Բերիլիումի համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերիլիումի համաձուլվածքներ, համաձուլվածքներ, որոնց հիմքը բերիլիումը՝ Be, է։ Բերիլիումի համաձուլվածքների արդյունաբերական կիրառությունն սկսվել է 1950-ական թվականներին։

Բերիլիումին բնորոշ փխրունությունը վերանում է արծաթի, պղնձի, նիկելի, կոբալտի, երկաթի, ալյումինի և այլ մետաղների հետ նրա համաձուլվածքներում։ Մետաղը պատում է բերիլիումի հատիկները և նպաստում չկողմնորոշվող հատիկների սահմաններում լարումների ռելաքսացմանն ու պլաստիկ ձևափոխության ընթացքին։ Բերիլիումի համաձուլվածքները կարելի է կռել, գլոցել, մամլել ևն։

Բերիլիումի համաձուլվածքները, որոնք պարունակում են 1,9–3,7% արծաթ, ունեն բարձր պլաստիկություն, իսկ 20–40% արծաթի դեպքում՝ բարձր դիմադրություն հարվածային բեռնվածքների նկատմամբ։ Արդյունաբերական նշանակություն ունեն բերիլիում–ալյումին համակարգի համաձուլվածքները, որոնք պարունակում են 24–43% ալյումին և կոչվում «լոկելոյ» (մշակել է ԱՄՆ–ի «Լոկհիդ» ֆիրման)։ Կոբալտի և երկաթի հետ բերիլիումի համաձուլվածքներն ունեն մեծ ամրություն, իսկ պղնձի և նիկելի հետ պակաս ամուր են, բայց՝ ավելի պլաստիկ։

Բերիլիումի համաձուլվածքները ջերմակայուն են։ Թեթևության և մեծ տեսակարար ամրության շնորհիվ կիրառվում են որպես կոնստրուկցիոն նյութ թռչող ապարատների համար։ Այդ համաձուլվածքներից դետալների և նախապատրաստվածքների ստացումը հիմնականում կատարվում է փոշեմետալուրգիայի մեթոդով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 423