Օվաջիղի դաշտ
Օվաջիղի դաշտ (Հովաջիկի, Մնձուրի գոգհովիտ, Օվաջիկի դաշտ, Հովաջիկի գոգհովիտ, Օվանգ, Օվանըգ, Օվաջիկ), դաշտ (լեռնադաշտ, գետահովիտ) Հայկական լեռնաշխարհում, Ներքին Տավրոսի համակարգում, Դերսիմում, Մնձուր գետի վերնագավառում, Կամախ քաղաքից 45-46 կմ հարավ-արևելք, 1300-1500 մ բարձրության վրա։
Շրջապատված է Մնձուրի և Մերջանի լեռնաշղթաներով և Պազիկանի հրաբուխ|հրաբխային լեռնազանգվածով։ Ձգվում է արևելքից-արևմուտք մոտ 50 կմ երկարությամբ։ Այստեղից սկիզբ է առնում Մնձուր գետը իր Մերջան և Խաղաջուր վտակներով։ Ծածկված է լճագետային նստվածքներով։ Տիրապետում է լեռնատափաստանային լանդշաֆտը՝ շագանակագույն հողերով ու տարախոտային բուսածածկույթով։ Ձմռանը ցուրտ է լինում առատ ձյունածածկով։ Օվաջիղի դաշտի հյուսիս-արևմտյան լեռնագոտու Ղազանդաղի՝ դեպի Դերսիմ երկարող աջ բազկի ստոոտում կային հինգ եկեղեցի (որոնց մեջ՝ Սուրբ Պողոս-Պետրոս, Շողակաթ և Սուրբ Լուսավորիչ եկեղեցիները) և բերդի ավերակներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 491 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 572)։ |