Երկարագուլպա Պիպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկարագուլպա Պիպին
շվեդ.՝ Pippi Långstrump
ՀեղինակԱստրիդ Լինդգրեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն և ֆենթեզի
Բնօրինակ լեզուշվեդերեն
Կերպար(ներ)Երկարագուլպա Պիպի, Tommy Settergren? և Annika Settergren?
Նկարագրում էPippi Longstocking universe?
ՇարքPippi Longstocking?
ՆկարազարդողIngrid Vang Nyman?
Երկիր Շվեդիա
Հրատարակման վայրՇվեդիա
ՀրատարակիչRabén & Sjögren
Հրատարակման տարեթիվնոյեմբեր 1945
ԳՄՍՀ0-14-030957-8
OCLC2798770
 Pippi Longstocking Վիքիպահեստում

Երկարագուլպա Պիպին (շվեդ.՝ Pippi Långstrump), վեպ երեխաների համար, որի հեղինակը մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1945 թ. Ինգրիդ Վանգ Նյումանի նկարազարդումներով։ Գիրքը պատմում է չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակի՝ Երկարագուլպա Պիպիի մասին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գաղափարը ծնվել է Աստրիդ Լինդգրենի դստեր՝ Կարինի շնորհիվ։ 1941 թ. Կարինը հիվանդանում է թոքերի բորբոքումով և խնդրում մորը իրեն հեքիաթներ պատմել, իսկ մի օր էլ պատվիրում է պատմել Պիպիի մասին, որ շվեդերեն նշանակում է գիժ ու քմահաճ երեխա։ Այսպես ծնվում է Պիպիի կերպարը։ Մինչև 1944 թ. Լինդգրենը հեքիաթները գրի չէր առնում, այլ պարզապես պատմում էր իր դստերը, սակայն դրանք որոշում է թղթին հանձնել, երբ ոտքի կոտրվածքի պատճառով երկար ժամանակ գամված է լինում անկողնուն։ «Bonnier» հրատարակչությունից մերժում ստանալուց հետո բնագիրը հաջորդ տարի տպագրվում է «Rabén and Sjögren» հրատարակչության կողմից՝ այդուհետ դառնալով մանկական գրականության ամենահայտնի գործերից մեկը։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով և բազմիցս էկրանավորվել։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում։ Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, սակայն իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ։ Պատճառն այն էր, որ մայրը վաղուց մահացել էր, իսկ հայրը անհետ կորել էր ծովում։ Հայրը նավապետ էր, և Պիպին հոր և նրա նավաստիների հետ շրջել էր աշխարհով մեկ, ապրել նրանց ապրելակերպով և սովորույթներով։ Այսպես նա դարձել էր ազատ, ինքնուրույն և վիթխարի ուժի տեր աղջիկ, այլ կերպ ասած` տարօրինակի մեկը առօրյա կյանքի համատեքստում։  

Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ուներ, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն։ Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար։ Հենց դա էր պատճառը, որ նա երբեք չէր տարբերակում բարոյական նորմերը և չէր հասկանում դրանց անհրաժեշտությունը։ Հետևաբար, նրա համար շատ դժվար էր քաղաքավարի լինելը. այն ամենը, ինչ դարձնում է մարդուն քաղաքավարի, նրան օտար էր։ Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր։

Վիլլա Վիլեկուլայում բնակություն հաստատելուց հետո Պիպին ծանոթանում է հարևանությամբ բնակվող երեխաների՝ Թոմիի և Անիկայի հետ և միանգամից ընկերանում։ Թոմին և Անիկան, ինչպես մնացած բոլորը, նման չեն Պիպիին, սակայն նրանք միակն են, որ ընդունում են Պիպիի անսովոր պահվածքը, հիանում նրա ինքնուրույնությամբ, ազատ կամքով և ուժով։ Պիպին չի թողնում, որ նրանք ձանձրանան, և ուղեկցում է իր բազում խենթ արկածների գիրկը։

