Գործարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործարք. ֆիզիկական ու իրավաբանական անձանց գործողություններ, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն։ Գործարքին բնորոշ հատկանիշներն են.

  1. գործարքը համարվում է իրավաբանական փաստ,
  2. գործարքը միշտ իրավաչափ գործողություն է,
  3. գործարքը կամային գործողություն է,
  4. գործարքն ուղղված է սուբյեկտների միջև քաղաքացիական իրավահարաբերություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն,
  5. գործարքն իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում միայն այն կնքած անձանց, երբեմն նաև երրորդ անձի համար։

Գործարքի հասկացությունն ու դրա մասին գիտական դրույթները ձևավորվել են գերմանական իրավական համակարգում, որտեղ գործարքը բնորոշբում է որպես անձի կամքն արտահայտելուն ուղղված իրավական գործողությունների ամբողջություն` օրենքով թույլատրված շրջանակներում։ Այս հասկացությունը անձնական կամքի ու օրենքի տեսության միջև կոմպրոմիս է։ Անձնական կամքի տեսությունը հանգում է նրան, որ կամքն ու կամահայտնությունը բնորոշում են գործարքը, և առանց դրանց գործարքն անհնարին է։ Երկրորդ տեսությունը արտահայտում է այն գաղափարը, որ կամքը և կամահայտնությունը նշանակություն չունեն այնքան ժամանակ, քանի դեռ իրավական կարգավորման չեն ենթարկվել։

Գործարքների էությունը հասկանալու համար շատ կարևոր է ևս մի բան. գործարքն ինտելեկտուալ բնույթ ունի։ Մենք կարող ենք պայմանավորվել, որ գործարք կա, կամ կարող ենք պայմանավորվել, որ այն չկա։ Հենց սրանով էլ գործարքը տարբերվում է, օրինակ, փաստական գործողություններից։

Գործարքների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական իրավունքում առանձնացվում են գործարքների տարբեր տեսակներ` տարբեր չափանիշներից ելնելով.

  • Գործարքի կողմերից կախված` առանձնացնում են միակողմ և բազմակողմ գործարքներ,
  • Իրավական ուժ ստանալու պահից կախված` առանձնացնում են կոնսենսուալ և ռեալ գործարքներ,
  • Գործարքի հիմքի որոշակիությունից կախված` առանձնացնում են կաուզալ և վերացական գործարքներ,
  • Կախված գործարքի` որոշակի ժամկետով կնքված լինելուց` առանձնացնում են ժամանակավոր և անժամկետ գործարքներ,
  • Մասնակիցների փոխհարաբերություններից կախված` առանձնացնում են ֆիդուցիար և ալեատոր գործարքներ,
  • Գործարքի ձևից կախված` առանձնացնում են գրավոր և բանավոր գործարքներ։

Միակողմ և բազմակողմ գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակողմ է համարվում այն գործարքը, որի իրականացման համար բավարար է մի կողմի կամահայտնությունը։ Այդպիսի գործարքը, որպես կանոն, իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում միայն այդ կամքն արտահայտած կողմի համար։ Երրորդ անձանց համար իրավունքներ ու պարտականություններ առաջանում են միայն օրենքով կամ վերջիններիս համաձայնությամբ նախատեսված դեպքերում։ Բազմակողմ է այն գործարքը, որի իրականացման համար պարտադիր է երկու և ավելի անձանց համաձայնությունը, այլ կերպ ասած` պայմանագիրը։

Կոնսենսուալ և ռեալ գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական իրավունքում գործարքների մեծ մասը կայացած է համարվում այն պահից, երբ կողմերը կայացնում են համապատասխան համաձայնությունը։ Այդպիսի գործարքները կոչվում են կոնսենսուալ, լատիներեն consensus` համաձայնություն բառից։ Այսպիսի գործարքները կնքված համարելու համար պարտադիր չէ գործարքի առարկայի հանձնումը մի կողմից մյուսին։ Ռեալ գործարքները կնքված են համարվում այն պահից, երբ տեղի է ունենում պայմանագրի առարկայի հանձնում մի կողմից մյուսին։ Անկախ համաձայնության կայացման պահից` այս գործարքները կնքված են համարվում այն ժամանակ, երբ փոխանցվում է գործարքի առարկա հանդիսացող գույքը։

