ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SkUSSR.jpg

ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, (ԽՍՀՄ Կմ, 1932—1957 թվականին՝ Խորհրդային կոմպոզիտորների միություն), հասարակական ստեղծագործական կազմակերպություն, որ միավորում է ԽՍՀՄ կոմպոզիտորներին և երաժշտագետներին։ Ստեղծվել է 1932 թվականին, ՀամԿ (բ)Կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ։ ԽՍՀՄ Կմ-յան հիմնական խնդիրներն են՝ միավորել նրա անդամներին գաղափարապես բարձր, գեղարվեստորեն նշանակալից այնպիսի երկեր ստեղծելու նպատակով, որոնք հավաստում են սոցիալիստական ռեալիզմի սկզբունքները, զարգացնում ԽՍՀՄ ժողովուրդների ազգային մշակույթի ավանդույթները, կոմպոզիտորներին և երաժշտագետներին դաստիարակել կոմունիստական գաղափարախոսության ոգով, նպաստել նրանց ստեղծագործական աճին ու պրոֆեսիոնալ վարպետության զարգացմանը։ 1932-1940 թվականներին ԽՍՀՄ Կմ-յան կազմակերպություններ են ստեղծվել Մոսկվայում և Լենինգրադում, միութենական ու ինքնավար հանրապետությունների մայրաքաղաքներում, մի քանի մարզային կենտրոններում։ 1939 թվականից գործել է ԽՍՀՄ Կմ-յան կազմկոմիտեն։ Կոմպոզիտորների I համամիութենական համագումարը 1948 թվականին ընդունել է ԽՍՀՄ Կմ-յան կանոնադրությունը և ընտրել վարչության կազմ։ Կմ-յան բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (II համագումարը՝ 1957 թվականին, 111-ը՝ 1962 թվականին, IV-ը՝ 1968 թվականին, V-ը՝ 1974 թվականին)։ Գործադիր մարմինը վարչությունն է, որ անց է կացնում պլենումներ, ընտրում քարտուղարություն։ 1948 թվականից վարչության գլխավոր (հետագայում՝ 1-ին) քարտուղարն է Տ. Խրեննիկովը։ ԽՍՀՄ Կմ ընդգրկում է 1936 անդամ (առ 1-ը հունվարի 1976)։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի կոմպոզիտոր» հրատարակչությունը, «Սովետսկայա մուզիկա» («Coветская музика») և «Մուզիկալնայա ժիզն» («Mузикалная жизнь») ամսագրերը։ Կից գործում են Խորհրդային երաժշտության պրոպագանդման համամիութենական բյուրոն (կազմակերպում է համերգներ, հեղինակային երեկոներ, փառատոներ), ԽՍՀՄ երաժշտական ֆոնդը։ ԽՍՀՄ Կմ-յան ներկայացուցիչները միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից միջազգային երաժշտական խորհրդի, երաժշտական դաստիարակման գծով միջազգային ընկերության անդամներ են։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1968)։ Հայաստանի կոմպոզիտորների միությունը (ՀԿՄ) միավորում է հանրապետությունում բնակվող պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին։ Կազմակերպվել է 1932 թվականին։ I համագումարը տեղի է ունեցել 1939 թվականին (II-ը՝ 1947 թվականին, III-ը՝ 1952 թվականին, IV-ը՝ 1956 թվականին, V-ը՝ 1962 թվականին, VI-ը՝ 1968 թվականին, VII-ը՝ 1973 թվականին)։ 1933—1935 թվականներին ՀԿՄ-յան նախագահն էր Ա.Ոսկերչյանը (կազմկոմիտեի նախագահ), 1935—1939 թվականներին՝ Մ.Աղայանը, 1939-1947 թվականներին՝ Հ.Ստեփանյանը, 1947-1952 թվականներին՝ Ա.Սաթյանը, 1952-1954 թվականներին՝ Գ.Եղիազարյանը, 1954—1957 թվականներին՝ Ղ.Սարյանը, 1957 թվականից՝ Է.Միրզոյանը։ Բարձրագույն ղեկավար մարմինը հանրապետական համագումարն է, որտեղ ընտրվում է վարչության կազմը։ ՀԿՄ ընդգրկում է 114 անդամ (առ 1-ը հունվարի 1978)։ ՀԿՄ-յան տնօրինության տակ են ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի հայկական բաժանմունքը, Հայ խորհրդային երաժշտության պրոպագանդման բյուրոն և Կոմպոզիտորների տունը (կազմակերպում է ստեղծագործական հանդիպումներ, համերգներ, կուլտ-մասսայական միջոցառումներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png