Լենին Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենին Ֆորդ
 
Կրթություն՝ Քուինսլենդի համալսարան
Մասնագիտություն՝ իրավագետ
Ծննդյան օր մայիսի 12, 1935(1935-05-12) (88 տարեկան)
Ծննդավայր Օտտավա, Կանադա
Քաղաքացիություն  Կանադա և  Ավստրալիա
Ի ծնե անուն անգլ.՝ Mary Marguerite Leneen Kavanagh
 
Պարգևներ

Լենին Ֆորդ (անգլ.՝ Leneen Forde), ամբողջական անունը՝ Մերի Մարգերիթ Լենին Ֆորդ, ի ծնե՝ Կավանա, (անգլ.՝ Mary Marguerite Leneen Forde, née Kavanagh, մայիսի 12, 1935(1935-05-12), Օտտավա, Կանադա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, 1992-1997 թվականներին եղել է Քվինսլենդի 22-րդ նահանգապետը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մարգերիթ Լենին Կավանան ծնվել է 1935 թվականի մայիսի 12-ին Օտտավայում (Օնտարիո, Կանադա)։ 1953 թվականին Օտտավայի քաղաքային հիվանդանոցում ստացել է բժշկական տեխնոլոգիաների դիպլոմ։ 1954 թվականին տեղափոխվել է Ավստրալիա՝ Բրիսբեն, որտեղ սկսել է աշխատել քաղաքային հիվանդանոցում որպես արյունաբան։ 1955 թվականին Լենինն ամուսնացել է փաստաբան Ջերի Ֆորդի հետ, որի հայրը՝ Ֆրենկ Ֆորդը, հայտնի քաղաքական գործիչ էր՝ Ավստրալիայի 15-րդ վարչապետը։ 1966 թվականի վերջին Ջերի Ֆորդը մահացել է քաղցկեղից։

Հինգ երեխաների հետ առանց ամուսնու մնալով՝ Լենին Ֆորդը որոշել է կրթություն ստանալ Քվինսլենդի համալսարանում և ավարտել է այն 1970 թվականին՝ ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[3]։ 170 մարդուց բաղկացած շրջանավարտների մեջ կային միայն վեց կին։ Դրանից հետո 22 տարվա ընթացքում Լենին Ֆորդը Քվինսլենդում աշխատել է որպես սոլիսիտոր, եղել է նահանգի մի շարք դատական և հասարակական կոմիտեների, ինչպես նաև այլ կազմակերպությունների կազմում։ 1971 թվականից Ֆորդը եղել է Zonta International միջազգային կազմակերպության անդամ, որը պայքարում էր կանանց իրավունքների համար։ 1990-1992 թվականներին եղել է այդ կազմակերպության միջազգային նախագահը[4]՝ Ավստրալիայի առաջին ներկայացուցիչն այդ պաշտոնում։

1992 թվականին Լենին Ֆորդը նշանակվել է Քվինսլենդի նահանգապետի պաշտոնում։ 1992 թվականի հուլիսի 29-ին ստանձնելով պաշտոնը՝ դարձել է Քվինսլենդի առաջին կին նահանգապետը (և երկրորդը Ավստրալիայի բոլոր նահանգների մեջ՝ Հարավային Ավստրալիայի նահանգապետ Ռոմա Միտչելից հետո, որը նահանգապետ է դարձել 1991 թվականի փետրվարին)։ Ֆորդը Քվինսլենդի նահանգապետ է աշխատել ուղիղ հինգ տարի՝ մինչև 1997 թվականի հուլիսի 29-ը[5]։

15 տարվա ընթացքում՝ 2000 թվականի հունիսից մինչև 2015 թվականի մայիսը, Լենին Ֆորդը եղել է Գրիֆիտի համալսարանի կանցլեր։ Նա դարձել է առաջին կինը այդ պաշտոնում[6][7]։

1993 թվականի հունվարին Լենին Ֆորդը դարձել է Ավստրալիայի շքանշանակիր (A.C.)[8]։ 2001 թվականին պարգևատրվել է Հարյուրամյակի մեդալով[9]։ Նրան շնորհվել են Քվինսլենդի համալսարանի (1996) և Գրիֆիտի համալսարանի (2002) պատվավոր դոկտորի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian Honours Search Facility
  2. «Forde, Mary Marguerite Leneen (1935—)» (անգլերեն). The Australian Women's Register — www.womenaustralia.info. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 25.01.2019-ին.
  3. «The Honourable Leneen Forde AC» (HTML) (անգլերեն). University of Queensland — alumni.uq.edu.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 06.02.2019-ին.
  4. «Past International Presidents» (HTML) (անգլերեն). Zonta International — www.zonta.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 23.02.2019-ին.
  5. «Governors of Queensland, page 3» (HTML) (անգլերեն). Government House, Queensland — www.govhouse.qld.gov.au. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 07.02.2019-ին.
  6. «Griffith appoints its first female Chancellor» (անգլերեն). Griffith University — griffitharchive.griffith.edu.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 07.02.2019-ին.
  7. «The Hon Ms Leneen Forde AC DUniv» (PDF) (անգլերեն). Griffith University — www.griffith.edu.au. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 07.02.2019-ին.
  8. «Her Excellency Mrs Mary Marguerite Leneen Forde, Companion of the Order of Australia» (անգլերեն). honours.pmc.gov.au. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 06.02.2019-ին.
  9. «Mrs Leneen Mary Forde, Centenary Medal» (անգլերեն). honours.pmc.gov.au. Վերցված է 06.02.2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենին Ֆորդ» հոդվածին։