյական արժեքների հիման վրա և որոշ դեպքերում այն կարող է օգնել պահպանել սպառողական շուկան ճգնաժամային պայմաններում։
  • գործունեության ծավալման արտոնագիր - կազմակերպությունները ձգտում են խուսափել իրենց գործունեության վերահսկումից և կարգավորումից հարկավորման և պետական կարգավորման լծակների միջոցով։ Այդ պատճառով հաճախ նրանք որոշում են հոժարակամ դիմել որոշ քայլերի՝ կանխարգելելով այդպիսով հնարավոր պետական պարտավորումները և պահպանելով որոշակի ազատություններ պրոբլեմատիկ ոլորտում։

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Triple bottom line: people, planet, profit
  2. “Strategic management: a stakeholder approach”
  3. R Freeman, «Strategic management: a stakeholder approach» (Pitman 1984) ISBN 978-0-273-01913-8
  4. այն չի կրում պարտադիր բնույթ և նրա գծով սերտիֆիկացիա չի տրամադրում
  5. "Corporate Social Responsibility and Ethical Careers" University of Edinburgh Careers Service.