Ֆլորին Վազգենի Հալաջյան (ռում.՝ Florin Vașken Halagian. մարտի 7, 1939(1939-03-07)[1], Բուխարեստ, Ռումինիա - օգոստոսի 12, 2019(2019-08-12)[2]), ռումինահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, մականունը՝ Արմեանուլ / Armeanul (Հայ)[3]։ Նա Ռումինիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ամենաշատ՝ 878 հանդիպում անցկացրած մարզիչն է, ընդ որում՝ նրա ղեկավարած թիմերը 432 մրցախաղում հաղթանակ են տարել, 176 հանդիպում ավարտել են ոչ-ոքի, 270 խաղում պարտություն են կրել[3][4]։
Ֆուտբոլում ձեռք բերած նվաճումների և մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար նրան 2008 թվականին շնորհվել է կառավարական պարգև՝ "Meritul Sportiv" ("Մարզական վաստակ") III աստիճանի շքանշան[5][6]։
Հալաջյանի ղեկավարությամբ Բուխարեսի «Ստյաուա» և «Դինամո» թիմերը՝ մեկական, իսկ «Արգեշ Պիտեշտի»-ն՝ երկու անգամ նվաճել են Ռումինիայի չեմպիոնի տիտղոսը։ Եվս չորս անգամ նրա մարզած թիմերը դարձել են այդ երկրի փոխչեմպիոն (1978, 1993, 1996, 1997 թթ.):