Դ-1-5ու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դ-1-5Ու (ռուս.՝ Д-1-5У), դեսանտային պարաշյուտ՝ ստեղծված Մեծ Հայրենական պատերազմից հետո ՊԴ-47 պարաշյուտի հիման վրա։ Նախատեսված է ինչպես դեսանտայինների, այդպես էլ սկսնակ պարաշյուտիստների ուսումնամարզական թռիչքների համար։ Իր պարզության և հուսալիության համար մինչ օրս օգտագործվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ շատ երկրներում։ Մասնավորապես Հայաստանում հենց Դ-1-5ու-ով են իրականացվում զորքերի դեսանտավորումը և Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի սաների ուսումնամարզական թռիչքները։

Պարաշյուտի մարտավարա-տեխնիկական բնութագրեր

  • միջին վերտիկալ արագություն 5.1մ/վ,
  • միջին հորիզոնական արագություն 2.47մ/վ,
  • շրջադարձ կամայական ուղղությամբ 16-18 վայրկյանի ընթացքում,
  • լրացուցիչ Զ-5 և Զ-6Պ պարաշյուտների օգտագործում,
  • տեխնիկական ռեսուրս՝ 200 օգտագործում ավելի քան 15 տարվա ընթացքում ժամանակին վերանորոգման և գմբեթի ծածկոցի փոխարինման դեպքում,
  • պարաշյուտի քաշը 17.5 կգ։

Հավաքված վիճակում պարաշյուտը աշխատունակ է առանց վերահավաքման 30 օր։ Գմբեթը նախատեսված է վայրէջք կատարելու համար։ Ունի կլոր տեսք, մակերեսը՝ 82.5 մետր քառակուսի։ Գմբեթի մեջտեղում առկա է բևեռային անցք՝ 430մմ տրամագծով։ Գմբեթին միացված են 28 ճոպան՝ 8.87 մետր երկարությամբ։ Ճոպանների միջև գմբեթին կարված են գրպաններ, որոնք արագացնում են գմբեթի լցվելը օդով։ Գմբեթի վրա 27-28, 28-1 և 1-2 ճոպանների միջև առկա են եռանկյունաձև անցքեր 2.5 մետր քառակուսի ընդհանուր մակերեսով։ Նրանցով օդի անցման ժամանակ առաջանում է ռեակտիվ ուժ, որի հաշվին կատարվում է պարաշյուտի հորիզոնական տեղափոխություն։ Պարաշյուտը ղեկավարելոը համար 26, 27, 28 և 1, 2, 3 ճոպաններին միացված են ղեկավարման ճոպաններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Техническое описание № 9254-70 и инструкция № 9255-70 по укладке и эксплуатации тренировочного управляемого парашюта Д-1-5у. (ռուս.)