Վիկտոր Իվանով (քաղաքական գործիչ)
Վիկտոր Իվանով | |
Կրթություն՝ | Saint Petersburg State University of Telecommunications? |
---|---|
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | մայիսի 12, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Վիկտոր Պետրովիչ Իվանով (մայիսի 12, 1950, Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն (2008 թվականի մայիսի 15-2016 թվականի ապրիլ), պետական հակաթմրամիջոցային կոմիտեի նախագահ։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական գործող խորհրդական (2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Պետրովիչ Իվանովը ծնվել է 1950 թվականի մայիսի 12-ին Նովգորոդում, զինվորականի ընտանիքում։
Ավարտել է պրոֆեսոր Մ. Ա. Բոնչ-Բրուևիչի անվան Լենինգրադի էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտը 1974 թվականին ռադիոկապ մասնագիտությամբ (մեկ տարի առաջ նույն բուհը, նույն մասնագիտությամբ՝ ավարտել է Բորիս Գրիզլովը, Իվանովը ծանոթացել է նրա հետ, երբ աշխատել է ինստիտուտի կոմերիտմիության կոմիտեում)։
Ինստիտուտն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետև աշխատել է Լենինգրադի Վեկտոր գիտաարտադրական միավորման ինժեներ։
1977 թվականին (այլ տվյալներով՝ 1978 թվականին) Իվանովն ավարտել է ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացները և մինչև 1994 թվականը աշխատել ՊԱԿ-ի Լենինգրադի և Լենինգրադի մարզային վարչությունում՝ ճանապարհ անցնելով շրջանային բաժնի օպերլիազորից մինչև մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ։
1987-1988 թվականներին մասնակցել Է Աֆղանստանում ռազմական հակամարտությանը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա եղել է խորհրդային հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցների կազմում, որոնք գործում էին Կասկադ անվանմամբ։
1990 թվականի դեկտեմբերին Իվանովը Գրիզլովի և Վալենտին Չույկինի հետ միասին գրանցել է Բլոկ փոքր ձեռնարկությունը։ Եղել է նաև Բազիս հիմնադրամի տնօրեն։
1994 թվականի հոկտեմբերին Իվանովն ազատվել է գնդապետի պաշտոնով և նշանակվել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի վարչական մարմինների վարչության պետ (ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պաշտոնը զբաղեցրել է իր նոր ծանոթ Վլադիմիր Պուտինի՝ քաղաքապետ Անատոլի Սոբչակի այն ժամանակվա օգնականի աջակցության շնորհիվ)։ Իվանովը քաղաքապետարանում ղեկավարում էր իրավապահ մարմինների աշխատանքը։
1996-1998 թվականներին զբաղեցրել է ռուս-ամերիկյան Տելեբլյուս ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, որը զբաղվում էր արբանյակային ալիքների հեռարձակման կազմակերպմամբ և արբանյակային և եթերային ալիքների ընդունման համար սարքավորումների մոնտաժով։
1998-1999 թվականներին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սեփական անվտանգության վարչության պետ։
1999-2000 թվականներին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնտեսական անվտանգության դեպարտամենտի ղեկավար։
2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2002 թվականի հունիսին Իվանովը դարձել է նոր ստեղծված Ալմազ-Անտեյ հակաօդային պաշտպանության կոնցեռն ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, որը Ս-300 և Ս-400 զենիթահրթիռային համալիրներ Է թողարկում։ Ընդ որում Իվանովը կարողացել է թույլ չտալ կոնցեռնի ընդգրկումը Պաշտպանական համակարգեր միջգերատեսչական ֆինանսա-արդյունաբերական խմբի կազմում, ինչի մասին պնդում էր այն ժամանակ Մինպրոմնաուկի ղեկավար Իլյա Կլեբանովը[1][2]։
2004 թվականի մարտից մինչև 2008 թվականի մայիսը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը, նրա պարտականությունների մեջ են մտել կադրային հարցերի, պետական ծառայության և քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերով նախագահի գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովումը, այդ հարցերի շուրջ նախագահի աշխատակազմի և պետական իշխանության մարմինների փոխգործակցության ապահովումը, նախագահի կադրային հարցերի, դատավորների նշանակման, քաղաքացիության, ներման հարցերի, ինչպես նաև պետական պարգևներով պարգևատրման հարցերի վերաբերյալ նախագահի որոշումների նախագծերի նախապատրաստումը[3][4]։
2005 թվականի հունիսին Իվանովը ընտրվել է Աէրոֆլոտ ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։ 2005 թվականի սեպտեմբերին Իվանովը վերընտրվել է Ալմազ-Անտեյ հակաօդային պաշտպանության կոնցեռն ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։
2008 թվականի մայիսի 15-ին նախագահ Մեդվեդևի հրամանագրով Իվանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն։ Միաժամանակ Իվանովը լքել է Աէրոֆլոտի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»[5][6]։