Կաուզալ և վերացական գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուզալ է այն գործարքը, որի բովանդակությունից երևում է վերջինիս իրավական հիմքը և հետապնդած նպատակը։ Օրինակ` առուծախի պայմանագրից երևում է, թե ինչ իր է հանձնում վաճառողը գնորդին` որպես սեփականություն։ Գործարքների մեծ մասն իր բնույթով կաուզալ է։ Կաուզալ գործարքի կատարումը պետք է համապատասխանի այն իրավական նպատակին, որի համար կնքվել է գործարքը։ Վերացական է այն գործարքը, որի բովանդակությունից նրա իրավական հիմքն ու հետապնդած նպատակը հնարավոր չէ պարզել։ Այդպիսի գործարքի օրինակ է մուրհակը։ Մուրհակի վավերության համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչի համար է վերջինս տրվել` ստացած ապրանքների դիմաց վճարումն ապահովելո՞ւ, թե՞ ծառայություններ մատուցելու։

Ժամանակավոր և անժամկետ գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակավոր գործարքն ամրագրում է նշված երկու պայմաններից մեկը կամ երկուսը միաժամանակ.

  • գործարքի գործողության սկիզբը,
  • գործարքի գործողության ավարտը։

Այն ժամկետը, որի հետ կողմերը կապում են գործարքով սահմանված իրավունքների ու պարտականությունների ծագումը, կոչվում է հետաձգող։ Օրինակ` կողմերը կարող են պայմանավորվել, որ մատակարարման պայմանագրով իրավունքներն ու պարտականությունները ծագում են մատակարարողի հաշվին գումարը նստելու պահից։ Եթե գործարքը գործելու է որոշակի ժամանակի ընթացքում և կողմերը նշում են այն պահը, որից հետո գործարքը դադարելու է, այդպիսի ժամկետը համարվում է կասեցնող։ Օրինակ, կողմերը պայմանավորվում են, որ վարձակալության պայմանագիրը դադարելու է հուլիսի 1-ին։ Հնարավոր է, որ պայմանագրում միաժամանակ նշված լինեն և' հետաձգող, և' կասեցնող ժամկետները։ Օրինակ` շենքի վարձակալության պայմանագրում կարող է նշվել, որ պայմանագրի գործողությունը սկսվելու է հունիսի 1-ին և դադարելու է սեպտեմբերի 15-ին։

Ֆիդուցիար և ալեատոր գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդուցիար կամ վստահության վրա հիմնված են այն գործարքները, որոնց հիմքում ընկած են կողմերի` փոխադարձ վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները։ Այդպիսի վստահության կորուստը կողմերին հնարավորություն է տալիս հրաժարվել գործարքի կատարումից։ Ալեատոր են ռիսկային գործարքները, այլ կերպ անվանում են բախտի գործարքներ, օրինակ` վիճակախաղը, որոշ բորսային գործարքներ։ Ալեատոր գործարքների իրականացումը կախված է կողմերին անհայտ հանգամանքներից։

Գործարքների անվավերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարքն անվավեր է քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից։ Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել քաղաքացիական օրենսգրքում նշված անձինք։ Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով։

Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ։ Կեղծ գործարքը, այսինքն առրևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը առոչինչ է։

Շինծու գործարքը, այսինքն մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է։ Այն գործարքի նկատմամբ հաշվի առնելով դրա էությունը կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս։

Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է։ Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ առանց հոգաբարձուի համաձայնության կնքած գույքի տնօրինման գործարքը դատարանը կարող է հոգաբարձուի հայցով անվավեր ճանաչել։ Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքն առոչինչ է։ Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության կնքած գործարքը, դատարանով կարող է անվավեր ճանաչվել ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի հայցով։ Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր համգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը, տուժողի հայցով դատարանը կարող է անվավեր ճանաչել։

Գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
  • Տ. Բարսեղյան «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք», Երևան 2014
  • Алексеев С. С. Гражданское право. — М.: Проспект, 2012. — 536 с. — ISBN 978-5-392-03276-1.
  • Сергеев А. П. Гражданское право. В 3-х тт. Т. 1. — М.: РГ-Пресс, 2011. — 1008 с. — ISBN 978-5-9988-0022-1.
  • Суханов Е. А. Гражданское право. В 4-х тт. Т. 1: Общая часть. — М.: Волтерс Клувер, 2008. — 720 с. — ISBN 978-5-466-00043-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 174