Գրիմ եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիմ եղբայրներ` Վիլհելմ (ձախից) և Յակոբ (աջից), 1855, Էլիզաբեթ Յերիխաու

Գրիմ եղբայրներ, (գերմ.՝ Brüder Grimm կամ Die Gebrüder Grimm; Յակոբ Գրիմ (4 հունվարի, 1785 — 20 սեպտեմբերի, 1863) և Վիլհելմ Գրիմ (24 փետրվարի, 1786 — 16 դեկտեմբերի, 1859)), գերմանացի լեզվաբաններ ու գերմանական ժողովրդական մշակույթի ուսումնասիրողներ: Հավաքել են գերմանական բանահյուսության նմուշներ և հրատարակել են «Գրիմ եղբայրների հեքիաթներ» անունը կրող մի քանի ժողովածուներում, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում: Կարլ Լախմանի ու Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեի հետ միասին համարվում են գերմանական լեզվաբանության ու գերմանիստիկայի հիմնադիրները: Կյանքի վերջում նրանք զբաղվել են գերմաներենի առաջին բառարանի ստեղծման աշխատանքներով: Վիլհելմը մահացել է 1859 թվականի դեկտեմբերին` D տառի բաժինն ավարտելուց հետո: Յոկոբը եղբորից ավելի ապրեց չորս տարով և հասցրեց ավարտել A, B, C և E տառերը: Նա մահացավ աշխատասեղանի մոտ` գերմ.՝ Frucht (միրգ) բառահոդվածի վրա աշխատելիս:

Գրիմ եղբայրների բազմաթիվ գործեր էկրանավորվել են և երեխաներին ծանոթ են դեռևս վաղ տարիքից

Գրիմ եղբայրներն ավարտել են Մարբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը։ Նրանք 1841 թվականից եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և Պրուսական գիտությունների ակադեմիայի անդամ։ Մանկուց սիրել են գերմանական ժողովրդական հեքիաթներն ու առասպելները։ Նրանք 40 տարի շրջագայել են Գերմանիայում, հավաքել ու գրի են առել ժողովրդից լսած հեքիաթները չարի ու բարու մասին։ Գրիմ եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար։ Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը։ Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը», «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ, առաքինի ու գեղեցիկ հերոսները։

Բարի ու չքնաղ Մոխրոտին օգնության են հասնում ճնճղուկներն ու աղավնիները։ Շնորհիվ բարի փերու՝ նա ամուսնանում է արքայազնի հետ, իսկ խորթ մայրն ու քույրերը պատժվում են Մոխրոտին հալածելու համար։

Ձյունանուշ և Ալծաղիկ բարեսիրտ ու մաքրասեր քույրերը ձմռանն արջին տեղ են տալիս իրենց տաքուկ խրճիթում։ Պարզվում է, որ այդ բարի ու մռթմռթան արջը թագավորի տղա է, ում կախարդել է չար թզուկը. կախարդանքը վերանում է, և Ձյունանուշն ամուսնանում է արքայազնի, իսկ Ալծաղիկը՝ նրա եղբոր հետ։

Քույր և եղբայր Հենզելն ու Գրետելն իրենց սիրո շնորհիվ հաղթում են չար պառավին և ապահով վերադառնում տուն։

Ընկերական վեհ ու ամուր սիրո մասին է պատմում «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները» հեքիաթը։

Գրիմ եղբայների արձանը Հանաուում

Իհարկե, որքան էլ հեքիաթները կախարդական լինեն, դրանց հիմքում դարձյալ իրական կյանքն է։ Գրիմ եղբայրների հեքիաթներում հաճախ ենք հանդիպում Հանս անունով հերոսին («Զորեղ Հանսը», «Խաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է» և այլն)։ Հանսը երբեմն դատարկամիտ է, երբեմն՝ խելառ, երբեմն՝ բարի ու քաջ. նա մանուկների ամենասիրելի հերոսներից է։ Գրիմ եղբայրները, բացի հեքիաթներից, բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են գրել բանասիրության և բանահյուսության վերաբերյալ, կազմել են բացատրական բառարան՝ 16 հատորով։ Նրանք նաև գերմանագիտության և բանագիտության մեջ դիցաբանական դպրոցի հիմնադիրներն են։ Լույս են ընծայել «Մանկական ու ընտանեկան հեքիաթներ» (2 հատորով, 1812–14 թթ.) ժողովածուն, «Գերմանական ավանդազրույցներ» (2 հատորով, 1816–18 թթ.) ուսումնասիրությունը։ Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png