Աննվաճ
Աննվաճ, Վիկտորիական շրջանի բանաստեղծություն է՝ գրված անգլիացի բանաստեղծ Վիլյամ Էռնեստ Հենլիի (անգլերեն՝ William Ernest Henley) կողմից 1875թ․ (առաջին անգամ հրատարակվել է 1888թ․)։
Բնօրինակը վերնագիր չի ունեցել․ ներկայումս հայտնի լատիներեն՝ «Invictus» (աննվաճ) վերնագիրը ավելացվել է 1900թ․ «Անգլերեն բանաստեղծությունների Օքսֆորդյան գրքում» ներառվելու ժամանակ՝ Արթուր Քուիլեր-Քոուչի (անգլերեն՝ Arthur Quiller-Couch) կողմից։
Հեղինակը 12 տարեկանում հիվանդացել է ոսկրի տուբերկուլյոզով, որն աստիճանաբար զարգացել է ոտքի ուղղությամբ։
Չնայած ուսմանը խանգարող առողջական վիճակին՝ 1867թ․ Հենլին հաջողությամբ հանձնել է Օքսֆորդյան տեղական քննությունները՝ իբրև ավագ ուսանող։
Այնուհետև հիվանդությունը ավելի է սրվել և նրա կյանքը պահպանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ծնկից ներքև անդամահատել հիվանդ ոտքը (1865թ․ կամ 1868-1869թթ․ ընթացքում)։ Այնուհետև բժիշկները խորհուրդ են տվել աջ ոտքը ևս անդամահատել, սակայն Հենլին չի համաձայնվել և 3 տարի (1873-1875թթ․) հիվանդանոցում անցկացնելուց հետո կարողացել է խուսափել վիրահատական միջամտությունից։
«Աննվաճը» գրվել է Հենլիի կողմից 1875թ․՝ հիվանդանոցում։
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- «Աննվաճը» կարևոր դեր է ունեցել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ և 1993թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի կյանքում։
- «Աննվաճը» մի քանի անգամ հիշատակվում է Քլինթ Իսթվուդի 2009թ․ համանուն ֆիլմում:
- Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի (Robert Louis Stevenson) նամակների համաձայն՝ «Գանձերի կղզի» վեպի Ջոն Սիլվերի կերպարի աղբյուր է հանդիսացել Հենլին։
[խմբագրել] Տեքստ
Գիշերվա միջից, որ ծածկում է ինձ
վիրապի նման՝ ծայրից ծայր խավար,
շնորհակալ եմ ես երկնային ուժին
աննվաճ մնացած իմ ոգու համար։
Ճակատագրի և ոչ մի հարված
չի կորզել ինձնից հառաչ և կամ լաց։
Դժբախտության զարկերը ստացած՝
արյունոտ եմ ես, բայց ոչ խոնարհված։
Ցասման, արցունքի վայրից այս հետո
սարսափի ստվերը պարզ թող երևա,
բայց բոլոր գալիք վտանգների ներքո
ես չեմ վախեցել ու չեմ վախենա։
Եվ թող դարպասը նեղ լինի,
ու պատիժներ իմ ուղում՝
ես եմ տերը իմ բախտի,
նավապետը իմ հոգու։