Անտահկարանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտահկարանա (Անտասկարանա, Antaxkarana; սանսկր.՝ անտար - ներքին, կարանա - զգացողության օրգան, «ներքին զգայական օրգան»), սանսկրիտերեն եզրույթ՝ կիրառված հնդկական փիլիսոփայության Սանքհյա և Վեդանտա (հատկապես Ադվաիտա Վեդանտա) համակարգերում, որը տարբեր իմաստ և նշանակություն ունի տարբեր դպրոցներում։ Շանկարան թարգմանում է իբրև «հասկացում», այլք՝ իբրև «ներքին գործիք, հոգի՝ կազմված մտածական սկզբունքից և էգոիզմից»։

Վեդանտայի մեջ անտահկարանա («ներքին գործիք») եզրով նշանակում են բանականությունն ամբողջությամբ, որն ընկած է «Ես»-ի (Աթմա) և նրա ներքին գործիքի՝ մարմնի միջև։ Անտահկարանան բաղկացած է չորս ստորաբաժանումներից[1]՝ Դպրոցներից մեծ մասի մոտ առկա են միայն երեք օրգանները՝ ահամկարա, մանաս, բուդդհի/մահաթ, իսկ չորրորդ՝ չիտտա օրգանն (antaḥkaraṇa catuṣṭaya) առաջադրում է Վեդանտան։ Ընդ որում՝ վերջինս որոշ տեքստերի համաձայն միմյանց է միավորում նախորդ երեք օրգանները)[2]։ Այսու՝ անտահկարանան բաղկացած է հետևյալ չորս ստորաբաժանումներից՝

  1. Ահամկարա (Ahaṃkāra, अहंकार, Էգո-ն) - «Ես-ի զգացողությունը», «կեղծ Էգո-ն»։ Այն, ինչը նույնականացնում է ինչպես անհատական և տվյալ անձնավորությանը պատկանող գաղափարները, այդպես և բանականության մեջ ծագող բոլոր մտքերն ու գաղափարները, այդ թվում և սեփական «անձնականությունը»։
  2. Բուդդհի կամ մահաթ (Բանականություն) – այն, ինչը գնահատում է գաղափարները, մտքերն ու այն փաստերի բովանդակությունը, որոնք դրանք բովանդակում են։
  3. Մանաս (Միտք) – այն, ինչը համեմատում/համադրում և դասակարգում է առարկաների գաղափարներն ու պատկերները բանականության մեջ. Այն, ինչը մտածում է նրանց մասին։
  4. Չիտտա (Հիշողություն) – բանականության այն մասը, որը ներսուզված է արտաքին աշխարհի մեջ, այն կուտակում և պահպանում է մտային պատկերներն ու փաստերը։ Կոչվում է նաև ստորակարգ բանականություն։

Թաքնագիտության մեջ անտահկարանան Ուղին է, կամ Կամուրջը՝ վերին և ներքին բանականությունների միջև, որն այդ երկուսի հաղորդակցության միջոցն է[3]։

Արևելյան փիլիսոփայության և Յոգայի մեջ դա բանականությունն է, որը կառավարում է ֆիզիկական մարմինը։

Օկկուլտիզմի մեջ անտահկարանան ստորին և վերին մանասների, ինչպես նաև՝ մարդու աստվածային Էգո-ի և անձնական հոգու միջև եղած կածանն է, կամ կամուրջը։

Անտահկարանան հաճախ հանդես է գալիս նաև իբրև անհատականության սկզբունք[4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. > (ռուսերեն) Грицанов А. А. «Эзотеризм. Энциклопедия»
  2. (Ֆրանսերեն) Lorsque que l'on ajoute citta, on parlera d'organe interne quadruple (antahkarana catustaya). Voir The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet
  3. (ռուսերեն) А. А. Бейли «исьма об Оккультной Медитации»
  4. (Ֆրանսերեն) Indian Psychology Perception. Jadunath Sinha. Éd. READ BOOKS, 2007, page 373. ISBN 9781406712261

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորգոմ Սարայդարյան, Ինքնանալու գիտությունը, Ե., Մշակույթի հայկական ֆոնդ, 1991։