Սրսկիչ մեքենաներ
Սրսկիչ մեքենաներ, հեղուկ թունաքիմիկատներով բույսերի սրսկումն իրագործող գյուղատնտեսական մեքենաներ կամ ապարատներ։ Սրսկիչ մեքենաներն օգտագործում են նաև շենքերի ախտահանման ժամանակ։
Սրսկիչ մեքենաների տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նշանակման, փոշիացնող սարքի և աշխատանքի ժամանակ տեղափոխման եղանակի՝ տարբերում են համապատասխանաբար դաշտային մշակաբույսերի, խաղողի և պտղատու այգիների մշակման, հիդրավլիկական, քամհարային և աերոզոլային, տրակտորային (կախովի և կցովի), թիկնափոկային (շալակի), ձիաքարշային և ավիացիոն սրսկիչներ։
Հիդրավլիկական սրսկիչներում հեղուկը ճնշման տակ մղվում է ծայրապանակները, մանրանում և այդտեղից արտանետվում մշակվող օբյեկտի վրա։
Քամհարային սրսկիչ մեքենաներում թունաքիմիկատը փոշիացնող ծայրապանակներով մշակվող օբյեկտի վրա է արտանետվում օդի հոսքի օգնությամբ։ Սրսկիչ մեքենաների հիմնական հանգույցները և մեխանիզմներն են՝ խառնիչով հեղուկամանը (ռեզերվուար), ճնշում ստեղծող պոմպը, օդափոխիչը (քամհարային սրսկիչ մեքենաներում), փողրակը կամ մետաղաձողը, ճնշման կարգավորիչը, փոշիացնող ծայրապանակները, լցավորման արտարկիչը։ Հեղուկի ծախսի չափը հսկվում է ճնշաչափով։ Տրակտորային սրսկիչների աշխատանքային օրգանները գործի են դրվում տրակտորի լիսեռի, թիկնափոկայինը՝ ձեռքի աշխատանքի, ավիացիոնը՝ ինքնաթիռի վրա տեղադրված քամհարի օգնությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 168)։ |