Էնտոմոֆագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնտոմոֆագեր (հունարեն entoma – միջատ և phagos – խժռող), մշակաբույսերի վնասակար միջատներ ոչնչացնող միջատներ։ Առավել տարածված Էնտոմոֆագերից են շատ թաղանթաթևավորներ՝ հեծյալները (տրիխոգրամներ, աֆելինուս, պսևդաֆիկուս), որոնք օգտագործվում են լվիճների, որդանների և այլ վնասատու միջատների դեմ պայքարելու համար, նաև որոշ մրջյուններ, որոնք ուտում են տերևները կրծող թրթուրներին, կարծրաթևավորները՝ զատկաբզեզները (օր.՝ ռոդոլիա), որոնք ոչնչացնում են ավստրալական ակոսիկավոր որդանին, բզեզ-ստաֆիլինները, որոնք ուտում են բանջարաբոստանային մշակաբույսերի վնասատուներին, թրթուրները ոչնչացնող որոշ գնայուկ բզեզներ, երկթևանի ները՝ ճանճեր-տախինները, որոնք կարգավորում են ոչմիայն գյւղատնտեսության համար վտանգավոր միջատների թվաքանակը, այլև որոշ անողնաշարավորների։ Էնտոմոֆագերից են նաև գիշատիչ մլուկները, տզերը։ Հայտնի են բակտերիաներ և վիրուսներ, որոնք ախտահարում են վնասատու միջատներին, նաև սնկերին։ Բնության մեջ կարևոր դերեն խաղում միջատակեր ողնաշարավորները՝ երկկենցաղները (գորտեր), շատ թռչուններ, նաև կաթնասուններ (ոզնիներ, գորշուկ, խլուրդներ և այլն)։ Ըստ մարդու օգտագործված Էնտոմոֆագերի տեսակների թվի՝ առաջին տեղում են միջատները. թաղանթաթևավորներ (մոտ 80), կարծրաթևավորներ (30), երկթևանիներ (10), կիսակարծրաթևավորներ (5), ցանցաթևավորներ (3)։ Տարբերում են միայնակ մակաբուծականություն (տիրոջ վրա մեկ Էնտոմոֆագերի զարգացումը), խմբային մակաբուծականություն (տիրոջ վրա միաժամանակ միքանի Էնտոմոֆագերի զարգացումը), գեր մակաբուծականություն (տիրոջ վրա բազմաթիվ Էնտոմոֆագերի զարգացումը), բազմապատիկ մակաբուծականություն (տիրոջ վրա տարբեր տեսակների Էնտոմոֆագերի զարգացումը), նաև առաջն. մակաբուծականություն (բուսակերների և գիշատիչների ախտահարումը), գերմակաբուծականություն (այլ մակաբույծների ախտահարումը) և կլեպտո մակաբուծականության (տիրոջը գտնելու և վարակելու համար այլ մակաբույծների օգտագործումը)։ Էնտոմոֆագ-միջատների մակաբուծականության յուրահատկությունը նրա տիրոջ մահաբեր վախճանն է, որոնման և տիրոջ ախտահարման փուլերի մեկուսացածությունը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։