Զմրուխտե լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զմրուխտե լիճ
անգլ.՝ Emerald Lake

Զմրուխտե լիճը
Կոորդինատներ
Երկիր Կանադա Կանադա
Վարչատարածքային բաժանում Բրիտանական Կոլումբիա
Հայելու բացարձակ բարձրությունը 1298 մ
Ավազանի մակերեսը 0.91 կմ²

Զմրուխտե լիճ (անգլ.՝ Emerald Lake), գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Յոհո ազգային պարկում[1]։ Այն Յոհոյի 61 լճերից և լճակներից ամենամեծն է, և զբոսաշրջիկների այցելությամբ համարվում է առաջատար տեսարժան վայրերից մեկը։ Լճի ափին են գտնվում «Լոջ» բարձրակարգ քոթեջ-տնակները, որտեղ կան համարներ այցելուների համար։ Զմրուխտե լճի երկայնքով կա հետիոտն ճանապարհ, որի առաջին հատվածը հասանելի է հաշմանդամների սայլակների և մանկասայլակների համար։ Ամռանը առաջարկվում է կանոե։ Ձմռանը այստեղ տարածված է դահուկասպորտը։

Լիճը շրջապատված է Նախագահական լեռնաշղթայով, ինչպես նաև Բերջես և Վապտա լեռներով։ Այս ավազանային թակարդները հաճախակի փոթորկում են, ամռանն առաջացնելով հորդառատ անձրևներ, իսկ ձմռանը՝ առատ ձյան տեղումներ։ Խոնավության այս քանակը լճի ցածր խորության հետ ստեղծում է յուրօրինակ բուսական աշխարհ։

Լճի ափին գտնվող քոթեջները
Զմրուխտե լիճը և Վան Հորն լեռնաշղթան 1902 թվական

Այստեղ գտնված ծառերը բնորոշ են Բրիտանական Կոլումբիայի առավել խոնավ անտառներին․ արևմտյան կարմիր մայրին, արևմտյան կենին (կարմրածառ), արևմտյան նոճին և արևմտյան սպիտակ սոճին։ Հյուսիսում ալուվյալ օդի տեղաշարժերը արևելյան ափին հունիսի վերջին և հուլիսի սկզբին առաջացնում են դաշտային ծաղիկներ[2]։

Մեծ բարձրություն ունենալու պատճառով, լիճը սառցակալում է նոյեմբերից մինչև հունիս։ Ջուրը վառ փիրուզագույն է, որի պատճառը փոշենման կրաքարերն են։ Լիճն առավել տպավորիչ է լինում հուլիս ամսին, երբ շրջակա լեռների ձյունը հալվում է։

Լիճը տեսած առաջին մարդը, ով չի պատկանել տեղաբնիկ ժողովուրդներին, եղել է կանադացի զբոսավար Թոմ Ուիլսոնը, ով պատահական հայտնվել է լճի մոտ 1882 թվականին։ Նրա ձիերը կորել էին, և Թոմը փորձել էր գտնել դրանց, մոլորվելով տարածքում` նա նկատել էր, որ հայտնվել է ինչ-որ հովտում։ Լիճը մեծ տպավորություն է թողել, նույնիսկ շատ հմուտ հետազոտողների վրա․ Թոմ Ուիլսոնն ասել է․ «Մի քանի ակնթարթ՝ ձիու վրա նստած, հիանում էի հազվադեպ, խաղաղ և գեղեցիկ տեսարանով»։ Հենց Ուիլսոնը լճի յուրօրինակ գույնի համար, անվանեց այն Զմրուխտե։ Լճի գույնը պայմանավորված է, սառցադաշտերի քայքայիչ աշխատանքից առաջացած, ջրում կախված վիճակում գտնվող, նստվածքային ապարների փոշով, որն անվանում են նաև քարային ալյուր։ Սակայն սա առաջին լիճը չէր, որին Ուիլսոնը տվել էր «Զմրուխտ» անունը։ Նա այդ նույն տարում, ավելի վաղ, մեկ այլ լճի ևս տվել էր այդ նույն անունը, որը կարճ ժամանակով հայտնվել էր նույնիսկ պաշտոնական քարտեզի վրա։ Այս առաջին լիճը, սակայն, շուտով վերանվանվել է Լուիզա[3]։

Զմրուխտե լճի համայնապատկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Emerald Lake". BC Geographical Names
  2. Pole, Graeme (1999). Canadian Rockies: An Altitude SuperGuide, Altitude 1-55153-618-8
  3. Beers, Don (1989). The Wonder of Yoho, Rocky Mountain Books 0-921102-28-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զմրուխտե լիճ» հոդվածին։