Երվանդ Էլմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Էլմաճյան
Ծնվել էմոտ 1880
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
ԿրթությունԲեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Երվանդ Ս. Էլմաճյան (մոտ 1880, Մա­րաշ - ?), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Էլմաճյանը ծնվել է մոտ 1880 թվականին, Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մա­րաշ քաղաքում։

1904 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։

1905-1910 թվականներին եղել է Մարաշի Ակադեմիա դպրոցի ուսուցիչ։

1914 թվականին ավարտել է Բեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկական ֆակուլտետը։

1914-1915 թվականներին եղել է Զեյթունի թաղապետական բժիշկը։ 1915 թվականի դրությամբ եղել է Մարաշի քաղաքապետարանի բժիշկը։

1915 թվականին Զեյթունի առաջին աղետի ժամանակ, մարտի 10-ին ընկերակցել է Մարաշից եկած 4 հայերից բաղկացած պատվիրակությանը՝ գերմանացի հեր (պարոն) Բլանկի նախագահությամբ, որոնք եկել էին Զեյթունի սբ. Աստվածածին վանքում գտնվող ապստամբների հետ բանակցելու։

1915 թվականի մարտին, ի թիվս 198 անվանի հայերի, ձերբակալվել է ու բանտարկվել Մարաշի բանտում։ Որոշ ժամանակ անց, ձերբակալվածներից մի քանիսն աքսորվել են Դեյր-էլ-Զոր և այնտեղ սպանվել, մի քանիսը՝ կախաղան բարձրացվել, իսկ բժիշկն ազատ է արձակվել։

1915-1918 թվականներին բնակվել է Հա­լե­պում, որտեղ թաղապետական բժիշկ է աշխատել և օսմանյան բանակի զինվորական հիվանդանոցի զինվորական բժիշկ ծառայել։ 1919 թվականին Զեյթունի վերջին աղետի ժամանակ ստանձնել է ժողովրդի առողջապահական և բժշկական գործը, որն անձնվիրաբար կատարել է մինչև 1921 թվականը։

1919 թվականի դեկտեմբերի 19-ին, որպես Զեյթունի և նրա շրջակայքի՝ ամերիկյան Մեր­ձա­վոր Արև­ել­քի Նպաստամատույցի և ՀԲԸՄ-ի կողմից նշանակված բժիշկ, Մարաշից գնացել է Զեյթուն։ Նույն գիշերը հրավիրվել է Զեյթունի Ազգային միության հրավիրած ժողովին ու ներկաներին հանձնել բժիշկ Քաջբերունու (Վարդան Թոփալյան) նամակը։ Նամակում եղել են մի քանի ստացագրեր, որոնք պետք է ստորագրվեին ու շտապ Մարաշ վերադարձվեին, որպեսզի 1800 օսմանյան ոսկին որոշված սպառազինման նպատակին հատկացվեր։ Բացի այդ, Նպաստամատույցից բերել էր 150 օսմանյան ոսկի՝ որբևայրիներին տալու համար։ 1920 թվականի ապրիլի 5-ին, գտնվելով Զեյթունում, նամակ է ստացել Մարաշում գտնվող միստր Լայմընից, որն առաջարկում էր իր հետ տեսակցելու համար գնալ Պեշեն թրքաբնակ գյուղը։ 1920 թվականի ապրիլի 6-ին բժիշկը երկու այլ ընկերների հետ մեկնել է Պեշեն՝ Լայմընի և մի թուրքի հետ տեսակցելու։

1920 թվականին Մարաշի Ամերիկյան միսիոներության («Պորտ») Մերձավոր Արևելքի ներկայացուցիչ միստր Լայմընը 200 ոսկի դրամագլխով բացել էր բրդի աշխատանոց՝ որբևայրիների համար աշխատանք ապահովելու և դրանով նրանց օգնելու համար։ ՀԲԸ Միությունը ևս ամսական 50 ոսկի նպաստ է ուղարկել այդ գործին։ Երվանդ Էլմաճյանը, Ազգային միության ատենապետ Արամ Չոլագյանի հետ համախորհուրդ, հիշյալ նպաստները բաշխել է միայն մի քանի ավետարանական ընտանիքների՝ ավետարանական համայնքին զարկ տալու համար, ինչն Ազգային միության պառակտման պատճառ է դարձել։ Հետագայում բժիշկը զղջացել է իր արարքի համար և ամեն ինչ արել շտկելու դրությունը, ինչի համար արժանացել է հայրենակիցների համակրանքին։

1921 թվականի հունիսին Ազգային միությունը բժիշկ Երվանդ Էլմաճյանին և Հովհաննես Սիմոնյանին հանձնարարել է բանակցությունների միջոցով կարգի հրավիրել մի քանի զեյթունցի խռովարարների, որոնք մինչ այդ սպանվում են թուրքերի ձեռքով։

Հետագայում հավանաբար գաղթել է Հալեպ։ 1922 թվականի սեպտեմբերի 1-ին հասել է ԱՄՆ։ 1922 թվականի նոյեմբերին Բոս­տո­նում հանձնել է նահանգային քննությունը և բժշկի արտոնագիր ստացել։ 1924 թվականի դրությամբ բնակվել է ԱՄՆ Մա­սա­չու­սեթ­սի նա­հան­գի Բրիթոն քաղաքում՝ Brithon, Telford str. 7 հասցեում և բժիշկ աշխատել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հա­յաս­տա­նի կոչ­նակ», Նիւ Եորք, 15-04-1924։
  • Նորաշխարհյան Լևոն, Զեյթունը 1914-1921 թթ., Երևան, 1984։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։