Փոքրիկ ձկնորսը (հեքիաթ)
Փոքրիկ ձկնորսը | |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Բնագիր լեզու | ճապոներեն |
Թարգմանիչ | Հովհաննես Թումանյան |
Փոքրիկ ձկնորսը, ճապոնական ժողովրդական հեքիաթ։ Հայ ընթերցողին հայտնի է Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ, տպագրվել է 1911 թվականին։
Ճապոնական հեքիաթները Թումանյանի թարգմանությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանին շատ էր հրապուրում արևելյան հեքիաթը՝ ժողովրդական երևակայության իր գունագեղ աշխարհով։ Նրա գրադարանում կարելի էր գտնել արաբական, չինական, տիբեթական,հնդկական,ճապոնական հեքիաթների բազմաթիվ հրատարակություններ և տարբերակներ, ինչպես «Ճապոնական հեքիաթներ», «Հին Ճապոնիայի զրույցները», «Հին արևելքի հեքիաթները», Պավլենկոյի հեքիաթների գրադարանը, Սիտինի նրբագեղ ու գեղեցիկ հրատարակությունը։
Ճապոնական ժողովրդական բանահյուսության գանձարանում առանձնահատուկ տեղ են գրավում հեքիաթները, որոնք աչքի են ընկնում մտահղացման նրբությամբ, լեզվի պատկերավորությամբ։ Այդ հեքիաթները արտահայտում են ճապոն ժողովրդի լավատեսությունը, լավագույն, երջանիկ կյանքի երազանքները։ Ճապոնական հեքիաթների հերոսը աշխատասեր է, հավատարիմ, սիրով հակված դեպի հայենիքը և հարազատները[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոքրիկ ձկնորսը» հեքիաթը առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին։ Ճապոնական այս հեքիաթը Հովհաննես Թումանյանը թարգմանել է ռուսական հրատարակությունից («Урасима или маленький рыбак», Москва, 1904)՝ օգտագործելով ճապոնացիների կյանքն ու կենցաղը վերարտադրող վերջինիս նկարազարդումները։ Թարգմանված է 1910 թվականի վերջերին կամ 1911 թվականի առաջին կեսին։ Թարգմանության թվականը որոշվում է ըստ Հսկ, 1910, № 11 և 9911, № 2-ում լույս տեսած հայտարարությունների, ըստ որոնց՝ «Մանկական գրադարան» մատենաշարով շուտով լույս են տեսնելու նաև «Փոքրիկ ձկնորսը» և «Լեզուն կտրած ծիտիկը» հեքիաթները[2]։
Ձկնորս Ուրաշիմայի հեքիաթում Թումանյանին գրավել է երկու հանգամանք՝ երիտասարդ ձկնորսի կերպարի մարդկայնությունը և հայրենիքի ու անմահության խնդիրը։
Թումանյանն իր գրադարանում եղած Ուրաշիմայի հեքիաթի բազմաթիվ տարբերակներից ընտրել է Սիտինի պատկերազարդ հրատարակությունը` մասամբ օգտագործելով նույն հեքիաթի Պորոզովսկայայի գերմաներենից կատարած թարգմանությունը։ Թումանյանի թարգմանությամբ այդ հեքիաթը լույս է տեսել նույն ձևավորմամբ և նույն ճապոնական նկարներով։
Թումանյանը ստրկաբար չի հետևել հեքիաթի՝ իր ընտրած տարբերակին։ Թարգմանության ընթացքում նա շատ բան է ավելացրել. լեզվին հաղորդել է բարեհնչություն, մտցրել է հնչյունային կրկնակներ, նույնանիշներ, ժողովրդական ոճեր, ստեղծել է ծերունու կերպարը, որը հերոսին պատմում է ճշմարտությունը, թե ինչ է պատահել նրա բացակայության միջոցին և այլն[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթը պատմում է մի պատանի ձկնորսի մասին, ում անունը Ուրուշիմա էր[3]։ Ուրուշիման շատ լավ տղա էր և հմուտ ձկնորս։ Մի օր նա ձուկ բռնելիս է լինում, ու ձկան փոխարեն մի մեծ կրիա է բռնում։ Ստիպված կրիային ջուրն է գցում։ Հետո քնում է