Դենիս Տկաչուկը ծնվել և մեծացել է Բելգորոդում։ «Սալյուտ» ակումբի սան է։ Երկար ժամանակ խաղացել է երիտասարդական թիմում, իսկ 2008 թվականին ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է Օրենբուրգի«Գազովիկ» ակումբ, սակայն նույն թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Սամարայի«Կռիլյա Սովետովի» հետ[2][3]։ 2015 թվականի հունվարին Տկաչուկը մասնակցել է դիտումների Պետերբուրգի«Զենիթ» ակումբում[4], սակայն միանգամից չի ընտրվել։ Կես տարի անց Տկաչուկը տեղափոխվել է «Զենիթ» ազատ գործակալի կարգավիճակով։ ՖԱԼ առաջնության մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է «Զենիթ-2» ակումբում, իսկ Պետերբուրգի թիմի հիմնական կազմում անցկացրել է ընդամենը 7 խաղ։
2015 թվականի սեպտեմբերի 23-ին 2015/16 Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Տվերի«Վոլգայի» դեմ արտագնա խաղում դուրս է եկել փոխարինման առաջին խաղակեսից հետո և ավելացված ժամանակում խփել է 3 գոլ[5]։
2016 թվականի հունվարի 18-ին «Ռուբինը» հայտարարել է Տկաչուկի տրանսֆերը գնելու մասին[6]։ Ակումբում անցկացրած հենց առաջին խաղում նա գրավել է «Կուբան» ակումբի դարպասը, որը դարձել է այդ խաղի միակ գնդակը և Կազանի թիմին հաղթանակ բերել[7]։
2012 թվականին Դենիս Տկաչուկն անցկացրել է մեկ խաղ Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում ընդդեմ Բելգիայի երիտասարդական հավաքականի։ 2016 թվականի նոյեմբերի 6-ին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Կատարի և Ռումինիայի հավաքականների դեմ ստուգողական խաղերին։