Երրորդ աշխարհի ձևավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երրորդ աշխարհի ձևավորումը, Նորանկախ երկրներն ըստ կողմնորոշման բաժանվեցին երկու խմբի՝ կապիտալիստական և սոցիալիստական։ Կողմնորոշումը կախված էր այն իրողությունից, թե տվյալ երկիրը որտեղից էր ստանում տնտեսական օգնությունն ու սպառազինությունը, և որտեղ էին պատրաստություն անցնում նրա ինժեներական և զինվորական կադրերը։ Այդուհանդերձ, կար նաև մեկ այլ տարբերակ՝ ընտրել զարգացման այս կամ այն ուղին, սակայն չդառնալ երկու ճամբարների միջև խաղաքարտ։ Այս գաղափարի հետևորդները նախկին գաղութային աշխարհի տեղում ձգտում էին ստեղծելու նոր՝ երրորդ աշխարհ։

«Երրորդ աշխարհ» հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երրորդ աշխարհն» ընդհանրաց­նող հասկացություն է, որ բնորոշում է հիմնականում այն երկրները, որոնք ապագաղութացման բովով են անցել վերջին երկու հարյուրամյակի ըն­թացքում։ Ինքնին «երրորդ աշխարհ» հասկացությունն առաջին անգամ քաղաքական շրջանառության մեջ է դրվել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Դագ Համմարշելդի (1953–1961 թվականներ) կողմից՝ բնորոշելու համար Ասիայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրները։ Սակայն հետագայում այս հասկացությամբ էին բնորոշում երկբևեռ աշխարհի պայմաններում ինքնուրույն դիրքորոշում ունեցող երկրները։

Երրորդ աշխարհի կողմնորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երրորդ աշխարհը մերժում էր երկու մասի բաժանված աշխարհի երևույթը, որտեղ կշիռ ունեին միայն ԱՄՆ–ն ու ԽՍՀՄ–ը։ Մյուս բոլոր երկրները պետք է ընտրություն կա­տարեին՝ կանգնելով բաժանարար գծի այս կամ այն կողմում։ Աշխարհի այդ հատվածը չէր վստահում միջուկային զենքին տիրապետող ու այն բազմապատկող գերտերությունների մտադրությունները։ Նրանք մերժում էին վերջիններիս պնդումներն այն մանսին, թե ժողովրդավարական կապիտա­լիզմն ու կոմունիզմը այն իդեալական կենսակերպն են, որ մյուսներն ուղղա­կի պետք է ընդօրինակեն ու պատճե­նահանեն։
  2. Ասիայի ու Աֆրիկայի նորաստեղծ պետությունների զգալի մասի որո­շումը՝ չկապել իրենց ճակատագիրը գերտերություններից և ոչ մեկի հետ, ձևավորվել է Ջ. Ներուի ազդեցու­թյան շնորհիվ։ Ներուն իրատեսորեն համատեղեց արևմտյան ազատական և ժողովրդավարական արժեքները ԽՍՀՄ–ի կողմից իրագործված արդ­յունաբերական անցման բնագավառում ունեցած ձեռքբերումների նկատմամբ հարգանքի ու համակրանքի հետ։ Միաժամանակ նա արգահատանքով էր նայում թե՛ Ստալինի բռնակալու­թյանն ու ոստիկանական վարչակար­գին, թե՛ մաքքարտիզմի դաժանու­թյանը ԱՄՆ–ում։

Երրորդ աշխարհի պահպանած չեզոք դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա երրորդ աշխարհի երկրների չեզոք ուղու քաղաքականության սկիզբն էր։ Նրանց դիրքորոշման հիմքում ընկած էր սառը պատերազմում չեզո­քություն պահպանելու հայեցակարգը։ Նրանք պետք է հավասար հեռավո­րություն պահպանեին երկու կողմերի նկատմամբ, միաժամանակ հանդես գային միջնորդի դերում մեծ տերու­թյունների միջև՝ փորձելով մեղմել վտանգավոր անհամաձայնություն­ները։ Նոր պետությունները ձգտում էին խուսափելու սառը պատերազմից, սակայն չէին ցանկանում հայտնվել համաշխարհային քաղաքականու­թյունից դուրս։ Նրանց թիվն ու կշիռը աշխարհում էականորեն աճեցին հատկապես Աֆրիկայի և Ասիայի երկրների կողմից անկախության ձեռքբերումից հետո։

Թե՛ ԱՄՆ–ը, թե՛ ԽՍՀՄ –ը սկզբնա­կան շրջանում բացասական դիրքո­րոշում ունեին չեզոքության հետևող երրորդ աշխարհի երկրների նկատ­մամբ։ Սակայն հետագայում նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը։ Միջազգային ասպարեզում չմիացած կամ երրորդ աշխարհի երկրների գործունեությունը բերեց այն հա­մոզման, որ չի կարելի դատողություն­ներ անել այդ երկրների վերաբերյալ՝ ելնելով կոմունիզմի և հակակոմունիզ­մի պարզունակ չափանիշներից։

Գաղութային համակարգի փլուզումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով՝ 20–րդ դարի երկրորդ կեսին փլուզվեց գաղութային համակարգը։ Ի հայտ եկավ երրորդ աշխարհը, որ եկավ լրացնելու երկբևեռ աշխարհակարգի պայմաններում գործող առաջին և երկրորդ աշխարհներին։ ԱՄՆ–ի ազդեցության տակ գտնվող արևմտյան ժողովրդավարական ու զարգացած երկրների խմբավորումը ստացավ առաջին աշխարհ կամ արևմտյան խմբավորում անվանումը։ ԽՍՀՄ–ի ազդեցության տակ գտնվող սոցիա­լիստական երկրները միավորող ճամբարը ստացավ երկրորդ աշ­խարհ կամ արևելյան խմբավորում անվանումը։ Իսկ աշխարհի բնակ­չության մեծ մասը կազմող՝ երկու բևեռներին կամ խմբավորումներին չհարող մյուս բոլոր երկրները որակ­վեցին իբրև երրորդ աշխարհ։ Երրորդ աշխարհի երկրներին հաջողվեց ստիպել ԽՍՀՄ –ին ու ԱՄՆ–ին՝ հա­մաշխարհային քաղաքականության մեջ ընկալելու իրենց այն դերում, որ նորանկախ երկրներն էին իրենց համար ընտրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

  1. Համաշխարհային Պատմության դասագիրք