Եղինջաթռչնակ
Եղինջաթռչնակ (Troglodytes troglodytes), եղինջաթռչնակների ընտանիքի պատկանող թռչուն։
Եղինջաթռչնակի ընդհանուր փետրավորումը դարչնագույն է, կտուցը և աչքերը մուգ դարչնագույն են, թևերը կարճ` բութ ծայրով, մեջքը, թևերը և դեպի վեր ցցված կարճ պոչը շագանակագույն` լայնակի մուգ բծերով, որովայնը մոխրաշագանակագույն է։ Քաշը` 8-12 գ, թևի երկարությունը` 44-55 մմ։
ՀՀ-ում նստակյաց թռչուն է, ամռանը տարածվում է առավելապես անտառային գոտում, որտեղ գերադասում է անտառների բացատները, թփուտները։ Ձմռանը հանդիպում է ցածրադիր շրջաններում, մասնավորապես Արարատյան հարթավայրի գետերի հովիտներում, Երևանի շրջակայքի այգիներում և քաղաքամերձ անտառային գոտում։ Երգը չափազանց հնչեղ է և զրնգուն։ Բնադրվում է բարձրադիր շրջաններում, թփուտների, խիտ ճյուղերի մեջ։ Բույնը հյուսում է չոր խոտաբույսերից` գնդի ձևով, հաճախ հյուսում է 4-5 կեղծ բույն, որոնցում ձվեր չի դնում։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-7 կարմրագորշ պտերով սպիտակ ձվեր։ Արագաշարժ թռչուն է, վտանգի դեպքում վարկենապես թաքնվում է մացառներում։ Սնվում է մանր անողնաշար կենդանիներով։
Տարածված է Եվրոպայի անտառային գոտում, Փոքր Ասիայում, հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 38։