Առլեն Ֆրենսիս
| Առլեն Ֆրենսիս | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Առլեն Ֆրենսիս |
| Ծննդյան օր՝ | 1908, սեպտեմբերի 17 |
| Ծննդավայր՝ | Բոստոն, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | 2001, մայիսի 31 |
| Վախճանի վայր՝ | Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ |
Առլեն Սարգսի Ֆրենսիս (Գազանջյան, անգլերեն` Arlene Francis, 1908, սեպտեմբերի 17 - 2001, մայիսի 31), հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ։ 1973-ին արժանացել է «Տարվա կին» տիտղոսին։
Ծնվել է Բոստոնում։ Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում։ Արվեստի աշխարհ է մուտք գործել 1937-ին։ Աշխատել է ռադիոյում` ստեղծելով 11 անուն հաղորդումներ, թատրոնում (գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի», «Դանտոնի մահը», «Առյուծը ձմռանը», «Չին-Չին» և այլ ներկայացումներում), 1950-ից` հեռուստատեսությունում. ստեղծել է տասից ավել հաղորդումներ («Տունը», «Առլին Ֆրենսիս շոու», «Ինչ է իմ ասելիքը» և այլն), խմբագրել ԷնԲիՍի ընկերության «Հոմ» հեռուստահանդեսը։
Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Բոլորն իմ որդիներն են», «Ցնցեք նրանց բոլորին» և այլ ֆիլմերում։
Գրել է 3 գիրք («Այդ որոշակի անորոշությունը», «Հմայքի կախարդանքը»), որոնք մեծ հաջողություն են ունեցել։
Նրա անունն ընդգրկվել է «Ամերիկայի հռչակավոր կանայք» ժողովածուում (1975) և «Ով ով է ամերիկուհիների աշխարհում» տեղեկատու գրքում։ Կապված է եղել հայկական շրջանակներին։ Մահացել է Սան Ֆրանցիսկոյում։[1][2]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են (կենսագրական բառարան), Երևան, «Ապոլոն», 1993, էջ 321։
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 694։