Բրեմենյան դիտահոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեմենյան դիտահոր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcollecting box?
Ստեղծում2007
Երկիր Գերմանիա
ԲնակավայրՄիտտե
Նյութբրոնզ
 Bremer Loch Վիքիպահեստում

Բրեմենյան դիտահոր (գերմ.՝ Bremer Loch), կլոր բրոնզե ծածկ, որը նման է սովորական կափարիչի։ Այն ծածկում է կոյուղու դիտահորը և ներկառուցված է մայթին։ Ակուստիկ սոցիալական բանկ է, նվիրատվության բնօրինակ անոթ։ Տեղադրվել է Բրեմեն քաղաքի շուկայի հրապարակում՝ քաղաքային խորհրդարանի շենքի դիմաց։ Դիտահորի կափարիչի տակ կա մի դույլ, որի մեջ ընկնում են զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների նետած մետաղադրամները։ Դրանից հետո կափարիչի տակից լսվում է աքաղաղի բարձր կանչ, էշի զռռոց, կատվի մլավոց կամ շան հաչոց[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմենի շուկայի հրապարակում, որտեղ գտնվում են Բրեմենի քաղաքապետարանը, տաճարը և քաղաքային խորհրդարանի շենքը, վերջին շենքի դիմաց տեղադրվել է նվիրատվության անսովոր տարա։ Ողորմության հավաքման վայրը կարծես կոյուղու դիտահորի կլոր բրոնզե ծածկ լինի։ Կափարիչի կենտրոնում մի փոքր անցք է արվել, որպեսզի մարդիկ այնտեղ մետաղադրամներ նետեն։ Դրամ նետելուն ի պատասխան հնչում է հայտնի «Բրեմենյան երաժիշտների» չորս կերպարներից մեկի՝ էշի, շան, կատվի կամ աքաղաղի ձայնը[2]։

«Երգող դիտահորը» յուրօրինակ և հետաքրքիր միջոց է զբոսաշրջիկներին տեղական բարեգործական նախագծերին նվիրատվություններ անելու համար։ Նվիրատվության տարան 91,44 սմ խորությամբ և 50,8 սմ տրամագծով պողպատե տարա է։ Երբ մետաղադրամն անցնում է կափարիչի ճեղքի միջով, հնչում են Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտների» մասին հայտնի հեքիաթի հերոսների ձայները ՝ շան հաչոց, աքաղաղի կանչ, կատվի մլավոց կամ էշի զռռոց։ Երբ մետաղադրամները հարվածում են բնիկին, նրանք անցնում են ֆոտոէլեմենտով, որն էլ ազդանշանը փոխանցում է ձգանին։ Այնուհետև ինտեգրալ չիպը սկսում է հնչեցնել նախապես ձայնագրված կենդանիների ձայներից մեկի ձայնը։ Հավաքված գումարը պատկանում է բարեգործական հիմնադրամին՝ Վիլհելմ Կայզենի անվան քաղաքացիների օգնության կազմակերպությանը (գերմ.՝ Wilhelm-Kaisen-Bürgerhilfe, WKB)։ Այն անվանվել է Բրեմենի նախկին քաղաքապետի անունով, որն օգտագործում էր դրանք տարբեր քաղաքային նախագծերին աջակցելու համար։ 2017 թվականի սկզբին տեսարժան վայրի հիմնադրումից ի վեր հավաքված ընդհանուր գումարը կազմում էր մոտ 150․000 եվրո[3]։ Կենդանիներից յուրաքնչյուրի ձայնը հնչում է մեկ անգամ, ուստի շատ այցելուներ մեկը մյուսի հետևից մետաղադրամ են նետում, որպեսզի լսեն բոլոր չորս կերպարների ձայները, որոնք Բրեմենի համար յուրօրինակ խորհրդանիշ են[4]։

Բրեմենի երգող դիտահորը աջակցում է բարեգործական նախագծերին։ Այն պրոֆեսոր և դիզայներ Ֆից Հաասեի գաղափարն է (գերմ.՝ Fitz Haase), որը ստեղծել է նվիրատվությունների հավաքման արտասովոր արկղը, որպեսզի օգնի քաղաքի բարեգործական կազմակերպությանը[5]։ Միջոցների կառավարումն ու բաշխումն իրականացվում է բարեգործական հիմնադրամի կողմից, որը դրանք ուղղում է տարբեր կազմակերպություններում և ընկերություններում հաշմանդամներին օգնելու համար։ Նվիրատվությունները Բրեմենում կարիքավոր մարդկանց ուղարկվում են նպատակային, առանց բյուրոկրատական քաշքշուկների։ Դրանք ուղղվում են՝ ծանր և անհույս հիվանդ մարդկանց աջակցելու նախագծերին, զբոսայգիների ստեղծմանը, մանկապարտեզներում հաշմանդամ երեխաների սպասարկմանը, տեղեկատվական կայքերին և այլ բարեգործական գործընթացներին։ Բրեմենի երգող դիտահորը տեղադրվել է 2007 թվականին, որի մեջ տարեկան միջինը 12 000-ից 17 000 եվրո է գցվում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анастасия Буцко (2012 թ․ մայիսի 24). «Бременские коммерсанты, или Как продает себя город». dw.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  2. «Die akustische Sozial-Spardose». CityInitiative Bremen Werbung eV (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  3. «Bremer Loch - It crows, meows, barks and brays». walled-in-berlin (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
  4. Kaushik Patowary. «Bremer Loch: The Hole of Bremen». amusingplanet.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  5. «Wilhelm Kaisen Bürgermahl». Wilhelm Kaisen Bürgerhilfe (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  6. «Mehr als 15.000 Euro sind im Bremer Loch gelandet». Weser Report (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.