Jump to content

Քնարական հերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քնարական բանաստեղծության մեջ հանդես եկող մարդկային կերպարը, որի բնավորությունը բացահայտվում է որևէ տիպական զգացմունքի կամ տրամադրության միջոցով, կոչվում է քնարական հերոս։ Քնարական հերոսը տարբերվում է վեպի, պատմվածքի կամ դրամայի մեջ պատկերվող կերպարներից նրանով, որ նա մեր առջև հանդես է գալիս ոչ թե ամբողջական գործողության, այլ հոգեկան-զգացմունքային առանձին վիճակների մեջ, բնութագրվում է իր ներաշխարհի, ապրումների տեսակետից։ Քնարական հերոսի կերպարը (որը շատ հաճախ համընկնում է բանաստեղծի անձնավորության հետ) ավելի ամբողջական տեսք է ստանում, երբ մենք ծանոթանում ենք հեղինակի ոչ թե մեկ, այլ մի շարք բանաստեղծությունների հետ։ Օրինակ, Տերյանի «Մթնշաղի անուրջներ» գրքում մենք չենք գտնի իրենց կոնկրետ արարքներով և փոխհարաբերություններով բնութագրվող կերպարներ։ Բայց այնտեղ կա քնարական հերոս, որը տարբեր բանաստեղծություններում դրսևորում է իր հոգեկան-զգացմունքային աշխարհի բազմազան կողմերը (մենակության, թախծի զգացմունքներ, գարնան կարոտ և աշնանային գույների յուրօրինակ իմաստավորում, անբաժան սիրո տառապանքներ, անորոշ իդեալի որոնում և այլն), որոնք ամբողջացնում են այդ հերոսի քնարական կերպարը։

Սակայն չպետք է կարծել, թե բանաստեղծության մեջ հանդես եկող ես-ը միշտ անպայման ինքը՝ հեղինակն է։ Բանաստեղծը կարող է թափանցել նաև ուրիշ մարդկանց ներաշխարհը, նրանց անունից բացահայտել այս կամ այն տրամադրությունը։ Օրինակ, երբ մենք կարդում ենք Թումանյանի «Գութանի երգը» կամ Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես...», ապա պարզ է, որ այստեղ խոսում է ոչ թե հեղինակը, այլ հայ գյուղացին կամ գեղջկուհին, որոնք պատմում են իրենց հոգսերի ու հույզերի մասին։ Այդ երևույթը հատուկ է նաև ժամանակակից պոեզիային, ուր հաճախ քնարական ես-ի շրջանակները լայնանում են, իբրև քնարական հերոսներ հանդես են գալիս ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ։