Հողի մշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի մշակում, հողի վրա ներգործող մեխանիկական գործադրաձևերի համակարգ, որը նպաստում է բերրիության բարձրացմանը և մշակաբույսերի համար ստեղծում աճի ու զարգացման լավագույն պայմաններ։ Նպաստում է վարելաշերտի փուխր կնձկային լավագույն կառուցվածքի ստեղծմանը, բարելավում է ջրային, օդաջերմային ու սննդային ռեժիմները, ակտիվացնում միկրոկենսաբանական պրոցեսները, կենսազրկում ճմուտն ու մոլախոտերը, ոչնչացնում բույսերի վնասատուների և հիվանդությունների հարուցիչները, համապատասխան խորությամբ վարածածկում օրգանական և հանքային պարարտանյութերը և այլն։ Հիմնական գործադրաձևերն են.

  • Շրջում՝ հողի շերտի ուղղաձիգ տեղափոխումը գութանի թևի օգնությամբ։ Նպաստում է ճմուտի կենսազրկմանը, պարարտանյութերի և խոզանային մնացորդների, ինչպես նաև մոլախոտերի սերմերի վարածածկմանըː
  • Փխրեցում (փշրում)՝ հողի խոշոր առանձնությունների մանրացումը, կատարվում է գութանով, հարթ հատիչներով, երեսվարիչներով, կուլտիվատորներով, պտտվող հողուրագներով, ֆրեզներով, փոցխերով և այլն։
  • Խառնում` օրգանական նյութերի և հանքային պարարտանյութերի հավասարաչափ տեղաբաշխումով ստեղծում է միատարր շերտ։ Իրագործվում է նախագութանիկ չունեցող գութաններով, փխրեցնող, բայց չշրջող գործիքներով։
  • Նստեցում` կիրառվում է, երբ վարից մինչև ցանքը կարճ ժամանակ է մնում։ Անջրդի պայմաններում վերականգնում է մազականությունը, և ներքևից բարձրացող ջուրը նպաստում է սերմերի ծլմանը։ Հողի մակերեսի հարթեցումն ստեղծում է լավագույն պայմաններ մեքենայացման, հավասար ցանքի ու բուսածածկի ստացման, խնամքի, հատկապես ոռոգման ու բերքահավաքի համար։

Կան նաև հատուկ (հիմնաշրջում են) և մակերեսային (երեսվար, փոցխում, բուկլից, կուլտիվացում ևն) գործադրաձևեր։

Հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների ոչ սևահողային խոպան հողերն իրացնելիս կուլտուր-տեխնիկական աշխատանքներից հետո հատուկ հզոր գութաններով վարում էին, սկավառակավոր ցաքանով տափանում, ճահճային ֆրեզներով ֆրեզավորում և այլն։ Անտառատափաստանային և տափաստանային գոտում, որտեղ հողերը բերրի են, կիրառում են խորը վար, տափանում, կուլտիվացում։

  • Ջրովի հողերում մշակման համակարգի կիրառումը կապված է ոռոգման ռեժիմի հետ։ Անհրաժեշտության դեպքում, վարելիս դաշտը նախապատրաստում են ոռոգման, որից հետո հողի հասունության ժամանակ, աշնանը մշակում են խոնավությունը պահպանելու և մոլախոտերը ոչնչացնելու նպատակով։

Հողի մշակման համակարգի մեջ մտնում են նաև հողի մակերեսի պլանավորումը (հավասարեցումը), ցրտահերկը, ժամանակավոր ոռոգման ցանցի ստեղծումը, նախացանքային մշակումը, հողի նախապատրաստումը կրկնակի ցանքի համար և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 534