Անդրկովկասյան սպիտակաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասյան սպիտակաձուկ
Անդրկովկասյան սպիտակաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածանազգիներ
Ցեղ Սպիտակաձուկ
Ենթատեսակ Անդրկովկասյան սպիտակաձուկ
Լատիներեն անվանում
Alburnus charusini hohenackeri


Անդրկովկասյան սպիտակաձուկ (լատին․՝ Alburnus charusini hohenackeri), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ-ում տարածված է Արաքս, Մեծամոր գետերում և նրանց ջրերով սնվող արհեստական լճակներում ու ջրանցքներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը կողքերից սեղմված է, երկարությունը՝ 5-7 (երբեմն՝ մինչև 15) սմ, զանգվածը՝ 15 գ և ավելի։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 38-45 հատ։ Մեջքային լողակում կա 10-12 ճառագայթ, հետնալողակում՝ 14-17։ Կլանային ատամները երկշարք են, ձգված, թեթևակի կեռված։ Ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից։ Բերանը վերին դիրք ունի։ Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հաճախ պատված է թեփուկներով։ Պոչային լողակը մկրատաձև է, որի ստորին բլթակը մի փոքր երկար է վերինից։ Մեջքը և գլխի վերին մասը կեղտոտ դեղնականաչավուն են՝ մետաղ., երկնագույն կամ կանաչավուն նրբերանգներով։ Կողքերն արծաթափայլ են, փորիկը՝ արծաթասպիտակ։ Կողքերի վերին մասով ձգվում են թույլ արտահայտված կապարագույն, իսկ դրա տակ՝ բարակ կանաչաոսկեգույև շերտեր։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ անգույն։ Աչքի ծիածանաթաղանթը դեղնաարծաթավուն է։ Բնակվում է վտառներով։

Բազմացում և սարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասուն է դառնում 1 տարեկանում։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Արուներն էգերից փոքր են ու ցածրամարմին՝ ավելի երկար լողակներով։ Բազմանում է գարնանը։ Բեղունությունը հասնում է մինչև 2 հազար ձկնկիթի։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակեր է։ Սնվում է տարբեր մանր անողնաշարավորներով՝ միջատներով, նրանց թրթուրներով, ջրալվերով և այլն։ Արդյունաբերական նշանակություն չունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։