Ծառայություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանձնակատարը ծառայություններ մատուցողի տիպիկ օրինակ է։

Ծառայություններ, օգտակար աշխատանքային գործունեության տեսակներ, անմիջաբար բավարարում են մարդկանց անձնական և հասարակական պահանջմունքները։

Ընդգրկում են՝

  • բնակարանային-կոմունալ տնտեսությունը
  • բնակչության կենցաղսպասարկումը
  • տրանսպորտը (մարդատար)
  • կապը (կազմակերպությունների և բնակչության ոչ արտադրական գործունեության ոլորտը սպասարկող)
  • առողջապահությունը
  • ֆիզիկական կուլտուրան
  • սոցիալական ապահովությունը
  • կրթությունը
  • մշակույթը
  • արվեստը
  • վարկավորումը
  • պետական ապահովագրությունը
  • ոչ արտադրական վարչական կառավարումը և այլն

Նկարագրություն[խմբագրել]

Ծառայությունների ոլորտում աշխատանքի ներգործության օբյեկտը մարդն է։ Աշխատանքն այստեղ տնտեսական իմաստով չի նյութականացվում։ Ծառայությունների մի մասն աշխատանքի օգտակար հատկության, դրա առանձնահատուկ սպառողական արժեքի գործադրում է՝ մարդկանց այս կամ այն պահանջմունքները բավարարելու համար (արվեստի աշխատողների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների գործունեություն և այլն)։ Որոշ ծառայություններ սպասարկում են նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունը և սպառումը կամ հանդես են գալիս հասարակական-քաղաքական ֆունկցիաների ձևով։ Ծառայությունների ոլորտում նույնպես օգտագործվում են նյութատեխնիկական միջոցներ, սակայն արդյունքները չեն ընդունում առարկայական ձև, չեն ստանում իրենց կատարողներից անկախ իրային կեցություն (բացառություն են կազմում գրագրությունները)։ Դրանց կատարումն ու սպառումը տեղի է ունենում միաժամանակ։

Ծառայությունների կատարումն իրականացվում է ազգային եկամտի վերաբաշխման հիման վրա։ Ապրանքա-փողային հարաբերությունների պայմաններում ծառայություններն ընդունում են ապրանքային ձև. վաճառվում են որպես առանձնահատուկ ապրանք։ Դրանք ունեն սպառողական արժեք (երևակայելի և իրական) և փոխանակային արժեք՝ գին, բայց արժեք չունեն։ Ծառայությունների գինը գնի կեղծ ձև է, այն ապրանքի արժեքի փողային արտահայտությունը չէ։

Ծառայությունները լինում են վճարովի և անվճար։ Դրանց ծավալն արտահայտվում է բնաձևային (սպասարկված մարդկանց թիվը) և դրամական (արժեքային) ցուցանիշներով։ Վճարովի ծառայությունների արժեքային ամփոփ ցուցանիշը իրացված ծառայությունների գների գումարն է, իսկ անվճարինը՝ մատուցված ծառայությունների ինքնարժեքը։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png