Լուիզ Ֆրանսի դիմանկարը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզ Ֆրանսի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչԷդգար Շահին
տարի1902
բարձրություն41 սանտիմետր և 58,5 սանտիմետր
լայնություն30 սանտիմետր և 50 սանտիմետր
ժանրգեղանկար
նյութթուղթ, օֆորտ, աքվատինտա և չոր ասեղ
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ[1]
հիմնական թեմա«Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի փառաբանված արտիստուհու դիմանկարը
Ծանոթագրություններ

Լուիզ Ֆրանսի դիմանկարը, Էդգար Շահինի դիմանկարներից, «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի դերասանուհու դիմանկարը՝ պատկերված երեք տարբերակով՝ կյանքում և դերերում, որոնցում ներկայացված են դերասանուհու թե՛ արտաքին տվյալները, թե՛ հոգեկան ապրումները՝ խորը հուզականությամբ։ Նկարում դրսևորվել է Էդգար Շահինի արտակարգ տաղանդը։ Այդ դիմանկարներում արտիստուհին երևում, է իր դերերում մարմանավորված հեգնանքի, զայրույթի, դառնության զանազան արտահայտություններով՝ անմոռաց կերպով տպավորվելով մարդու հիշողության մեջ։ Դիմանկարներից արտահայտիչ է նրա մարմանավորած Տիկին Վոկիեի կերպարը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահինը նրբազգաց հոգեբանի նման թափանցել է արտիստուհու ներաշխարհը՝ պատկերելով նրան այնպես այլակերպված, որ տարվելով նրա խաղով՝ մոռանում ես նրա անձը։ Նրա բարդ դիմախաղն արտահայտում է հոգեկան ապրումների այնպիսի լարված վիճակ, որ թվում է, թե մի ակնթարթ հետո տեղի է ունենալու զայրույթի անօրինակ պոռթկում։ Այդպիսի արտահայտիչ դիմախաղի շատ հազվագյուտ կարելի է հանդիպել բեմում։

Լուիզ Ֆրանսի անհատականությունը նկարագրի ցայտունությամբ ու հոգեկան ապրումների խորությամբ արտահայտականության գագաթնակետին է հասցված նրա գլխանկարում։ Ամենայն հավանականությամբ դա ստեղծվել է արտիստուհու կյանքի վերջին տարիներին, երբ փառաբանված արտիստուհին, թատրոնը թողած՝ ապրել է մեկուսի, ամենքից մոռացված, խեղճ կյանքով։ Շատ անգամ անփութորեն մոռացության տալով երբեմնի իր համբավը, կարևորություն չտալով հասարակական կարծիքին՝ փողոց է դուրս եկել հնամաշ հագուստներով, իսկ երբեմն իր վիշտը փարատելու համար նույնիսկ գինովցած շրջել է փողոցներով՝ դառնալով ստահակների ծաղր ու ծանակի առարկա։ Ահա թե ինչու արտիստուհու դիմանկարներում տեսնում ենք կարկամած զայրույթի, արհամարհանքի, հեգնանքի արտահայտություն։ Թվում է, թե նա կծու արհամարհանքով կշտամբում է այն մարդկանց, որոնք, անցյալում վայելելով իր պարգևած բավականությունը, այժմ ապերախտությամբ մոռացության են տվել իրեն։

Գեղարվեստական արտահայտչականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտիստուհու դիմանկարի մշակումը հասցված է անգերազանցելի կատարելության։ Նկարչի ոչ մի դիմանկարում արտահայտչական միջոցներն այդքան կատարելության միահյուսված չեն կերպարի բովանդակությանը, որքան արտիստուհու կերպարում։ Չոր ասեղի տեխնիկական հնարավորություննները կիրառված են սպսռիչ միջոցներով։ Գծի կուլտուրան իր երանգային ելևէջներով, ճկունությամբ, անթերի ճշգրտությամբ գտնվում է օրինակելի բարձրության վրա՝ գերազանցորեն դրսևորելով արտիստուհու հոգեբանական բարդ ապրումները, որին մասնակից են կծու հեգնանքով լի աչքերի բազմախոս արտահայտությունը, կիսաբաց բերանի խոսուն վիճակը, խռովահույզ ապրումների հետևանքով անփութորեն ճակատին թափված խռիվ մազերը, դեմքին գոյացած կնճիռները, դեմքի ցավագին արտահայտություն։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դիմանկարի մասին իրավացիորեն բարձր կարծիքի են նաև եվրոպացի քննադատները։ Նշանավոր արվեստաբան Կամիլ Մոկլերը գրում է․

Շուտունց է, որ մղված էի Էդգար Շահինի արվեստին վրա սքանչանալու և իր անունը մտքիս մեջ սևեռելու, ըլլալով իր քանի մը դիմապատկերները, որոնցից մին՝ անմոռանալիորեն արտահայտիչ, խեղճ դերասանուհի Լուիզ Ֆրանսինն է և մյուսը՝ թափառիկ աղքատի մը դեմքը։ Ասիկա բավական էր հաստատելու համար վարպետությունը արվեստագետի մը, որին սահմանված էր ժամանակակից օֆորտին ամենեն հմուտ ու հզոր մասնագետներեն մինն ըլլալու, անոնցմե, որոնց գործը առանձնաշնորյալ հավաքածուներու կամ թանկագին գրքերու մեջ պահպանված շատ ավելի երկար կյանք պիտի ունենա, քան այնքան ակադեմիական կամ հեղափոխական նկարներ՝ հավասարապես անկենսունակ և իրենց արժեքին ավելի անուն հանած

Հանրի մարքրին գրում է ․

Շահինը դիմանկարները ի հայտ են բերում մարդկային նկարագրի այնպասի խոր ու ինքնատիպ ըմբռնումներ, որպիսին անկարելի է տեսնել ուրիշ որևէ նկարչի մոտ

Ռոժե Մարքսըը հետևյալ գնահատականն է տալիս Շահինի գործերին․

Տիկին Լուիզ Ֆրանս և պարոն Լեռանի դիմանկարները մեր հիշողության մեջ հաստատուն տեղ ունեն արվեստի հռչակավոր կերպարների և հզոր բնավորությունների կողքին

[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.gallery.am/hy/database/item/1168/
  2. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն