Երեսվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեսվար սկավառակավոր ցաքանի օգնությամբ

Երեսվար, հողի մակերևութային կամ ոչ խորը փխրեցում, որն ուղեկցվում է առի մասնակի շրջումով և մոլախոտերի հատումով։ Կատարվում է երեսվարի գութաններով՝ երեսվարիչներով։ Խոզանի երեսվարը նախորդում է աշնանավարին և երբեմն կարող է փոխարինել դրան։ Երեսվարի ժամանակ առաջացած հողի փխրուն, մանրակոշտ շերտը նվազեցնում է խոնավության գոլորշացումը և պայմաններ է ստեղծում մոլախոտերի աճի համար, որոնց ծիլերը ոչնչացվում են հաջորդ վարով։ Բացի այդ, երեսվարի ժամանակ մեխանիկական վնասվածքներ են ստանում ու ոչնչանում զգալի քանակությամբ վնասատու միջատներ, դրանց ձվերը, թրթուրները և հարսնյակները։ Խոզանի երեսվար կատարում են երաշտադիմացկուն բույսեր՝ հացահատիկի բերքահավաքից անմիջապես հետո կամ միաժամանակ։ 8–12 սմ խորությամբ երեսվարում են բազմամյա խոտաբույսերի շերտը՝ այն վարելուց առաջ, որից հետո ճիմը չորանում է ու կորցնում վերաճելու ունակությունը։ Վարի փոխարեն կատարած 10–12 սմ խորությամբ երեսվարը հաճախ ավելի արդյունավետ է փուխր և մոլախոտերից զերծ հողերում՝ արմատապտուղների ու կարտոֆիլի բերքահավաքից հետո, նաև՝ աշնանացանի ժամանակ չորային, տափաստանային հողերում՝ զբաղված ցելերով և ոչ ցելային նախորդներով։

Երեսվարը լայնորեն կիրառվում է նաև գարնան-ամռան ժամանակաշրջանում՝ հողի նախացանքային մշակման՝ մաքուր ցելերի խնամքի ժամանակ, երբ ծլարձակում են մոլախոտերը։ Խորությունը մեծացնելու նպատակով կատարված յուրաքանչյուր հաջորդող երեսվարը ցելային դաշտն ավելի ու ավելի է մաքրում մոլախոտերից։ Այս դեպքում նպատակահարմար է երեսվարը և կուլտիվացումը համատեղել ցաքանման հետ։ Երեսվարը հատկապես արդյունավետ է խոշոր հատիկաչափական կազմով և բազմամյա մոլախոտերով աղտոտված հողերում։ Երեսվարի խորությունը կախված է սկավառակավոր երեսվարիչից, դաշտի աղտոտվածությունից, հողի հատիկաչափերի կազմից, մշակման պահին դրա ունեցած խոնավությունից և նախորդ մշակման եղանակից (սկավառակավոր երեսվարիչով մշակելիս խորությունը 5–12 սմ է, խոփավոր երեսվարիչով մշակելիս՝ 12–17 սմ)։ Սիզախոտով աղտոտված դաշտերում երեսվարում են սկավառակավոր երեսվարիչով՝ 2 ուղղություններով, վարից 2 շաբաթ առաջ։

Հացահատիկի բերքահավաքի հետ միաժամանակ կատարվող երեսվարը 15–16 %-ով բարձրացնում է հնձիչների հետ միացքավորված մեքենաների ծանրաբեռնվածությունը։ Գերխոնավ, ծանր հողերում երեսվարը փոխարինում է աշնանավարին։ Հողմային էրոզիային ենթակա շրջաններում խոզանի երեսվարի փոխարեն կատարում են հողի հարթահատում մշակում կամ աշնանն այն թողնում են անմշակ։ Այդ շրջաններում ավելի արդյունավետ են կուլտիվատոր-հարթակտրիչները, որոնք խոզանը թողնում են հողի մակերևույթին, ինչը նպաստում է դաշտերում առատ ձնակուտակմանը։ Խոզանը չեն երեսվարում, սովորաբար, նաև խոզանաբույսերի ցանքի դեպքում, երբ բերքահավաքից հետո հողը մշակում են հիմնական,այնուհետև՝ նախացանքի համար։

Երեսվարի որակի ցուցանիշներն են խորությունը և հավասարաչափությունը, մոլախոտերի ոչնչացման աստիճանը, հողի փխրեցման աստիճանն ու խարակների բացակայությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։