Դիմիտրիոս Մակրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրիոս Մակրիս
Δημήτριος Μακρής
Դիմիտրիոս Մակրիսը՝ ավանդական կլեֆտական համազգեստով
1772 - 1841
ԾննդավայրԵվրիտանիա, Օսմանյան Հունաստան
Մահվան վայրԵվրիտանիա, Հունաստանի թագավորություն
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն

Դիմիտրիոս Մակրիս (հին հունարեն՝ Δημήτριος Μακρής, 1772, Եվրիտանիա, Օսմանյան Հունաստան[1] - 1841, Եվրիտանիա, Հունաստանի թագավորություն), Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի գործիչ, կլեֆտոսների[2] և արմատոլոյների շարժման համահիմնադիր[3]։

Եղել է Հունաստանի ազատագրության համար պայքարող «Ֆիլիկի էթերիայի» կազմակերպության անդամ և ակտիվորեն մասնակցել է Կենտրոնական Հունաստանի արևմտյան հատվածի ազատագրությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիոս Մակրիսը ծնվել է 1772 թվականին օսմանահպատակ Հունաստանի Եվրիտանիա շրջանի Գավալու փոքրիկ բնակավայրում։ Նրա հայրը՝ Եվանգելոս Մակրիսը, եղել է 1770 թվականների ապստամբության կազմակերպիչներից և իրագործողներից մեկը։ Հոր մահից հետո դարձել է Զիղոսի համայնքապետը։

Դիմիտրիոսի կյանքն ու կենսագրությունը մեծապես կապված է Հունաստանի ազգային-ազատագրական հեղափոխության հետ, քանի որ վերջինս եղել է այդ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ի սկզբանե Դիմիտրիոսը կապիտան Գեորգիոս Սֆալտոսի ենթակայության ներքո ծառայել է որպես կլեֆտոս, իսկ Սֆալտոսի մահվանից հետո անձամբ ստանձնել է ռազմական ստորաբաժանման ղեկավարությունը։

Ցկյանս եղել է Զիղոսի արմատոլոյը, սակայն երբեք չի համագործակցել Յանինայի Ալի փաշայի հետ։ Հայրենիքին նվիրված անշահախնդիր գործունեության համար վերջինս նախքան համազգային պայքարի մեկնարկը հրավիրվել է «Ֆիլիկի էթերիա» և անդամակցել որպես արևմտյան մայրցամաքային Հունաստանի ներկայացուցիչ։

Հունաստանի ազգային-ազատագրական պատերազմի տարիներին Դիմիտրիոսը մասնակցել է բազմաթիվ ռազմական առճակատումների, այդ թվում՝ Մեսոլոնգիոնի ազատագրմանը։ Քաղաքի պաշարման ընթացքում Դիմիտրիոսը ծանոթացել է քաղաքի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Սամոս Ռազի-Կոտսիկասի դստեր՝ Եփրաքսիայի հետ և շուտով ամուսնանում նրա հետ։ Հաջորդիվ Մակրիսը Ագրինիոնում և Այտորիկոյում կռվում է թուրքերին զինակցող ալբանական խաժամուժի դեմ՝ համագործակցելով Ալեքսանդրոս Մավրոկիրդատոսի հետ։ 1823 թվականին Դիմիտրիոսը ստանում է գեներալի աստիճան։ Ազգային-ազատագրական շարժման հաղթանակից և Հունաստանի թագավորության հռչակումից հետո Դիմիտրիոսը ստանում է բազմաթիվ քաղաքական և ռազմական շքանշաններ ու մեդալներ։ Ռազմական գործողությունների դադարելուց հետո 1841 թվականին Մակրիսը վերադառնում է ծննդավայր Գավալու, որտեղ էլ 1841 թվականին կնքում է իր մահկանացուն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The United service magazine, Part 1. H. Colburn. 1857. էջ 254. OCLC 297320642.
  2. Dontas, Domna N. (1990). The last phase of the War of Independence in Western Greece: December 1827 to May 1829, Volume 1966. Adolf M. Hakkert. էջ 24. ISBN 90-256-0987-2. «in 1800, Demetrios Makris, a kleftis, had succeeded his father to the kapetaniliki in the district of Zyghos. A simple yet very stubborn man,»
  3. Dakin, Douglas (1973). The Greek struggle for independence, 1821-1833. University of California Press. էջ 232. ISBN 0-520-02342-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիոս Մակրիս» հոդվածին։