իր նավակում։ Քնած է լինում, երբ ծովի խորքից մի գեղեցիկ աղջիկ է դուրս գալիս ու մտնում նավն ու նրան ասում, որ նրա բռնածը ոչ թե կրիա էր, այլ այդ աղջիկը։ Աղջիկը նրան հարցնում է, թե նա կգնա իր հետ ծովի խորքում ապրելու, և նա համաձայնվում է։ Նրանք ամուսնանում են, և միասին ծովի խորքում ապրում։ Այդպես անցնում է երեք տարի, և մի օր Ուրուշիման որոշում է գնալ իր հարազատների մոտ[4]։ Կինը համաձայնվում է նրա հետ, ու նրան տալիս մի արկղ ասելով, որ ինչ էլ լինի, ամուսինը չպետք է այն բացի։ Ուրուշիման վերցնում է արկղը, կինը նրան քնեցնում է, և արթնանալուց հետո նա իրենց գյուղում է հայտնվում։ Այդտեղ հայտնվելով նա իրենց հին տունը չի գտնում, իսկ դրա փոխարեն նա միայն ավերակներ է տեսնում։ Փնտրում է, մի մարդու է գտնում, հարց ու փորձ է անում, ամեն ինչ իմանում։ Ուզում է հետ վերադառնալ չի կարողանում։ Արկղը բացում է, միջից մի ամպ է դուրս գալիս, գնում դեպի ծովը, իսկ Ուրուշիման վազում է դրա հետևից։ Այնքան է վազում, որ հոգնած ընկնում է գետնին։ Քիչ-քիչ սկսում են մազերը սպիտակել, դեմքին կնճիռներ են հայտնվում։ Նա դառնում է զառամյալ ծերունի ու մեռնում է։ Նա այդպես էլ չի իմանում, որ իր երիտասարդության գաղտնիքը թաքնված էր կախարդական արկղի մեջ։
Գաղափարական բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրաշիման ո՛չ թե աստվածություն է, այլ մարդ, իր ժողովրդի զավակը, որին պետք է սիրել, պետք է նմանվել։ Նա մեռավ, վարվելով ըստ իր սրտի թելադրանքի. «Խե՜ղճ Ուրաշիմա... զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից։ Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ ու գնաց իր սրտի հետևից։ Էդ է պատճառը, որ մինչև օրս էլ Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը։ Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա՛ համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհքում, Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ հարազատներին և իր աղքատ ծննդավայրը»[5]։
Հեքիաթում ամփոփվում է այն ստեղծող ժողովրդի հիմնական գաղափարը։ Եվ Թումանյանն իր հեքիաթի վերջում ներհյուսել է ծնողների ու հայրենիքի սիրո գաղափարը։ Մարդկայնության իմաստն այն է, եզրակացնում է Թումանյանը, որ մարդը բոլոր պայմաններում, նույնիսկ հավերժական երջանկության, սիրո և անմահության կղզում, փարթամության մեջ չմոռանա իր հայրենի երկիրը, իր տունը, որքան էլ դրանք աղքատ ու խեղճ լինեն։ Դրանով իսկ Թումանյանը իր թարգմանությամբ հեքիաթը դարձնում է խրատական, ուսանելի[1]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուշիմա, ձնկորս
- Սեն-Նինի, նրա կինը
- Անցորդ ծերունի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ճապոնական հեքիաթները Թումանյանի թարգմանությամբ».
- ↑ Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Գիտություն հր. էջեր 792–793.
- ↑ Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, թարգմանություններ, Երևան, 2013, էջ 19
- ↑ Փոքրիկ ձկնորսը. ճապոնական հեքիաթ
- ↑ Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ հր. էջ 266.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրիկ ձկնորսը Արխիվացված 2022-10-09 Wayback Machine