Ադդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ադդե Հայրապետ
Ի ծնեԱդդե Բագրատունի
ԺամանակաշրջանI դար
Ծնունդանհայտ
ԾննդավայրՈւռհա
Վախճանանհայտ
Վախճան վայրՈւռհա
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը
Աշխատանքկերպասագործ
ՊաշտոնԵդեսիայի եպիսկոպոս
ԵրկիրՕսրոյենե
ՈւսուցիչԹադեոս առաքյալ

Ադդե Բագրատունի (սուրբ Ադդե Հայրապետ), (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, I դարի տոնելի քրիստոնյա նահատակ)։ Ըստ ասորական և հայկական աղբյուրների՝ Աբգար Ե թագավորի համար խույր (թագ) գործող վարպետ՝ կերպասագործ։ Ըստ ավանդության, Բագրատունիների իշխանական տոհմից։ Երբ Թադեոս առաքյալն այցելել է Եդեսիա (Ուրֆա), անձամբ աշակերտել է առաքյալին, որն իր փոխարեն հոգևոր առաջնորդ՝ Եդեսիայի եպիսկոպոս է ձեռնադրել նրան։ Աբգար թագավորի մահից հետո նրա որդին՝ Անանունը, «... հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց»[1]։ Անանունը մարդ է ուղարկում Ադդեի մոտ, որ նա «իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես անում էր իր հոր համար»։ Ադդեն պատասխանում է. «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն» (նույն տեղում), ինչի համար էլ թագավորի զինվորը սրով կտրում է Ադդեի սրունքները, և նա մահանում է։ Հայ Առաքելական եկեղեցին Ադդեի հիշատակը սկզբնապես տոնել է Աբգար թագավորի հետ։ Հետագայում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը բաժանել է այս տոները. ներկայումս Ադդեի հիշատակը տոնվում է Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը (Հիսնակը Աստվածահայտնությանը նախորդող հիսուն օրերի տոնն է)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», գիրք 2-րդ, գլ. ԼԴ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լաբուբնայ կամ Ղեբուբնայ, «Եդեսացւոյ թուղթ Աբգարու և քարոզութիւն սրբոյն Թադէի», Երուսաղեմ, 1868։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: