Դադիանի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դադիանի պալատ
Տեսակպատկերասրահ
Երկիր Վրաստան[1]
ՏեղագրությունԶուգդիդ
ՎայրԶուգդիդ
Հիմնադրվել է1840
ՀիմնադիրԱկալի Չանտուրիա
Կայքgeorgianmuseums.ge
Քարտեզ
Քարտեզ

Դադիանի պալատ, մեգրելական Դադիանի տոհմի տիրակալների նստավայր վրացական Զուգդիդ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի միսիոներ Արկանջելո Լամբերտին, որ այցելել է Վրաստան 17-րդ դարում, գրում էր, որ «իշխանն ունի ավելի քան 50 պալատ, որոնցից Զուգդիդի պալատը ամենագեղեցիկն է. այն կառուցված է շատ լավ քարից, դրա առանձնասենյակները զարդարված են պարսկական ոճով»[2]։

Այժմ գոյություն ունեցող պալատը կառուցվել է 1873-78 թվականներին իշխանուհի Եկատերինա Դադիանիի համար։ Նախագծման ժամանակ ճարտարապետ Էդգար Ջ. Ռայսը հիմք է ընդունել Ալուպկայի Վորոնցովյան պալատը[3]։ Երկրորդ պալատը կառուցվել է 1880-ական թվականներին իշխանուհու որդու՝ վերջին մեգրելական տիրակալի համար` Լեոնիդ Վասիլևի նախագծով։

Նիկոլայ Դադիանիի` գահից հրաժարվելուց հետո (1866 թվականին) նրա քույր Սալոմեն մոր հետ մեկնեց Փարիզ, որտեղ 1868 թվականի մայիսի 18-ին ամուսնացավ մարշալ Մյուրատի թոռան` արքայազն Աշիլ Մյուրատի հետ, որը Մեգրելիա բերեց բոնապարտիստների մի քանի մասունքներ, որոնց մեջ էր նաև Նապոլեոնի երեք հետմահու դիմակներից մեկը։ Այժմ այն ցուցադրված է պատմական թանգարանում, որը զբաղեցնոմ է պալատական համալիրի մի մասը։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադիանի պալատի դիմաց
Պալատի դիմացի զբոսայգին

Թանգարանը հիմնադրվել է Մեգրելիայի տիրակալ Դավիթ Դադիանիի նախաձեռնությամբ 1849 թվականին տիրակալի գանձարանի առարկաների և վրացական հնությունների հիման վրա։ Այսօր թանգարանում հավաքված են մինչև 41000 ցուցանմուշ՝ վրացական ազգային մշակույթի եզակի նմուշներ։ Դրանց մեջ են Տագիլոնյան գանձի իրերը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), ոսկե անտիկ դիմակ, վրացական Թամար թագուհու մոր սրբապատկերը (12-րդ դար), պատմության հուշարձաններ, որոնք Վրաստան են հասել Կոստանդնուպոլսի անկումից հետո, միջին դարերի եվրոպական ռազմական զենքեր, արևմտա-եվրոպական վարպետների գեղանկարչության և գրաֆիկայի գործեր։

Պալատի շրջակայքում փռված է Զուգդիդի լայնածավալ բուսաբանական այգին, որը տնկել է Եվրոպայից կանչված այգեգործների օգնությամբ Սալոմեյի մայրը՝ Եկատերինա Ալեքսանդրովնա Ճավճավաձե-Դադիանին՝ Նինա Գրիբոյեդովայի հարազատ քույրը։ Պարտեզի մակերեսը կազմում է 26,4 հեկտար։

Սեփականության մասին հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերին մշտական բնակության համար Զուգդիդի տեղափոխվեց արքայազն Աշիլ Մյուրատի և իշխանուհի Սալոմեյի ծոռը՝ արքայազն Ալեն Մյուրատը, իր կնոջ՝ արքայադուստր Վերոնիկայի (ծննդյամբ՝ դե Շաբո-Տրամեկուր) և դստեր՝ Մաթիլդայի հետ միասին։ Նրանք հիմնեցին «Մյուրատները Վրաստանում» հիմնադրամը և փորձեցին Եվրոպական դատարանի միջոցով ստանալ Դադիանի իշխանների գույքը՝ ներառյալ պալատը։ Սակայն կա նաև վրացական «Դադիանի իշխանների պալատների փրկության» հիմնադրամ, որի ներկայացուցիչները նշում են, որ 1919 թվականին Դադիանիների ժառանգները պաշտոնապես հրաժարվել են պալատական համալիրի նկատմամբ իրենց իրավունքներից։

2007 թվականի մայիսի 26-ին Զուգդիդ այցելության ընթացքում Վրաստանի նախագահը հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվելու Դադիանի իշխանների պալատը վերականգնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. http://www.vostlit.info/Texts/Dokumenty/Kavkaz/XVII/1640-1660/Lamberti/frametext.htm АРКАНДЖЕЛО ЛАМБЕРТИ, "ОПИСАНИЕ КОЛХИДЫ ИЛИ МИНГРЕЛИИ"
  3. «Dadiani Dynasty». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դադիանի պալատ» հոդվածին։