Մուրհակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուրհակ (անգլերեն՝ promissory note), խիստ սահմանված ձևի գրավոր պարտավորվածություն, որը նրա տիրոջը (մուրհակատիրոջը) անվիճելի իրավունք է տալիս ժամկետը լրանալուց հետո պարտապանից պահանջել նշված դրամական գումարի վճարումը։

Ներկայում մուրհակը միջազգային առևտրում օգտագործվող հաշվարկների և վարկավորման կարևոր գործարքներից մեկն է։ Տարբերվում են պարզ (promissory note) և փոխանցվող (bill of exchange) մուրհակներ։ Պարզ մուրհակը դուրս է գրվում և ստորագրվում պարտապանի կողմից։ Փոխանցվողը՝ վարկատուի (drawer) կողմից և իրենից ներկայացնում է հրաման պարտապանին (drawee) նշված ժամկետում գումարը երրորդ անձին՝ ռեմիտենտին (remittee) վճարելու մասին։

Մուրհակի ձևը, նրա ներկայացման, վճարման, շրջանառության կարգը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները և մուրհակային այլ իրավահարաբերություններ կարգավորվում են մուրհակային օրենսդրության նորմերով։ Ժնևյան համաձայնագրի համապատասխան մուրհակը պետք է ունենա պարտադիր տարրեր (ռեկվիզիտներ), մուրհակի նշան՝ փաստաթղթի տեքստում «մուրհակ» անվանումը, անպայման հրաման կամ պարտավորվածություն որոշակի գումար վճարելու մասին, վճարողի և առաջին պահողի անվանումը, վճարման ժամկետն ու տեղը, ռեմիտենտի անվանումը, փաստաթուղթը կազմելու տեղն ու ժամկետը և մուրհակատուի ստորագրությունը։