Ինտերնետ հանրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտերնետ հանրություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
ՀապավումISOC
Նպատակներհայկական դոմենների ստեղծում և կառավարում
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՂեկավարԻգոր Մկրտումյան
Կայքինտերնետհանրություն.հայ

«Ինտերնետ հանրություն» (ISOC), «.հայ» և «.am» դոմենները կառավարող հայկական հասարակական կազմակերպություն, որը ICANN կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է հայկական դոմենների ռեգիստրը՝ «.հայ» և «.am» տիրույթների տվյալների շտեմարանը։

«Ինտերնետ հանրությունը» դոմենային անունները գրանցում է հավատարմագրված ռեգիստրար կազմակերպությունների միջոցով։

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1994 թվականին և 1995 թվականին գրանցվել Հայաստանի արդարադատության նախարարությունում։ Մինչ այդ՝ 1993 թվականին հիմնադրվել է www.arminco.com առաջին հայկական վեբ կայքը։ Նույն թվականին «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպություն խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած Համաշխարհային «INET93» համաժողովին, ինչից հետո հնարավոր է դարձել «.am» դոմենի ստեղծումը։ Մինչ այդ Հայաստանում վեբ կայքերը գրանցվում էին .com, .org, .net տիրույթներում[1]։

1995 թվականին «Ինտերնետ հանրության» կատարած աշխատանքները քննարկվել են «INET95» երրորդ միջազգային համաժողովի ընթացքում։ 1996 թվականին «Ինտերնետ հանրությունը» «IANA»-ից ստացել և Հայաստանի առաջին ինտերնետ մատակարար «Արմինկո»յի ղեկավարության ներքո ստեղծված Հայկական տեղեկատվական ցանցի կենտրոնին է հանձնել վերին մակարդակի «.am» դոմենային տիրույթը կառավարելու իրավունքը։

«.am» դոմենային տիրույթի պաշտոնական թողարկման օրը համարվում 1994 թվականի օգոստոսի 26-ը[2]։ Համաշխարհային զարգացումներին համընթաց «Ինտերնետ հանրությունը» ստեղծել է նաև «.հայ» դոմեն տիրույթը, որը գործարկվել է 2016 թվականի մայիսի 5-ին[3]։

Համացանցի զարգացման արդյունքում 1998 թվականին «Ինտերնետ հանրության» գործառույթները փոխանցվել են նորաստեղծ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիային» («ICANN», Internet Corporation for Assigned Names and Numbers) կորպորացիային։ 2000 թվականին «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան» վերահաստատել է ազգային դոմենների կառավարման իրավունքը, իսկ 2007 թվականին «Ինտերնետ հանրության» և «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» համագործակցությունն ամրագրվել է հավատարմագրով։

2022 թվականի տվյալներով .am դոմենային տիրույթում գրանցված է եղել մոտ 40.000 դոմեն, որի 60%-ը Հայաստանից է, մնացածը՝ արտերկրից։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինտերնետ հանրությունը» 2010 թվականին նպաստել է «ARMIX» հիմնադրամի ստեղծմանը, անդամակցում է երեխաներին առցանց սպառնալիքներից պաշտպանող www.safe.am նախագծին[4]։ Այդ շրջանակներում ստեղծել է հայկական համացանցի մշտադիտարկման խումբ, որը ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների կիրառմամբ վերլուծում է կայքերը, իրականացնում վարկանիշային գնահատում։

«Ինտերնետ հանրությունն» անդամակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, օժանդակում է Հայաստանում համացանցի տարածմանը, իրականացնում է առցանց գրագիտության տարաբեր ծրագրեր[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական «.am» դոմենը 26 տարեկան է
  2. «Գլխավոր». ԻՏԿ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Ազգային .հայ դոմենը 7 տարեկան է». Hetq.am. 2023 թ․ մայիսի 10. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը
  5. «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պատմությունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]