Դիրիժորական փայտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից դիրիժորական փայտիկ

Դիրիժորական փայտիկ, առարկա, որն օգտագործում է դիրիժորը նվագախումբը կառավարելու համար։ Դիրիժորության մեջ օգտագործվում է 19-րդ դարից[1]։ Նախկինում չափ տալու համար օգտագործվում էր բատուտան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև դիրիժորական փայտիկի հայտնվելը կային նվագախմբի ղեկավարման տարբեր ձևեր. ժամանակագրական կարգով միմյանց փոխարինել են մեներգը, որը կատարել է երգչախմբի առաջատարը, քեյրոնոմիան (ձեռքի և մատների պայմանական շարժումներ), տակտավորումը (չափ տալը բատուտայով), կոնցերտմայստերական ղեկավարումը (երաժիշտ, որպես կանոն՝ կլավեսինահար, որն իր հետևից էր տանում նվագախումբը)։ Ժամանակ առ ժամանակ կոնցերտմայստերը կարող էր դադարեցնել նվագը և չափ տալու համար օգտագործել օժանդակ առարկաներ՝ աղեղ, գլանաձև փաթաթված թուղթ, փայտիկ[2]։

19-րդ դարում սիմֆոնիկ երաժշտության զարգացումը և նվագախմբի կազմի բարդացումը պահանջում էին դիրիժորի ազատումը կատարողական գործունեությունից և նրա ամբողջական կենտրոնացումը դիրիժորական գործընթացի վրա[2]։ Հենց այս ժամանակաշրջանում էլ ընդունվել է դիրիժորական փայտիկի համընդհանուր օգտագործումը։ Այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Իգնաց Ֆրանց ֆոն Մոզելը (1812, Վիեննա), Կարլ Մարիա ֆոն Վեբերը (1817, Դրեզդեն), Լուի Շպորը (1817, Մայնի Ֆրանկֆուրտ)[3] գրեթե միաժամանակ դիմեցին դիրիժորության նոր ոճին։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժորական փայտիկը սովորաբար պատրաստվում է թեթև փայտից, երկաթածխածնային համաձուլվածքներից կամ ապակեպլաստիկից։ Ամենից հաճախ այն ներկված է սպիտակ, բայց կարող է ունենալ նաև բնական փայտի գույն։ Երբեմն փայտիկը լուսավորվում է բռնակի մեջ թաքնված մարտկոցի միջոցով[4]։ Բռնակը պատրաստված է խցանափայտից կամ փրփրապլաստից, որպեսզի այն լինի խորդուբորդ, քանի որ դա մեծացնում է մատների շփումը մակերեսի հետ[5]։

Դիրիժորական փայտիկը միջինն ունի մոտ 40-42 սմ երկարություն, սակայն երկարությունը և քաշը կարող են տարբեր լինել՝ կախված դիրիժորի անհատական նախասիրություններից, նրա ձեռքի ձևից, կատարվող աշխատանքի բնույթից և չափսերից, նվագախմբի մեծությունից[4][6]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ստրավինսկին դիրիժորական փայտիկով

Դիրիժորական փայտիկի հիմնական դերը նվագախմբի անդամների համար ձեռքի շարժումներն ավելի նկատելի դարձնելն է։ Բացի այդ, այն թույլ է տալիս հասնել ավելի մեծ էքսպրեսիայի և ժեստի արտահայտչության[5]։

Գոյություն ունի փայտիկը բռնելու մի քանի բնորոշ եղանակ։ Իլյա Մուսինն իր «Դիրիժորական տեխնիկա» աշխատության մեջ նկարագրում է երեք հիմնական դիրքեր, որոնք տարբերվում են ոչ միայն մատների դիրքով, այլև կիրառման ոլորտով և արտահայտչական հատկություններով[5]։ Փայտիկը սովորաբար պահվում է աջ ձեռքում, թեև որոշ ձախլիկ դիրիժորներ այդ նպատակով օգտագործում են ձախ ձեռքը[7]։

Շատ դիրիժորներ իրենց գործունեության մեջ նախընտրում են աշխատել առանց փայտիկի։ Նրանց թվում են Պիեռ Բուլեզը, Վալերի Գերգիևը[8], Դիմիտրիոս Միտրոպուլոսը, Լեոպոլդ Ստոկովսկին և այլք։ Բացի այդ, փայտիկը, որպես կանոն, չեն օգտագործում խմբերգային դիրիժորները[9][7]։ Ջազային նվագախմբերում փայտիկը շատ հազվադեպ է օգտագործվում (դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այս նվագախմբերի դիրիժորները՝ բենդլիդերները, հաճախ իրենք են նվագում ինչ-որ երաժշտական գործիք, ինչի պատճառով էլ նրանց ձեռքերը զբաղված են, իսկ երբեմն էլ երգում են կանգնած՝ մեջքով դեպի նվագախումբը) և կատարում է բավականին խորհրդանշական դեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brown, 2015, էջ 156
  2. 2,0 2,1 Каюков В. Эволюция дирижирования: формы и типы музыкального управления // Музыкальная академия. — 2013. — № 4. — С. 156-160.
  3. Музыка / Гл. ред. Г.В. Келдыш. — Москва: Большая российская энциклопедия, 1998. — С. 175. — 672 с. — ISBN 5-85270-254-4
  4. 4,0 4,1 Brown, 2015, էջ 33
  5. 5,0 5,1 5,2 Мусин, 1967
  6. Мусин, 1967, էջ 33
  7. 7,0 7,1 The Cambridge Companion, 2003
  8. «Двойной юбилей Валерия Гергиева». Театрал. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. Brown, 2015

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]