Փառնակ Շիշիկյան
Փառնակ Շիշիկյան | |
---|---|
Ծնվել է | 1902 |
Ծննդավայր | Զեյթուն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1976 |
Մահվան վայր | Մեհմանդար, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Փառնակ Շիշիկյան (1902, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1976, Մեհմանդար, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործիչ, արդարակյաց, որը Հայոց ցեղասպանությունից հետո սիրիական անապատի արաբական ընտանիքներում գտել և իրենց հայ ինքնությանն է վերադարձրել մոտ 500 հայ որբերի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառնակ Շիշիկյանը ծնվել է Կիլիկիայի Զեյթուն քաղաքում։ Դառնալով ցեղասպանության զոհ՝ 14-ամյա Փառնակը Դեր Զորի ճամփին կորցնում է մորը, օրեր անցկացնում նրա դիակի կողքին, մինչև որ նրան փրկում է շամմառ ցեղի մի քոչվոր արաբ։ Փառնակը սովորում է մի քանի լեզու, ներառյալ արաբերեն (արաբները նրան կոչում էին Էհմեդ էլ Ճեզզա) և սկսում է անապատում փնտրել ու հաշվառել արաբացած հայ երեխաների։ Հետագայում հայ որբերի ցուցակները հանձնում է որբեր որոնող Հալեպի հանձնաժողովին ու օգնում հայությանը վերադարձնել հարյուրավոր որբերի։ Նա յուրաքանչյուր հայի դիմաց արաբներին որպես փրկագին վճարում էր «կաթի փողը»՝ հինգ կարմիր ոսկի։ Սիրիայի կառավարությունը երկու գյուղ է հատկացնում հայերին անապատում, որոնցից մեկում էլ՝ Թել էլ Պրաք գյուղում բնակություն է հաստատում նա իր՝ հայությանը վերադարձած կնոջ հետ։ Նա արաբացած հայերի բերեց իրենց գյուղը, նրանց հայկական անուններ տվեց, կազմակերպեց նրանց ամուսնությունները։ Նրանց հետ կազմակերպեց հայերի ոսկորների հավաքումը Դեր Զորից, Ռաքքայից, Եփրատ ու Խաբուր գետերի շրջակայքից և Շեդդեդիեի քարանձավից, որտեղ ողջակիզել էին հայերին։ 1947-ի հայրենադարձությանը Շիշիկյանը կնոջ ու երեխաների հետ բնակություն հաստատեց Էջմիածնի մերձակայքում գտնվող Հովտաշատ գյուղում, որտեղ աշխատեց որպես հողագործ, անվճար բժշկեց հայրենակիցներին[2]։ Հայաստանում նրանք ևս հինգ երեխա ունեցան։ Հովտաշատի գերեզմանոցում կանգնած է Փառնակի մահարձանը՝ արաբական տարազով։ Այդ գյուղում 1956-ին Փառնակի կառուցած տունն այժմ թանգարանային արժեք է, որտեղ ցուցադրվում են նրա հագուստներն ու լուսանկարները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճղըլյան Հակոբ, Ստվերում մնացած կյանք, Երևան, 1991։Ա․ Առաքելյան, ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՈՐԲԵՐԻ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
- An Incredible Armenian Who Retrieved Armenian Orphans from the Syrian Desert, By Harut Sassounian, 2020