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

1.    Պիպի Երկարագուլպա — գլխավոր հերոս

2.    Թոմի — քաղաքավարի և բարեսիրտ տղա, Պիպիի հարևանը և ընկերը

3.    Անիկա — Թոմիի քույրը, ամաչկոտ, համեստ և փոքր–ինչ վախկոտ աղջնակ

4.    Էֆրաիմ — Պիպիի հայրը, նավապետ, ով նավաբեկության է ենթարկվել մի կղզում և անհետ կորել, սակայն Պիպիի պնդմամբ՝ նա հայտնվել է սևամորթների կղզում ու դարձել նրանց թագավորը

5.    Պարոն Նիլսոն — Պիպիի կապիկը

Պատմության առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Լինդգրենը Պիպիին ներկայացնում է Անիկայի և Թոմիի հիացած, զարմացած, երբեմն էլ սարսափած աչքերով։ Պիպին անում է այն ամենը, ինչ երեխաները չպետք է անեն. բացահայտ ստում է, չի ենթարկվում որևէ իշխանության։ Նա նաև տարբերվում է իր արտաքինով՝ կարմրավուն մազերով, դեմքին ժողովված պեպեններով, հոր մեծ կոշիկներով։ Կարելի է ասել, թե Պիպին աքսորյալ կերպար է, ով ապրում է իր անարխիստական աշխարհում և մերժված լինելուց տրտնջալու փոխարեն վայելում է իր ազատությունը։ Այսպիսով՝ նա հեղաշրջում է աղջկա կամ կնոջ մասին ձևավորված հնամենի պատկերացումները, խրախուսում նրանց լինել ավելի ինքնավստահ, հավատալ սեփական ուժերին։ Մոխրոտի և Սպիտակաձյունիկի կերպարներից հետո Պիպին գրականության, ապա նաև հասարակության մեջ դառնում է կնոջ էվոլյուցիոն տեսակ։ Եթե Մոխրոտն ու Սպիտակաձյունիկը պասիվ կերպարներ են՝ կախված ուժեղ արական սեռից, ով պետք է գա և փրկի իրենց, ապա Պիպին փրկվելու կարիք չունի, ավելին՝ ինքն է հաճախ մյուսների փրկիչը։  

 1945 թ. ի վեր Պիպիի ըմբոստ կերպարը ոգեշնչող է դարձել շվեդ երեխաների համար, դարձել է ուսումնական համակարգի բազում նորամուծությունների խթան, խրախուսել է երեխաներին դառնալ թույլերի պաշտպանը։ Պատմությունը գրական ասպարեզից դուրս է եկել, դարձել քաղաքական իրարանցման պատճառ։ Իր հակաիշխանական միտումների պատճառով այն մի շարք ամբողջատիրական երկրներում համարվել է արգելված գրականություն։ Պիպիի փայլուն հաղթանակը աշխարհի ամենաուժեղ տղամարդու՝ Ուժեղ Ադոլֆի նկատմամբ, կարող է հղում լինել Ադոլֆ Հիտլերին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիրքը գրվել է 1944 թվականին։

Գուցե Աստրիդ Լինդգրենը «Երկարագուլպա Պիպիում» քաղաքական մտորումների տեղիք տալու նպատակ ի սկզբանե չի ունեցել, սակայն գրականությունը երբեք անկախ չէ այն քաղաքական համատեքստից, որում գրվում է։ Ավելին՝ այն անկախանում է հեղինակից, ինչպես Ռոլան Բարտը կասեր, հենց հեղինակի մահով։

«Երկարագուլպա Պիպին» հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը թարգմանվել է մի քանի տասնյակ լեզուներով և վերահրատարակվել մի քանի անգամ։

Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից՝ Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ[1]։ Իսկ 2016 թ. տպագրվել է «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» պատկերագիրքը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երկարագուլպա Պիպին». Զանգակ.
  2. «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին». Զանգակ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը՝ http://www.sweden.se/pippi (անգլ.)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարագուլպա Պիպին» հոդվածին։