Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան | |
---|---|
Տեսակ | քանդակ և հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կենտրոնական շրջանի Վլադիմիրովսկի հրապարակում՝ նվիրված ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի հեղինակ Լյուբով Միխայլովնա Խոլինան Դոստոևսկու գրանիտե հուշարձանի էսքիզը կազմել է դեռևս 1956 թվականին և հետագա մի քանի տարիների ընթացքում կատարելագործել է այն, սակայն տարբեր պատճառներով հուշարձանի տեղադրումը ձգձգվել է։ Միայն 1988 թվականի հոկտեմբերի 31-ին Լենխորհրդի գործկոմը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Մշակույթի գլխավոր վարչությունը, Լենինգրադի կազմակերպությունները՝ Ճարտարապետների միությունը և ՌԽՖՍՀ նկարիչների միությունը մրցույթ հայտարարեցին զարգացնելու Դոստոևսկու հուշարձանի նախագիծը։ Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 12 ծրագիր, իսկ առաջին մրցանակը շնորհվել է Լ. Մ. Խոլինայի և ճարտարապետ Վ. Պետրովի նախագծին։ Սակայն այդ ծրագիրը չի իրագործվել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել գրանիտե քանդակը փոխարինել բրոնզով։
Ծրագրում անհրաժեշտ փոփոխությունները կատարվել են 1993-1994 թթ. Լ. Մ. Խոլինայի որդու և թոռան՝ նկարիչ Պյոտր Ալեքսանդրովիչի և քանդակագործ Պավել Պետրովիչ Իգնատևի մասնակցությամբ։ Դոստոևսկու բրոնզե քանդակի էսքիզը ձուլվել է «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում։
Հուշարձանի տեղադրման վայրի ընտրությունը կատարվել է Դոստոևսկու թանգարանի և քաղաքի գլխավոր նկարիչ Ի. Գ. Ուրալովի նախաձեռնությամբ Բոլշայա Մոսկովսկայա բուլվարում՝ Վլադիմիրսկի եկեղեցու մոտ, Կուզնեչնի նրբանցքի և Յամսկոյ փողոցի անկյունի շենքի հարևանությամբ, որտեղ Դոստոևսկին ապրել է կյանքի վերջին օրերը։
Հուշարձանը բացվել է 1997 թվականի մայիսի 30-ին։ Հուլիսի յուրաքանչյուր առաջին շաբաթ օրը հուշարձանի մոտ կազմակերպվում են Դոստոևսկու օրեր Սանկտ Պետերբուրգում։
Դոստոևսկին 2 մետր բարձրությամբ բրոնզե հուշարձանում պատկերված է նստած՝ ասես լարված աշխատում է իր ստեղծագործությունների վրա։ Գրողի հայացքն ուղղված է Վլադիմիրսկի եկեղեցուն։ Քանդակը տեղադրված է 1,5 մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանին, որի վրա փորագրված է «Դոստոևսկուն»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Достоевскому Ф. М.» (ռուսերեն). Энциклопедия Санкт-Петербурга. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- «Памятник Достоевскому в Санкт-Петербурге» (ռուսերեն). Spb-in Дыхание Питера. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.