Դավիթ Վարդանյան («Տիտանիկի» ուղևոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Վարդանյան (այլ կիրառումներ)
Դավիթ Վարդանյան
արմտ. հայ.՝ Դաւիթ Վարդանեան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1890(1890-04-15)[1]
ԾննդավայրՕրոր, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1966(1966-08-03)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ

Դավիթ Վարդանյան (անգլ.՝ David Vartanian, անգլերեն աղբյուրներում երբեմն գրվում է որպես Դավիթ Վարդունյան David Vartunian, ապրիլի 15, 1890(1890-04-15)[1], Օրոր, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 3, 1966(1966-08-03)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ) կամ Տիտանիկ Դավիթ[2], խորտակված Տիտանիկ շոգենավի հայազգի ուղևոր, 711 փրկված մարդկանցից մեկը։ Ընդհանուր առմամբ նավում կար 6 հայ, որոնցից երկուսը՝ Դավիթ Վարդանյանը և Նշան Գրիգորյանն են փրկվել։ Նավի խորտակման պահին նա 22 տարեկան էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Վարդանյանը ծնվել է 1890 թվականի ապրիլի 15-ին, Արևմտյան Հայաստանում, Ազատիա Վարդանյանի և Սիերմա Աբիկյանի ընտանիքում։ Ապրել է Էրզրումի մոտակայքում գտնվող Քղիի գավառակի Օրոր գյուղում։

Դավիթն աշխատել է որպես բանվոր և ամուսնացել է 1911 թվականին Մարիամ Պայծառի հետ (ծն. 1895 թվականի ապրիլի 15, Քղիի Ճերմակ գյուղում)։ Դավիթը՝ որպես քրիստոնյա և հայ, դժվար կյանք է ունեցել․ նա և իր նմանները համարվում էին երկրորդ կարգի քաղաքացիներ և դաժան հալածանքների էին ենթարկվում Օսմանյան Թուրքիայի ռեժիմի ներքո։ Քաղաքական և կրոնական անկարգություններից ստիպված Դավիթը և նրա մի քանի հայրենակիցները՝ Նշան Գրիգորյանը, Արսեն Սիրականյանը, Հարություն Զաքարյանը և Մամփրե Զաքարյանը՝ երկրից փախչելով արտագաղթել են Կանադա՝ միանալու Բրանտֆորդ մեկնած քղեցիներին, որոնք աշխատում էին տեղի ձուլարանում։ Նրա կինը՝ Մարիամը, մնացել է Քղիում։

Տիտանիկի նավաբեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը ֆրանսիական Շերբուր կոմունայում (Cherbourg-en-Cotentin) բարձրացել է Տիտանիկ նավ, որպես երրորդ կարգի ուղևոր (տոմսի համարը՝ 2658, որի արժեքը 7 ֆունտ ստեռլինգ, 4 շիլինգ, 6 պենս էր)։ Տիտանիկը 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը բախվելով այսբերգի հետ՝ խորտակվեց Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում։ Ապրիլի 15-ին Դավիթ Վարդանյանը դառնում էր 22 տարեկան։ Հայրենի գյուղից ոչ հեռու գտնվող գետակում նա սովորել էր լողալ, որի շնորհիվ էլ կարողացել է փրկվել մահից[2]։ Նրան հաջողվել է փրկվել իր պնդմամբ, Collapsible A (Ծալովի նավակ Ա) պահուստային նավակով, բայց ավելի հավանական է համարվել, որ նա փրկվել է սովորական փրկարար նավակներից մեկով՝ կամ 13, բայց, ավելի հավանական է 15 -րդ նավակով[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում, Տիտանիկի կործանումից փրկված իր հայրենակցի՝ Նշան Գրիգորյանի հետ միասին, գնացել է պարոն Պոլ Մարտինի մոտ (Princess Street 108, Համիլթոն, Օնտարիո)։ Նա այնտեղ ապրել է մի քանի տարի, մինչև վերջապես հաստատվել է ԱՄՆ -ում։

Նա կարծում էր, որ իր կինը, որի հետ ամուսնացել է 1911 թվականին, Հայոց ցեղասպանության զոհ էր դարձել Քղիի կոտորածի ժամանակ, սակայն, այնուամենայնիվ, շարունակել է գրել տուն՝ նրա հետքը գտնելու հույսով։ Տարիներ շարունակ համառորեն փնտրելով նրան հաջողվել է պարզել, որ իր կինը դեռ ողջ է։ Զույգը վերամիավորվել է տասնմեկ տարվա ընդմիջումից հետո։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Նիագարայի ջրվեժի Rainbow կամրջի վրա՝ կինը կանադական կողմից, ամուսինը՝ ամերիկյան[2]։

Դավիթը և նրա կինը բնակություն են հաստատել Քրոուֆորդի Միդվիլ քաղաքում (Փենսիլվանիա)։ Ունեցել են երեք երեխա՝ Ջեք (1924-1986), Ռոուզ (1926-2012, հետագայում ՝ ամուսնացած Գևորգ Վարդանյանի հետ) և Ալիս (ծն. 1931, հետագայում՝ ամուսնացած Դեն Վոյդիլակի հետ)։ 1940 թվականի մարդահամարի ընտանիքը ժամանակ դեռևս բնակվում էր Միդվիլում, բայց նրանք հետագայում տեղափոխվել և հաստատվել են Միչիգանի Դետրոյթ քաղաքում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Վարդանյանը մահացել է Դետրոյթում, 1966 թվականի օգոստոսի 3 -ին 76 տարեկան հասակում և թաղված է այդ քաղաքի Վուդմիր գերեզմանատանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
  2. 2,0 2,1 2,2 Apigian-Kessel, Betty (2012 թ․ սեպտեմբերի 27). «Rose Vartanian: Focus of Titanic Exhibit and Party». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «David Vartanian : Titanic Survivor». Encyclopedia Titanica (english). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]