Պոմպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոմպ,

  1. հիդրավլիկական մեքենա, ապարատ կամ սարք, հիմնականում ծառայում է կաթիլային հեղուկի ճնշումային տեղափոխման համար։ Հեղուկի ոչ ճնշումային տեղափոխման համար ծառայող սարքերը սովորաբար պոմպ չեն անվանում և դասում են ջրամբարձիչ մեքենաների շարքը։ Պոմպի հիմնական պարամետրերն են. միավոր ժամանակում տեղափոխվող ջրի քանակը, զարգացվող ճնշումը, օգտագործվող հզորությունը և օ․գ․գ–ն։ Պայմանականորեն պոմպերը կարելի է բաժանել երկու խմբի, պոմպեր–մեքենաներ (աշխատեցվում են շարժիչներով) և պոմպեր–ապարատներ (գործում են էներգիայի այլ աղբյուրների հաշվին և չունեն շարժվող աշխատանքային մարմիններ)։ Պոմպ-մեքենաները լինում են թիակավոր (կենտրոնախույս, առանցքային, մրրկային), մխոցավոր, ռոտորային (շաղափային, թիթեղնավոր, պտուտակային ևն)։ Պոմպերի առավել տարածված տեսակը՝ կենտրոնախույս պոմպերը () ջրի, մածուցիկ և ագրեսիվ հեղուկների մատուցման համար։ Դրանց աշխատանքի հիմքում ընկած է պտտվող աշխատանքային անվից թիակների միջև գտնվող հեղուկի մասնիկներին կինետիկ էներգիայի հաղորդումը, որի շնորհիվ առաջացող կենտրոնախույս ուժի ազդեցությամբ մատուցվող միջավայրի մասնիկները տեղափոխվում են աշխատանքային անվից դեպի պոմպի իրանը, իսկ դրանց տեղը օդի ճնշման հետևանքով գրավում են նոր մասնիկներ։ Այդպիսով ապահովվում է պոմպի անընդհատ աշխատանքը։ Մրրկային և առանցքային պոմպերի գործողության սկզբունքը նույնն է, ինչ կենտրոնախույս պոմպինը։ Մխոցավոր պոմպերի (նկ․ 2) աշխատանքը հիմնված է միմյանց հաջորդող ներծծման և մղման պրոցեսների վրա, որոնք տեղի են ունենում պոմպի գլանում՝ աշխատանքային մարմնի շարժման շնորհիվ։ Ռոտորային պոմպերը հիմնականում կիրառվում են հեղուկի փոքր մատուցումների համար։ Ըստ աշխատանքային մարմինների կառուցվածքային առանձնահատկությունների տարբերում են ատամնավոր, պտուտակավոր, մղափականավոր և այլ ռոտորային պոմպեր։
    Պոմպ–ապարատների խմբին պատկանող շիթային պոմպերը բազմազան են և ունեն կիրառման լայն ոլորտ։ Այդ պոմպերում մղվող հեղուկի էներգիան մեծանում է ի հաշիվ մեկ այլ աշխատանքային միջավայրի էներգիայի։
    Պոմպերը կիրառվում են ոռոգման, ջրամատակարարման, հրշեջ, ջեռուցման համակարգերում, ՋԷԿ–երում և ԱԷԿ–երում, մեքենաշինության, շինարարության և այլ բնագավառներում։
  2. Փակ ծավալից գազերի դուրս մղման հարմարանք (տես Վակուումային պոմպ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոքմաջյան Վ․ Հ․, Տոռզյան Ռ․ Ե․, Հիդրավլիկական մեքենաներ և հիդրոհաղորդակներ, Ե․, 1976
  • Степанов А․ И․, Центробежные и осевые насосы, пер․ с англ․, 2 изд․, М․, 1960
  • Ломакин А․ А․, Центробежные и осевые насосы, 2 изд․, перераб․ и доп․, М․–Л․, 1966
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 374