2010 թվականի հոկտեմբերին Իվանովն այցելել էր Լոս Անջելես, որպեսզի քարոզարշավ անցկացնի Կալիֆոռնիայում մարիխուանայի օրինականացման դեմ, ինչպես նաև ժամանել էր Վաշինգտոն՝ հանդիպելու ամերիկյան հակաթմրամիջոցային գերատեսչության ղեկավար Ջիլ Քերլիկովսկու (gil Kerlikowske) և Աֆղանստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուկի հետ և քննարկելու Աֆղանստանում կակաչների դեմ պայքարի միջոցառումները, ինչպես նաև կոչ անելու այդ ցանքերի ոչնչացման ծրագիրն առավել ակտիվ իրականացնել օդից[7]։
2016 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը վերացվել է, իսկ նրա գործառույթներն ու լիազորությունները Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համակարգին են փոխանցվում մինչև 2016 թվականի հունիսի 1-ը։ Վիկտոր Իվանովը ծառայության չի անցել նոր գերատեսչություններում[8]։ 2016 թվականի մայիսի 7-ին հեռացվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմից[9]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով Բարձրագույն դատարանի նիստերում Վիկտոր Իվանովին մեղադրել են այդ աղմկահարույց գործին մասնակից լինելու և Տամբովի կազմակերպված հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, որը, ինչպես պնդում են, 1990-ականներին զբաղվել է թմրավաճառությամբ և կոլումբիական թմրակարտելներից մեկի փողերի լվացմամբ[10][11][12]։ Իվանովը այս տեղեկատվությունը անվանել է զրպարտչական[13]։
Ատենախոսություն և գրագողության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Իվանովը իրավաբանական գիտությունների դոկտոր է, ատենախոսության թեման՝ Ռուսաստանի Դաշնության պետական շահերի ապահովման իրավական մեխանիզմը։ Ըստ թեզի վերլուծության[14], Իվանովի Դոկտորական ատենախոսությունը պարունակում է լայնածավալ ոչ փաստաթղթավորված փոխառություններ չորս ատենախոսություններից[15]։ Բացի այդ, Դիսերնետ միության փորձաքննությունները ցույց են տալիս փոխադարձ փոխառությունների առկայությունը Վ. Իվանովի և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի գիտական աշխատանքներում[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Իվանովը ամուսնացած է, ունի որդի և դուստր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններ
- Պատվո շքանշան
- Մարտական ծառայություն մեդալ
Աստիճաններ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-գնդապետ
- Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական (2012)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Карьера «кремлевского Бормана». — Стрингер, 27.06.2003
- ↑ Сергей Тополь, Илья Булавинов, Иван Сафронов. Подконтрольные выстрелы. — Коммерсантъ, 09.06.2003
- ↑ Виктора Иванова избрали председателем Совета директоров ОАО «Аэрофлот-российские авиалинии». — Транспортный сервер Москвы (mosgortrans.net), 22.06.2005
- ↑ Анета Морочко. Кто останется в выигрыше? Արխիվացված 2016-05-13 Wayback Machine — Парламентская газета, 24.03.2004. — № 53 (1425)
- ↑ Петр Мироненко. Игорь Левитин сменил Виктора Иванова. — Коммерсантъ, 29.10.2008. — № 197(4014)
- ↑ Главный транспортник страны возглавил «Аэрофлот» Արխիվացված 2016-06-02 Wayback Machine. — ibk.ru, 28.10.2008
- ↑ Интервью: Виктор Иванов | ИноСМИ — Все, что достойно перевода
- ↑ «Подписан Указ о передаче функций Госнаркоконтроля и миграционной службы в систему МВД России». Президент.рф. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Виктор Иванов исключён из состава Совета Безопасности РФ
- ↑ [1](չաշխատող հղում) Перевод статьи
- ↑ Высокий суд Лондона опубликовал досье на Виктора Иванова // Русская служба Би-би-си
- ↑ Лондонский суд опубликовал досье на главу ФСКН России из дела Литвиненко РБК
- ↑ Глава ФСКН Виктор Иванов об обвинениях по делу Литвиненко: Лондонский суд — рупор клеветы // RT на русском
- ↑ Публикация результатов экспертизы диссертации Виктора Иванова на сервере сообщества «Диссернет»
- ↑ Диссер главы наркоконтроля написали таджики и министр Արխիվացված 2017-08-19 Wayback Machine // Руспрес
- ↑ «Диссернет» уличил руководителей МВД и ФСКН в списывании друг у друга // РБК
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Благосостояние Виктора Иванова увеличилось в 23 раза. Директор Федеральной службы по контролю за оборотом наркотиков отчитался о доходах // «Коммерсантъ» от 28.05.2013, Софья Самохина
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Իվանով (քաղաքական գործիչ)» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս հետախույզներ
- Ռուս գործարարներ
- Ռուս քաղաքական գործիչներ