Աշխատանքի միջազգային բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեպքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։

Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.

  • թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
  • թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
  • թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։

ԱՄԲ ստեղծման և զարգացման գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկրների բնաաշխարհագրական տարբերությունները,
  2. Գիտատեխնիկական առաջընթացը,
  3. Երկրների զարգացվածության տնտեսական և գիտատեխնիկական մակարդակների տարբերությունները,
  4. Երկրի արտաքին կապերի և կենցաղավարման ձևերն ու բնույթը,
  5. Վերազգային կորպորացիաների տնտեսական էքսպանսիան,
  6. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի գործընթացների զարգացումը։

ԱՄԲ ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընդհանուր ԱՄԲ, աշխատանքի բաժանում նյութական և ոչ նյութական արտադրության խոշոր ոլորտների միջև (արդյունաբերություն, տրանսպորտ, կապ և այլն)։ Ընդհանուր ԱՄԲ-ի հետ է կապված երկրների՝ ըստ մասնագիտացման բաժանումը՝ վերամշակող, արդյունահանող և գյուղատնտեսական արտադրություն ունեցող երկրներ։
  2. Մասնակի ԱՄԲ, աշխատանքի բաժանում խոշոր ոլորտների ներսում՝ ըստ ճյուղերի և ենթաճյուղերի (ծանր և թեթև արդյունաբերություն, անասնաբուծություն և հողագործություն և այլն)։ Այն կապված է առարկայական մասնագիտացման հետ։
  3. Եզակի ԱՄԲ, աշխատանքի բաժանում մեկ կազմակերպության, ձեռնարկության ներսում։ Այդ դեպքում որպես ձեռնարկություն ընդունվում է առավել լայն ընդգրկում ունեցող հասկացությունը՝ որպես վերջնական արտադրանքի ստեղծման պարբերաշրջան։

Եզակի և մասնակից ԱՄԲ-ն նշանակալի չափով իրագործվում են վերազգային կորպորացիաների շրջանակներում, որոնք գործում են միաժամանակ տարբեր երկրներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • UNIDO (1986) World industry: a statistical review, 1985, Industry and Development, 18: Fig. 1; UNIDO database